Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, որը երկար տարիներ հոգևոր ծառայություն է իրականացրել Քրեակատարողական հիմնարկներում, այսուհետ չի կարող մուտք գործել ՔԿՀ։ Նման որոշում է կայացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։
Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՔԿԾ-ից պարզաբանել են, թե Տեր Գրիգորի քաղաքական հայտարարություններն են պատճառը, որ արգելվել է նրա մուտքը ՔԿՀ։
«Տեր Գրիգորը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հնչեցրել է քաղաքական հայտարարություններ և իրականացրել քարոզչություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տեր Գրիգորն իր գործողությամբ խախտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ նախկինում տրված մուտքի թույլտվության նպատակները և պայմանները՝ 09.03.2026թ. Ե40/121527 գրությամբ այն դադարեցվել է»,- ասվում է Aysor.am-ին տրված պարզաբանման մեջ։
ՔԿՀ-ից նշել են, թե կարևորում և ապահովում են օրենսդրությամբ սահմանված ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց մտքի, խղճի և կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության իրավունքի իրացումը, կարող են կազմակերպվել կրոնական միջոցառումներ, պատիժ կատարող մարմին կամ հիմնարկ կարող է հրավիրվել հոգևորական, թույլատրվում է կազմակերպել կրոնական ծիսակատարություններ, օգտվել պաշտամունքի առարկաներից և կրոնական գրականությունից:
Կարդացեք նաև
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ դատապարտյալներից մեկը մոտեցել է Տեր Գրիգորին ու հարցրել, թե ինչո՞ւ են Հայ առաքելական սուրբ եկեղեցուն իշխանությունները նեղություն տալիս, Տեր Գրիգորն էլ, Հայր Իսահակի խոսքով, մի փոքր բուռն է արձագանքել։
«Տեր Գրիգորն անձերի անուններ չի նշել, վերաբերմունք է որդեգրել, դա ՔԿՀ-ում դիտարկել են որպես կողմ բռնել։ Եթե անգամ ընդունենք, որ Տեր Հայրը չարաշահել է իր լիազորությունները, Տեր Հոր հետ կարող էին խոսել, զգուշացնել, ինձ կարող էին ասել, որ զգուշացնեմ քահանային, բայց անմիջապես շրջաբերական են ուղարկել բանտեր, որ հետայսու Տեր Գրիգորի մուտքն արգելված է ՔԿՀ-ներ»,- մանրամասնեց Հայր Իսահակը։
Հայր Սուրբը նշեց, որ ամիսներ առաջ ՔԿԾ պետի հետ զրույց են ունեցել, նա նշել է, թե ազդակներ ունի, որ քահանաները քաղաքական հայտարարություններ են անում, Հայր Իսահակն էլ արձագանքել է՝ կոնկրետ անուններ թող նշվի, որ ինքը զրույց ունենա քահանայի հետ։
«Մեր զրույցից հասկացա, որ պետը մի տեսակ նեղացվածություն ունի ու կոշտ դիրքորոշման է հանգել, ասացի՝ ինձ անուն ասեք, որ ես զգուշացնեմ տվյալ քահանային, որ ավելի շրջահայց դրսևորում հանդես բերի»,- նշեց Հայր Իսահակը։
Հայր Սուրբը, երբ առաջին անգամ է մուտք գործել ՔԿՀ, ասում է՝ տարբեր մարդիկ են եղել, որ հայհոյանքին հարող բառապաշարով վերաբերմունք են արտահայտել իշխանությունների հասցեին, իսկ Հայր Իսահակը, ինչպես ինքն է նշում, քիչ է մնացել իշխանությունների դատապաշտպանը դառնար։
«Փորձել եմ հանդարտեցնել, փորձել եմ վերաբերմունք չորդեգրել, փորձել եմ խաղաղեցնել, որովհետև ինչ հարց էլ լինի՝ մենք՝ հոգևորականներս, մեկ դիտակետից չէ, որ նայում ենք»,- ընդգծեց Քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատուն։
Հայր Իսահակը զերծ է մնում գնահատական տալ՝ արդյո՞ք սա իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական արշավի մի մաս չէ։
«Որպես կանոն՝ խուսափում եմ գնահատականներ տալուց, թե ինչի հետ է կապված, Տեր Գրիգորը Մասյացոտնի թեմում է ծառայում, միշտ աչքի է ընկել ուղղախոս լինելով, իր խոնարհությամբ ու Աստվածասիրությամբ, հոգևորականները նույնպես տարբեր են, մեկը խոնարհ է, մյուսը՝ սիրառատ, մեկ ուրիշը՝ բուռն, շատ տարբեր են, Տեր Գրիգորն էլ, որպես կանոն, եթե նկատել է, որ մի բան անարդար է, պատճառաբանված չէ՝ դրա կողքով չի անցել, միշտ վերաբեմունք է որդեգրել։ 2011 թվականից այդ մարդը ծառայություն է իրականացնում բանտերում, վերջին հաշվով, կարելի էր այդ մարդու ծառայությունը հաշվի առնել, կարող էին ինձ գոնե ասել, որ զգուշացնեմ, որ ավելի զգույշ լինի, բայց դա չի եղել։ Տեր Գրիգորի ծառայությունն ավելի շատ է, քան ՔԿՀ-ներում ծառայություն բերող շատ անձերի ծառայությունը»,- ասաց Հայր Իսահակը։
Հոգևորականները շատ հաճախ են այցելում ՔԿՀ-ներ, քահանաները մշտական զրույցներ, բանախոսություններ են ունենում դատապարտյալների հետ։ Հայր Իսահակն ասում է՝ ժամանակին ՔԿԾ-ում այդ ամենի մասին լուսաբանվել է, բայց ադեն երկրորդ ամիսն է՝ ոչ մի բան չի լուսաբանվում։
«Այնպիսի տպավորություն է, որ մենք այնտեղ ներկա չենք։ Մենք մեր աշխատանքը բարեխղճորեն ենք կատարում, բայց ազդակներ ենք ստանում, չգիտեմ՝ այս ամենը ինչպես որակեմ»,- հավելեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը։
News.am–ի հետ զրույցում Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, որն արդեն 15 տարի է՝ այցելում է ազատազրկվածներին, ասել է.
