Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել ենք ջերմ, ընկերական հարաբերություններ, հիմա մեր ընկերությունը չի շարունակվում»․ Հայկ Սարգսյան

Ապրիլ 06,2026 17:08 Share

«Մենք ունեցել ենք ջերմ, ընկերական հարաբերություններ մինչև 2018-ի մայիս ամիս, երբ վարչապետը դարձել է վարչապետ։ Ես իրեն համարել եմ իմ ավագ եղբայր, հարազատ եղբայր։ Վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունը չի կարող շարունակվել։ Եթե դու չես կարող քո ընկերոջն ամեն րոպե զանգել, կապը կորչում է, և ընկերությունը չի շարունակվում»,- լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան այն դիտարկմանը՝ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մասին կոշտ է արտահայտվում, այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Լուսանկարը՝ 2018թ.

Ըստ պատգամավորի՝ այն, որ իրենց ընկերական հարաբերությունները չեն շարունակվում, բնական է․ «Եթե առաջիկա 10-30 տարվա ընթացքում կլինի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը չի լինի վարչապետ, մենք էլի կլինենք ընկերներ։ Այժմ մեր ընկերությունը փաստացի չի շարունակվում»։

Հիշեցնենք, որ անդրադառնալով Հայկ Սարգսյանին ՔՊ նախընտրական ցուցակում չընդգրկելու մասին հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ ՔՊ վարչության նիստի ժամանակ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, որին հետևել են իրավական գործընթացներ։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու։ Սա պետք է պարզ լինի բոլորի համար»:

Այս առիթով պատգամավորն ասաց․ «Անցել են ամիսներ, իմ նկատմամբ քրեական գործ չկա, չի էլ կարող հարուցվել: Եթե լինի, պետք է լինի հնարովի գործ։ Հույս ունեմ, որ նման բան լինել չի կարող»։ Հայկ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չի ունեցել։

Լրագրողները փաստեցին՝ ԱԺ ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեցիք, թե փակ նիստում ձեզ ասել են՝ վարչապետ ես բերում մեզ վրա, և հետաքրքրվեցին՝ ովքե՞ր էին ասողները, Հայկ Սարգսյանը պատասխանեց․ «Ինչ եղել է փակ նիստում, թող մնա փակ նիստում։ Պետք էր ասել, որ նման վերնագրերի տեղիք չտար, որ մարդիկ չասեին՝ Հայկ Սարգսյանը դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի դեմ, ինտրիգներ սարքեին»։

Հայկ Սարգսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930