Լրահոս
Օրվա լրահոսը

Ապազգայնացման «Քարտեզ»-ը. Մտորումներ «Իրական Հայաստան» գաղափարախոսության մասին

Ապրիլ 06,2026 16:45 Share

Ասում են՝ «Այն, ինչը ճկվում է, չի կոտրվում»։ Սա իմաստուն ասույթ է, կիրառելի կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ինքնիշխան պետությունների արտաքին քաղաքականության ռազմավարություններում։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր ամբողջովին «ճկվելու» մասին է, ենթադրաբար՝ կոտրվելուց խուսափելու համար։

Անցյալ գարնանը Ադրբեջանի ակնհայտ ներխուժման կանխումը խելամիտ քայլ էր, քանի որ Հայաստանը բոլորովին պատրաստ չէր ինքնապաշտպանության։ Նա մինչ այժմ էլ պատրաստ չէ, այդ իսկ պատճառով, «ճկվելը» թե՛ Հայաստանի, և թե՛ սփյուռքի մի շարք ներկայացուցիչների աչքին իմաստուն քաղաքականություն է թվում։

Սակայն այս քաղաքականությունն առավել չարագուշակ է դարձնում հետևյալը, որ այն ո՛չ թե սոսկ կարճաժամկետ մարտավարական քայլ է՝ ուղղված պետության գոյատևման ապահովմանը՝ ինչպես հաճախ ներկայացվում է հայկական քաղաքական խոսույթում, այլ հայ ազգի հավաքական հիշողությունն ու գիտակցությունը արմատապես և անդառնալիորեն վերափոխելու և ապազգայնացնելու փորձ։

Այլ բացատրություն այն բազմաթիվ միակողմանի զիջումներին, որոնք շատ ավելին են, քան անհրաժեշտ կլիներ ևս մեկ անհավասար պատերազմ կանխելու համար՝ չկա։ Այդ զիջումները թեև լավ հայտնի են, սակայն արժե դրանք ևս մեկ անգամ ներկայացնել.

. Ցեղասպանության մարգինալացումը և նույնիսկ կասկածի տակ դնելը

. Պատմական արդարություն հետապնդելուց պաշտոնապես հրաժարվելը

. Բաքվի զնդաններում գտնվող մեր հայրենակիցների անտեսումը՝ նրանց ծանր վիճակը բացառելով Խաղաղության բանակցություններից

. Խաղաղության օրակարգի վրա անընդհատ կենտրոնանալը, մինչդեռ Բաքվից հնչող «Արևմտյան Ադրբեջան» հռետորաբանությունը սաստկանում է, Հայաստանի ինքնիշխան ռազմավարական բարձունքների ավելի քան 200 քառ. կմ-ը մնում է օկուպացված ադրբեջանական ուժերի կողմից, իսկ մեր հայրենակիցները կեղծ դատավարություններում ցմահ դատապարտվում են.

. Ջնջվում են մեր հազարամյակների պատմություն ունեցող ազգային խորհրդանիշները, ինչպիսին է Արարատ լեռը, նույնիսկ առանց մեր հարևանների նկատմամբ տարածքային պահանջների որևէ ենթատեքստի,

. և բոլորովին վերջերս, ամենահին հայկական հաստատության՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ սանձազերծված արշավն ու գործունեության խաթարումը։

Հատկանշական է, որ Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ավանդական հայկական ոգին ոչնչացնելու իր ձգտումը։ Նա ակտիվորեն առաջ է մղում այն, ինչը կոչում է «ազգային նոր գաղափարախոսություն» կամ «Իրական Հայաստանի գաղափարախոսություն»[1], որը, ըստ իշխանությունների, մեր պետականության և ազգի մասին մտածողության մեջ «ավելի մեծ հեղափոխություն» է, քան 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը։

Նրանք, ովքեր հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին, ծանոթ են այն պատկերին, որտեղ Վարչապետը ձեռքին պահած թափահարում է այսօրվա Հայաստանի քարտեզի ոսկեգույն կտրվածքը՝ իր բոլոր 29 743 քառ. կմ-ով, և հայտարարում, որ հենց այն, և միայն այն է, ներկայացնում թե՛ Պետությունը, և թե՛ Հայրենիքը: «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը կենտրոնացած է բացառապես այդ քարտեզի վրա։