«Մոտ մեկ ամիս առաջ ինձ զանգահարեց Քրեակատարողական ծառայության հոգեւոր առաջնորդ Հայր Իսահակը և ասաց, որ ՔԿԾ վարչության պետի տեղակալը զանգահարել է իրեն, ասել՝ տեր Գրիգորն այլևս չի կարող քրեակատարողական հիմնարկներ գնալ, որովհետև քաղաքականությունից է խոսում։ Փորձում ենք ճշտել՝ ի՞նչ հիմնավորմամբ, ո՞րտեղ եմ քաղաքականության մասին խոսում՝ ՔԿՀ–ներում, թե՞ հանրային խոսույթի մեջ։ Արդեն մեկ ամիս է՝ Հայր Իսահակը չի կարողանում կապի դուրս գալ նրանց հետ։ Եկեղեցին միշտ է խոսել հայրենիքի, ազգի, մեր ճակատագրի, արդարության, ազնվության, մարդասիրության մասին։ Եթե սա քաղաքականություն է, ապա ամբողջ ավետարանը քաղաքականությունից է խոսում։ Եթե այս ամենի մասին խոսելը քաղաքականություն է, ապա՝ այո՛, ես քաղաքականությունից եմ խոսում, և եկեղեցին ընդհանրապես պիտի քաղաքականությունից խոսի, որովհետև եկեղեցին մտահոգ է ազգի, երկրի, ժողովրդի ճակատագրով»,–նշեց Տեր Գրիգորը։
Տեր Գրիգորի խոսքով, իրեն նախ արգելել են «Նուբարաշեն» ՔԿՀ մուտք գործել, ապա շրջաբերական են իջեցրել, որով արգելել են նրան ընդհանրապես որևէ քրեակատարողական հիմնարկ մուտք գործել։
«Դժվարանում եմ ասել, նպատակն ինչն է, բայց կարող եմ ենթադրել․ աղոթքը, եկեղեցու գործունեությունը, մարդկանց հոգևոր առաջնորդությունը խաթարել, ինչպես բանակում խաթարվեց։ ՔԿՀ–ներում մարդիկ կան, ովքեր պահք են պահել, ծոմ են պահել, պիտի հաղորդություն ստանային, սպասում էին պատարագին, ամեն ինչը խաթարվեց։ Մարդիկ անհանգիստ վիճակի մեջ են, ասում են՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք, մեզ ո՞վ պիտի հաղորդություն տա։ Մարդկանց զրկել են իրենց հոգևոր կյանքն ապրելու հնարավորությունից։ Կարծում եմ՝ սա մարդու իրավունքների խախտում է։ Որևէ աղանդ զրկված չէ քրեակատարողական հիմնարկ այցելելուց։ Եթե որևէ դատապարտյալ դիմի և ասի, որ որևէ աղանդին է պատկանում, իրեն պետք է այցելեն, թույլ են տալիս։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցու առաջ փակել են դուռը»,–հավելեց Տեր Գրիգորը։
Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը նշեց, որ քահանաները քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն իրականացնելու համար պետությունից գումար չեն ստացել, ամեն ինչ իրականացրել են սեփական միջոցներով։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Քրեակատարողական ծառայության հոգեւոր առաջնորդ Հայր Իսահակին տեւական ժամանակ թույլ չեն տալիս մտնել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ Արգավանդի եկեղեցու հոգեւոր հորը՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, որն ավելի քան 15 տարի այցելում է ցմահ ազատազրկվածներին, վերջերս թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ առանց բացատրության:


















































