Ապրիլի 7-ին Արա Սարգսյանի 124-ամյակն է
ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան, ազգագրագետ Սերիկ Դավթյանը (1893-1978թթ.) մտերիմ է եղել տաղանդաշատ քանդակագործ, ՀՍՍՀ և ՍՍՀՄ Ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Արա Սարգսյանին (1902-1969թթ․): Դա եզակի մի բարեկամություն էր, որը պայմանավորված էր մարդկային և ընկերական ազնիվ զգացումով։ Երբ 1946թ․ վերջին Սերիկը վերադարձավ մագադանյան 10-ամյա աքսորից, Արա Սարգսյանը մեկն էր այն համարձակ անձանցից, որ չվախեցավ և խորհրդային այդ խառը տարիներին նեցուկ եղավ նրան մասնագիտական բնագավառում, խրախուսեց և քաջալերեց։ Տեսնելով Սերիկի գեղեցիկ ասեղնագործությունները նա հասկացավ, որ տառապանքներ հաղթահարած այս հայուհին ասելիք ունի հայ դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում։ Երախտաշատ քանդակագործը մի առիթով խոստովանել է, որ՝ «…Մեր կյանքին հմայք ու գեղեցկություն հաղորդողն այն մարդիկ են, որոնց մտքերը վեհ են ու պայծառ, հոգիները մաքուր ու ջինջ, սրտերը լայն…»։
Առանձին հրապարակումներով առիթ ունեցել եմ «Առավոտ»-ում անդրադառնալ երկուսի կենսագրությանն ու գործունեությանը։
Քանդակագործի մահից հետո Սերիկ Դավթյանը թղթին է հանձնում իր հուշերը նրա մասին, որը առաջին անգամ հրապարակվել է 1990թ.։
Կարդացեք նաև
Իր կյանքի հուշերը Ս․ Դավթյանը գրում է 1972-74թթ․ ընթացքում, երբ արդեն 80-անց պատկառելի տարիքում էր։ Իմաստուն, կյանքի փորձառություն ունեցող այս կինը, գիտեր՝ հուշեր կան, որ ամեն գանձից թանկ են և հարազատ են մնում ողջ կյանքում։
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ,
Սերիկ Դավթյանի կենսագիր
Արա Սարգսյանը Հայաստան եկավ Խորհրդային կարգեր հաստատվելուց անմիջապես հետո, տակավին երիտասարդ հասակում: Մենք ծանոթ էինք առաջին օրերից: Այն ժամանակ քիչ էին լուսավորության ասպարեզի, արվեստի մարդիկ, այնպես, որ բոլորը միմյանց ճանաչում էին: Նրանց առաջ ծառացած էին շատ հարցեր՝ Հայաստան երկիրը վերաշինելու, կյանքը կազմակերպելու, կարգավորելու, գեղեցկացնելու, երեխաներին, որբերին խնամելու, լուսավորություն տարածելու և շատ ու շատ հարցեր, որոնց շուրջ շարունակ տեղի էին ունենում խորհրդակցություններ: Այս կամ այն հարցի քննության ժամանակ միմյանց հաճախ էինք հանդիպում:
Արձանագործ Արա Սարգսյանը իր երկրի քաղաքացին էր: Իհարկե, նա զբաղվում էր առաջին հերթին մոնումենտալ արձանագործությամբ: Իր սիրած ասպարեզն էր, որին նվիրվել էր իր վառ երևակայությամբ, ավյունով ու թափով: Եվ միևնույն ժամանակ պրոպագանդում էր արվեստ, զեկուցումներ կարդում: Կազմակերպեց գեղարվեստական ինստիտուտ, որի ղեկավարն էր երկար տարիներ:
Մասնագիտացել էր Եվրոպայում, բարձր որակի արձանագործ էր, լուրջ, զարգացած, որակյալ արվեստաբան: Մեր միջև ստեղծվել էր բարեկամական ծանոթություն, միմյանց հարգելու փոխադարձ վերաբերմունք: Այսպես` տարիներ շարունակ: Ընկերների հետ կամ մենակ՝ հաճախ էի լինում նրա նորաստեղծ արվեստանոցում: Նստում էի մի տեղ և դիտում Արայի աշխատանքը: Լարված էր դեմքը, հայացքը: Տաղանդավոր ձեռքերը կարծես մասնակցում էին նրա խորաթափանց մտքերին և իրենք շարունակում գործը:
Մարտիրոս Սարյանի, Արա Սարգսյանի, Հակոբ Կոջոյանի տները, արվեստանոցները մոտ էին միմյանց: Ես լինում էի իմ բարեկամների մոտ: Երեքն էլ տարբեր էին իրենց տաղանդով, խառնվածքով, նախասիրություններով, մասնագիտությամբ, բայց նման էին ստեղծագործական ոգով, լարված աշխատանքով և շատ մեծ սիրով դեպի մայր հայրենիքը, մարդիկ, երեխաները:
Արա Սարգսյանի հետ ավելի մտերմացանք, երբ աշխատում էի ՀԿԿ ԿԿ-ում, նախ՝ Լևոն Արիսյանի ագիտպրոպ, հետո՝ դպրոցական բաժիններում. Լևոն Արիսյանը շատ բարձր էր գնահատում Արայի տաղանդը, գեղարվեստական ճաշակը, արվեստաբանի իմացությունն ու շնորհքը: Մենք հաճախ էինք հանդիպում բազմազան խորհրդակցություններում: Երբեմն որևէ կարևոր հարցով գնում էինք Հայաստանի շրջանները: Ճանապարհորդությունն անցնում էր հետաքրքիր, սրամտություններով ու խոր մտքերով լի մթնոլորտում։ Արան ուշադիր զննում էր ճանապարհի ամեն մի հատվածը, հիանում Հայաստանի բնությամբ, բարձրաբերդ լեռներով, Դիլիջանի տպավորիչ գեղեցկությամբ, մեղմ գրավչությամբ ու քնքուշ կանաչով: Մենք անպայման կանգ էինք առնում Սևանի ափին, նայում կղզու հետ միաձուլված վանքերին… Մի արևոտ օր Արիսյանը ինձ նստեցրեց տախտակամածին, առաջս չոքեցրեց Արային և մեզ լուսանկարեց իր նոր ձեռք բերած ապարատով: Այդ նկարը պահպանվել է:
1935թ. գնացքով գնում էինք Թիֆլիս, Անդրկովկասյան համագումարի: Գնացքում ուրախ եռուզեռ էր. բոլորի տրամադրությունը՝ բարձր: Ես և Արան մի կուպեում էինք: Երբ Լենինականն անցանք, ես ուզում էի պատրաստվել քնելու, բայց Արան խորհրդավոր կերպով, դանդաղորեն ասաց՝ ինչ քնել, դեռ պետք է ընթրենք:
– Այսպես ո՞ւշ:
– Ուշ չէ, իսկական ժամանակն է ու տեղը:
Նա վերևից իջեցրեց մի ճամպրուկ, դրեց աթոռակի վրա, բացեց ու կանոնավոր դարսած փաթեթները հանեց, շարեց սեղանին: Զանազան ուտելիքներ էին, որոնք անուշ բուրմունք էին տարածում: Ամեն ինչ գեղեցիկ էր դասավորված, որոշ հաջորդականությամբ, մաքուր: Երբ փաթեթները բացվեցին, ես զարմացած հարցրի՝ «Ժենյա՞ն է պատրաստել»:
– Եվ Ժենյան, և ես,– ասաց Արան:
Համով ընթրեցինք, թեյ խմեցինք: Ամեն ինչ կրկին դասավորեց ճամպրուկում՝ հրաժարվելով իմ օգնությունից: Լոռվա ձորն էր, մենք պատուհանից դուրս էինք նայում:
– Հայաստանի բնության ամենազարմանալի մասն է, վիթխարի լեռներ, թումանյանական հեքիաթի աշխարհը,– ասաց Արան՝ հիացած դիտելով լեռները, ձորը, գետը:
Համագումարին լուրջ էր, լսում էր լարված: Դիտում էր մարդկանց: Թուղթ ու մատիտ կար ձեռքին, գծում էր, նկարում: Դուրս էր գալիս, քայլում: Վերադարձանք Երևան:
***
Արան գործերով շատ էր ծանրաբեռնված, քաղաքների մոնումենտալ արձանագրություն, բարձրաքանդակներ, դիմաքանդակներ և այլն: Միևնույն ժամանակ շատ մոտ էր կանգնած թատրոնին, մասնակցում էր թատերական ձևավորումներին: Մանկավարժ էր, դասախոս, հասարակական գործիչ, կազմակերպված մարդ էր:
***
Անցան տարիներ, Արա Սարգսյանին երկար ժամանակ չէի տեսել: 1947 թվին աշխատում էի Դիլիջանի Ղ․ Աղայանի անվան քաղաքային գրադարանում, որին կից կազմակերպել էինք ինքնագործ խմբակներ՝ նկարչական, ձեռագործի, հայոց, ռուսաց, անգլերեն լեզուների, գրական և այլն: Նկարչական խմբակում երիտասարդները առաջին անգամ ծանոթանում էին յուղաներկի, ջրաներկի հետ: Խմբակի ղեկավարը նկարիչ Վանիկ Շարամբեյանն էր: Գնում էինք անտառ, որևէ տեսարան նկարում, ես էլ տեսարանը «նկարում էի» ասեղ թելով, ծաղիկներ էի ասեղնագործում:
Մի օր Մարտիրոս Սարյանը և Արա Սարգսյանը՝ իմ լավ բարեկամները, ինձ այցի եկան: Երբ նրանց ցույց տվեցի նկարչական խմբի աշխատանքները, շատ զարմացան, չէին հավատում, որ խմբակը նոր է սկսել աշխատանքները: Խնդրեցին, որ ցուցահանդես կազմակերպենք: Իրենք էլ մի քանի նկար վերցրին՝ Երևանում ցուցադրելու: Մարտիրոս Սարյանը ուղղակի պահանջեց, որ իմ աշխատանքները տանեմ Երևան, ժողստեղծագործության տուն: Արան էլ, Մարտիրոսի նման, քնքուշ կապերով էր կապված ինքնագործ արհեստավորների հետ: Իսկապես, այդ օրվանից՝ իմ աշխատանքներով կապվեցի ժողովրդական ստեղծագործության տան հետ:
1957 թ. փոխադրվեցի Երևան, իսկ 1958 թ. աշխատանքի անցա ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում, որպես կիրառական արվեստի սեկտորի վարիչ: Ավելի շատ առիթներ ունեցա հանդիպելու իմ մեծ բարեկամների հետ (ուսումնասիրում էի հայ ժողովրդի թողած գեղարվեստական արտադրանքի հազարավոր նմուշներ): Այդ հարցերը շատ էին հետաքրքրում Արային: Հայկական արվեստի նոր հայտնաբերված հնագույն նմուշները, պատառիկները շատ էին ուրախացնում արվեստագետին: 1963թ. պաշտպանեցի թեկնածուական դիսերտացիա՝ «Ակնարկներ հայկական ասեղնագործ արվեստի պատմությունից» թեմայով: Քննարկմանը մասնակցում էր նաև Արա Սարգսյանը: Մինչև հիմա էլ բառացիորեն հիշում եմ նրա գնահատականը իմ կատարած աշխատանքների վերաբերյալ: Նա ինձ շատ գովեց, ոգևորեց: Առհասարակ, իր համոզիչ գնահատականներով միշտ ոգևորում էր ինձ՝ նոր թափով խորանալու այդ բնագավառի ուսումնասիրությունների մեջ:
***
Դիլիջանի ամառանոցի անտառում մի ծառ կա, ծառի բնի վրա Արա Սարգսյանը մարդու գլուխ է քանդակել, ճյուղերը դարձել են թևեր, և թվում է, թե անտառից կենդանի մարդ է դուրս գալիս: Վաղուց է, որ Արան ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ամեն անգամ Դիլիջան գնալիս, անպայման, հենց առաջին օրը՝ այցելում եմ ծառին, որի վրա է Արայի քանդակած մարդու կերպարը, վերհիշում եմ Արային, թվում է, թե ինքն իրեն է քանդակել: Լավ եմ հիշում Արային՝ միշտ լավատես, ուրախ, սրամիտ, գեղեցիկ: Ուշադիր, բարյացակամ ժպիտով՝ միշտ պատրաստ օգնելու բոլորին:




















