Գիտնականներն ու պատմաբանները հարկ չեն համարել անդրադառնալ այս նոր գաղափարախոսության մեջ արծարծված որոշակի պնդումներին, և որևէ նշանակալի հանրային արձագանք կամ քննարկում դրան չի հետևել։ Այնուամենայնիվ, այս երևույթին պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ, քանի որ տարրական ճշմարտությունները և դրանց հետ կապ չունեցող անհիմն եզրակացությունները միմյանց խառնելով՝ հնարավորություն է տրվում տարածել ապազգային գաղափարներ, որոնք կարող են տրամաբանական և գրավիչ թվալ չկասկածող հայ հասարակության նշանակալի հատվածին՝ թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս։

Նոր գաղափարախոսության ընտրված դրույթների համառոտագիրը ներառում է․

Հայրենիքը պետությունն է։ Սրա ենթիմաստն է՝ «և միայն պետությունը»։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգային ճանաչում ունեցող պետության՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության հետ։ Ուրեմն՝ եթե սիրում ես հայրենիքդ, ապա պետք է սիրես և ուժեղացնես այսօրվա հանրապետությունը։ Այստեղ նույնպես ենթիմաստն է «և ոչինչ ավելին»։ Գաղափարախոսությունը նաև պնդում է, որ համաժողովրդական հանրաքվեով նոր սահմանադրության ընդունումը վճռական նշանակություն ունի, քանի որ գործող Սահմանադրությունը կազմավորվել է հանրաքվեների միջոցով, որոնք օրինական չեն համարվում՝ պատկանելով մի համակարգի, որը ձևավորվել է պետականազուրկ ժողովրդի կողմից, մինչդեռ Հայաստանն այժմ ձգտում է վերափոխվել պետականակերտ ժողովրդի։

Այս փաստարկը այնքան շատ թերություններ ունի, որ անհնար է բոլորին անդրադառնալ։ Սակայն նախ նշենք դրա «հիմնական ճշմարտությունը»՝ պետականության կարևորությունը։ Սա է գրավիչ կողմը, քանզի այն համընդհանուր ընդունված արժեք է՝ նույնիսկ՝ և հատկապես՝ այս իշխանության խիստ ընդդիմախոսների կողմից։ Բայց պետությունը սիրելն ու հայրենիքի այսօրվա պետական սահմաններից դուրս գտնվող հատվածը սիրելն իրար չեն բացառում։ Ընդհակառակը՝ դրանք լրացնում են միմյանց և փոխադարձաբար ամրապնդում մեկը մյուսին։

Պետականությունը եղել է և պետք է լինի հայոց ազգի վերջնական ու բացարձակ արժեքը, որից այն չափազանց երկար ժամանակ զրկված է եղել։ Սակայն «հայրենիքի» գաղափարի շրջանակներից դուրս թողնել այն բոլոր ազգային շահերը, պատմությունը, ժառանգությունը, առաքելությունը, պատմական ինքնության ցուցանիշները և հայկական հոգևորության խորհրդանիշերը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում միջազգային ճանաչում ունեցող սահմաններից դուրս, ոչ թե «գաղափարախոսություն» է, այլ ծայրահեղ մինիմալիստական ժխտողականություն (դենիալիզմ)։

Հայոց ազգի պատմության ընթացքում պետականազուրկ շրջանները ավելի երկար են եղել, քան պետականություն ունենալու շրջանները։ Եթե ժողովուրդը այդ պետականազուրկ ժամանակահատվածներում չգոյատևեր, այսօր չէր լինի հայկական պետականություն։ Ներկայիս հանրապետությունը իր գոյությամբ պարտական է հայոց ժողովրդի տոկունությանը։

Այդպիսով՝ այն միտքը, որ պետականազուրկ ժողովրդից ժառանգած Սահմանադրությունն օրինականություն չունի, անհեթեթ է, և նույնիսկ կարելի է որպես վիրավորանք ընդունել պետականազուրկ հայերի նկատմամբ, ովքեր դարեր շարունակ՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների, պահպանել են իրենց ազգային ինքնությունն ու վառ պահել մի օր պետություն ունենալու ո՛չ միայն երազանքը, այլև առանձնահատուկ հնարավորությունը։

Ազգ և ժողովուրդ։ Ազգը, որը կազմված է էթնիկ հայերից, չունի քաղաքական ընդհանուր իրավունակություն, մինչդեռ Հայաստանի ժողովուրդը՝ կազմված ՀՀ քաղաքացիներից, քաղաքական իրավունակությամբ օժտված հավաքականությունն է։ Հայաստանի ոչ հայ քաղաքացիները մտնում են նրա ժողովրդի կազմի մեջ, իսկ ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայերը՝ ոչ։

Այստեղ «հիմնարար ճշմարտությունը», որը գործում է որպես խայծ, արտահայտության տեխնիկապես/իրավականորեն ճիշտ լինելու մեջ է։ Քաղաքացիները իսկապես սահմանվում են իրավական և քաղաքական եզրույթներով, մինչդեռ ազգի ներկայացուցիչները՝ ոչ, եթե տվյալ երկրի օրենսդրությունը, որտեղ նրանք բնակվում են և որի քաղաքացիություն ունեն, հատուկ դրույթներ չի ամրագրել նրանց իրավունքների վերաբերյալ՝ որպես ազգային փոքրամասնության։ Սակայն, ինչպես վերը նշված առաջին կետում, այս տեխնիկապես ճիշտ պնդման ենթիմաստը զրկում է պետությունը իր ազգային ժառանգությունից ու նկարագրից՝ այն հատկություններից, որոնք ազգը հարյուրամյակներով ջանացել է պահպանել և պաշտպանել, երբ այն պետականազուրկ էր։

Պետությունը որպես բարեկեցության գործիք։ Օգտագործվում է հայկական հայտնի «որտեղ հաց՝ այնտեղ կաց» ասացվածքը, ինչը ենթադրում է, որ եթե «հացը», այսինքն՝ բարեկեցությունը ապահովված լինի Հայաստանում, մարդիկ կմնան և չեն արտագաղթի բարեկեցիկ կյանք այլուր փնտրելու նպատակով։ Պետությունը ժողովրդի բարեկեցության փնտրտուքի արգասիք է, իսկ բարեկեցությունը՝ երջանկության հասնելու համար անհրաժեշտ պայման: Հաջորդ դրույթը հետևում է նախորդից՝ «Հարստացիր և հարստացրու»։ Լավ ապրելը, համաձայն մեկ այլ հայ ժողովրդական գազափարի, գերագույն նպատակն է։ Անհատը, հասարակությունը և պետությունը պետք է ներգրավված լինեն հարստանալու և իրար հարստացնելու գործընթացում՝ իրավական և արդար տնտեսական ու սոցիալական միջավայրում։

Այս դրույթներում «հիմնարար ճշմարտությունն» ու գրավչությունը «լավ ապրելու» հրապուրիչ կոչն է, որն ընդունելի է ցանկացած բանական էակի համար և, ինչպես նշվեց վերևում, հանդիսանում է հայկական ժողովրդական հոգեբանության մի մասը։

Նույնքան ճշմարիտ է հզոր ու զարգացած տնտեսության կարևորությունը։ Հայաստանը պիտի հարստանա, եթե հույս ունի ոչ միայն գոյատևել, այլև մրցակցել այս տարածաշրջանում։ Սակայն ասել «պետությունը ժողովրդի բարեկեցության փնտրտուքի արգասիք է» ոչ միայն բացահայտում է պետությունների ձևավորման գործընթացի լիակատար անգիտակցություն, այլև, ինչպես նախորդ կետերում՝ պարունակում է ենթագիտակցական ուղերձ՝ մոռանալու ազգային առաքելությունը, իրավունքները, պատմությունը, ինքնորոշման իրավունքը, անկախությունը և արժանապատվությունը՝ կենտրոնանալով միայն լավ ապրելու վրա։

Առաջին հանրապետությունը իր հիմնադիրների բարեկեցության փնտրտուքի արգասիքը չէր։ Այն իրենց ազգային ինքնորոշման, անկախության, սեփական պետությունում հայ լինելու ազատության ձգտման արդյունքն էր, այլ ոչ թե ուրիշի երկրում երկրորդական կարգի քաղաքացիներ լինելու։ Այն ծնունդ առավ Ցեղասպանության մոխիրներից՝ համարյա գերբնական քաջությամբ, տեսլականով և ազգային նպատակով։ Բարեկեցության որոնումը, ամենայն հավանականությամբ, ամենահեռու մտահոգությունն էր այն մարդկանց մտքերից, ովքեր 1918 թվականի գոյապայքարի թեժ պահին հիմնեցին առաջին հանրապետությունը, և բարեկեցությունը, լավագույն դեպքում, ընդունվում էր որպես անկախության ողջունելի հետևանք, այլ ոչ թե նրան հասնելու դրդապատճառ։

Թեև ներկայիս հանրապետությունը իր անկախությանը չհասավ առաջինի հերոսական պայքարով, այն, այնուամենայնիվ, առաջինի իրավահաջորդն է։ Այն նսեմացնել բարեկեցության փնտրտուքի արգասիքի աստիճանի ոչ միայն փաստացի սխալ է, այլ նաև զրկում է պետականությունը իր պատմական նշանակությունից՝ որպես առաջին հայկական պետություն 543 տարվա պետականազուրկ շրջանից հետո։

Մարդը բարձրագույն արժեք է։ Այս սկզբունքը անմիջապես հստակեցնում է, որ իր կենտրոնական միտքը մարդու կենսական կարիքներն են՝ այսինքն՝ կրկին լավ ապրելու գաղափարը։ Այն բացահայտ նվազեցնում է «բարձր քաղաքականության» ու «բարձր արժեքների» նշանակությունը, և պնդում է, որ հաճախ տեսադաշտից բաց են թողնվում մարդու ավելի հիմնարար կարիքները։  Այս հատվածը շտապում է ավելացնել, որ հիմնարար կարիքներից բացի մարդն ունի նաև հոգևոր և մշակութային կարիքներ, և թվարկում է հայ ժողովրդի՝ ՀՀ քաղաքացիների մի շարք ազգային արժեքներ։ Նշված արժեքներից շատերը ենթակա են մեկնաբանության՝ այն իմաստով, որ դրանք կարելի է բերել առաջնային պլան կամ հետ նետել՝ կախված տվյալ իրավիճակից։ Օրինակ՝ «Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը» նշված է որպես հայ ժողովրդի ազգային արժեքներից մեկը՝ երկրի կենսաբազմազանության և խոհանոցի հետ մեկտեղ, սակայն հստակ չէ, թե ինչպես է արտահայտվում սփյուռքի կարգավիճակը որպես հայ ժողովրդի ազգային արժեք։

Ռեֆլեքսիա։ Նոր գաղափարախոսության գուցե ամենաշփոթեցնող պնդումը վերաբերում է վերափոխմանը և ամեն ինչ կշռադատելուն։ «Ճշմարտությունը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, այլևս ճշմարտություն չէ, նպատակը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, ինքնանպատակ է, համոզմունքը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, նախկինից մնացած տպավորություն է, իդեալը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, թերի է»։

Սրանք կյանքի անմեղ փիլիսոփայության անվնաս մտքեր չեն։ Դրանք նախաբան են՝ հարցականի տակ դնելու բոլոր ազգային արժեքները, ձգտումները, նպատակները, համոզմունքները, պատմական փաստերը, պատմական իրավունքները, այդ թվում՝ փաստեր, ինչպիսիք են Ցեղասպանությունը։ Ճշմարտությունը, եթե այն իսկապես ճշմարտություն է, մնում է ճշմարտություն՝ անկախ նրանից՝ կշռադատվում է, թե ոչ։ Մի բան է կասկածի տակ դնել նախադրյալներն ու տեսությունները և դրանք ենթարկել գիտական հաստատման խիստ փորձության, և լրիվ այլ բան է փորձել հաստատել կամ հերքել փաստագրված պատմական ճշմարտությունը պարզապես «ռեֆլեքսիայի» միջոցով։ Ի՞նչ է նշանակում «թերի իդեալ»։ Եվ կոնկրետ ինչպե՞ս է հնարավոր «ռեֆլեքսիայի» միջոցով թերի իդեալը դարձնել «անթերի»։

Անկախության գաղափարը՝ սահմանված որպես կախվածություն շատերից՝ քչերից կախված լինելու փոխարեն, իրոք հետաքրքիր է և համահունչ է ինտեգրված, փոխկապակցված գլոբալ համայնքի անդամ լինելու պահանջների հետ։ Այն նաև ենթադրում է ռազմավարական դաշնակիցների բազմազանեցման ռազմավարություն, ինչը Հայաստանին անհրաժեշտ է և լիովին ճիշտ ուղղություն է։ Այստեղ միակ զգուշացումն այն է, որ անհրաժեշտ է շեշտադրել իրազեկ դիվանագիտության կարևորությունը՝ դաշնակիցների շրջանակը քչից դեպի շատեր ընդլայնելիս կամուրջներ այրելուց խուսափելու համար։

Խաղաղություն եւ Անվտանգություն։ Վերջապես, «Իրական Հայաստան» ազգային գաղափարախոսության ամենալուրջ թերացումը իր խաղաղության և անվտանգության ընկալման մեջ է։ Ես չեմ անդրադառնա այս հատվածում արված բոլոր պնդումներին, այլ կկենտրոնանամ միայն մեկի վրա՝ այն է՝ «Խաղաղությունն անվտանգության ամենահուսալի երաշխիքն է»: Ավելորդ է ասել, որ այս պնդումը ճշմարտությունից ավելի հեռու հնարավոր չէր լիներ։ Խաղաղությունը գրեթե երբեք չի երաշխավորել անվտանգություն։ Հակառակը ճիշտ է. երբ ազգային անվտանգությունը երաշխավորվի համապարփակ և առաջադեմ պաշտպանության համակարգի միջոցով, ապա խաղաղությունը հնարավոր կլինի։ Խաղաղությունը անվտանգության արդյունքն է, ոչ թե դրա պատճառը կամ երաշխավորը։ Այս թեման քննարկվում է սույն հատորում ներառված մի քանի հոդվածներում և հարցազրույցներում, և այստեղ չեմ խորանա դրանում։

Այս քաղաքականության ամենատարածված արդարացումը ազգային անվտանգությունն է՝ հիմնված այն փաստի վրա, որ կառավարությունը խաղաղության բանակցություններ է վարում ռազմական առումով շատ հզոր երկու հարևանների հետ: Այս արդարացումը հեշտութեամբ կարելի է հերքել, քանի որ զիջվում է շատ ավելին, քան անհրաժեշտ կլիներ մեկ այլ անհավասար պատերազմ կանխելու համար, և ինչպես նշվեց վերևում, սրանք ոչ թե պարզապես կարճաժամկետ մարտավարական քայլեր են, որոնք նպատակ ունեն ամրապնդել ազգային անվտանգությունը, այլ քայլեր են, որոնք հայերի հավաքական ինքնագիտակցությունն ապազգայնացնելու և  արմատապես վերափոխելու նպատակ են հետապնդում։

Պարադոքսալ կերպով «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» քարոզվում է այն ժամանակ, երբ հանրային գիտակցությունը թմրեցված է այդ գաղափարախոսության հետ կապ չունեցող մի շարք հաջողություններով։ Այս մոտեցումն արդյունավետ է, քանի որ հիշեցնում է թմրեցման (հիպնոսի) ժամանակ իրականացվող ներշնչանք։ Թմրեցնող հաջողությունների թվում են կրթության, առողջապահության, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում առաջընթացը, որոնք մեծամասամբ պայմանավորված են սփյուռքի նախաձեռնություններով, որոշ տեսանելի ենթակառուցվածքային ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհաշինությունը, Միացյալ Նահանգների հետ համագործակցության առաջընթացը և դեռևս չձևակերպված խաղաղության խոստումը։

Այստեղ կարևոր է ընդգծել, որ վերոհիշյալ բոլոր ձեռքբերումները կարող էին հավասարապես լավ, եթե ոչ ավելի լավ իրագործվել առանց նոր «գաղափարախոսության» հակազգային դրույթների, սակայն թե՛ կառավարությունը, թե՛ հանրության դյուրահավատ հատվածը կապում են այս երկուսը և դիտարկում որպես փաթեթային գործարք։ Այս ամենի հետևանքը՝ բոլոր ավանդական արժեքների և ձգտումների նկատմամբ ինքնավստահության կասկածի ստեղծումն է:

Ինքնիշխանության  վախճանական նպատակն ազգային ինքնորոշումն է՝ իր ամենալայն և խորքային իմաստով։ Այսինքն՝ ինքնորոշում, ազգի սեփական ներքին բնական էվոլյուցիայի և դինամիկայի միջոցով՝ արտաքին ճնշումներից և ազդեցություններից անկախ։ Հետևաբար, ինքնորոշումն ու ապազգայնացումը չեն կարող միասին գոյատևել։ Վերջինս հերքում է առաջինը։ Իրական ինքնորոշումից զուրկ ինքնիշխանությունը խաբկանք  է։ Եվ հենց այստեղ է ամփոփված «Իրական Հայաստան» գաղափարախոսության ներքին հակասությունը։

 

Վահան Զանոյեան

Ծանոթագրություն. Այս հոդվածի հիմնական մասը «Հայկական Իրավիճակը. 2018-2025» վերնագրով գրքի Հավելվածից է՝ հրատարակված 2025 թվականի հուլիսին, Երևանում։ Գրքում զետեղված են վերջին տարիների իմ հոդվածները և մի շարք ընտրված հարցազրույցներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930