Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, օրն Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից նաև հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Մայրերին քաջ առողջություն և մայրության բերկրանքին սպասող կանանց ավետում մաղթելով՝ թարգմանաբար ներկայացնում ենք National Geographic-ի հոդվածներից մեկը, որը բացահայտում է մոր ու երեխայի զարմանալի կապը՝ նաև բջջային մակարդակում։
Լույս աշխարհ գալուց հետո էլ երեխան մնում է իր մոր մարմնի մի մասնիկը, և սա ամենևին էլ փոխաբերություն չէ, այլ կենսաբանորեն բացատրվող իրականություն։ Ամեն մի պտուղ իր բջիջների մի մասն ընկերքի միջոցով փոխանցում է մորը։ Այդ բջիջներն արյան շրջանառության միջոցով տեղավորվում են մայրական մարմնի տարբեր հյուսվածքներում՝ ուղեղում, վահանաձև գեղձում, կրծքագեղձում և այլուր՝ մնալով այնտեղ նույնիսկ այն բանից հետո, երբ երեխան ծնվել է, արել է իր առաջին քայլերը, սովորել է խոսել, գնում է դպրոց, աշխատում է և գուցե ինքն էլ արդեն ծնող է դարձել։ Այս մասին գիտնականները սկսել են խոսել 1970-ական թվականներից։
Այս երևույթը կոչվում է պտղային միկրոքիմերիզմ (foetal microchimerism)․ անվանումը կապվում է հին հունական դիցաբանության առասպելական քիմերայի՝ առյուծի, այծի, օձի մարմնով եռագլուխ հրեշի հետ։ Սակայն մարդկային «քիմերաները» ոչ հրեշավոր են, ոչ էլ առասպելական։ Ինչպես 2013 թվականին գրել է գիտական Կարլ Ցիմերը, «գիտնականները հայտնաբերել են, որ մեր մարմիններում գենետիկական բազմազանությունը զարմանալիորեն մեծ չափերի է հասնում»։ Օրինակ՝ երկվորյակները դեռևս մոր արգանդում են փոխանակվում բջիջներով։
Պտղից մորը բջիջների այս փոխանցումը տեղի է ունենում հղիության առաջին եռամսյակում, երբ ընկերքը կապվում է մոր արյան շրջանառության հետ։ Տեղափոխվող բջիջները հավանաբար ցողունային բջիջներ են, որոնք կարող են վերափոխվել տարբեր հյուսվածքների։ Թե ինչ հյուսվածքի կվերածվեն, թերևս կախված է նրանից, թե որտեղ կհայտնվեն։ Եթե, օրինակ, դրանք տեղակայվում են կրծքագեղձում, կարող են վերածվել կրծքագեղձի բջիջների։ Չնայած մոր իմունային համակարգը դրանցից շատերին հեռացնում է, այն բջիջները, որոնք ներթափանցում են հյուսվածքների մեջ, կարող են այնտեղ մնալ տարիներ, գուցե նույնիսկ տասնամյակներ՝ դառնալով մոր մարմնի անբաժան մասը։
Կարդացեք նաև
Իսկ ի՞նչ են անում այդ բջիջները
Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ պտղային բջիջները կուտակվում են վնասվածքների և վերքերի մեջ՝ խթանելով դրանց ապաքինման գործընթացը։ Դրանք հայտնաբերվել են նաև կանանց կեսարյան հատման տեղում գոյացած սպիներում։ Այդ բջիջները եղել են նաև կրծքագեղձի, վահանաձև գեղձի, ուղեղի, սրտի և մաշկի քաղցկեղային կամ հիվանդ հյուսվածքների, բայց ավելի հաճախ՝ առողջ, նորմալ հյուսվածքների կազմում։ Այս փոխանակման օգուտի և վնասի հարաբերակցությունը տարբեր հետազոտություններում տարբեր է (և քանի որ այս արդյունքները պարզապես համընկումներ են, հնարավոր է, որ բջիջներն ընդհանրապես ազդեցություն չունեն)։ Սակայն այս խճճված պատկերը հասկանալի է դառնում, երբ այն դիտարկում ենք էվոլյուցիոն կենսաբանության տեսանկյունից։
Արիզոնայի համալսարանից Էմի Բոդդին այսպես է բացատրում․ «Մայրերն ու երեխաներն ունեն ընդհանուր շահեր, բայց նաև հնարավոր հակասություններ, քանի որ նրանց գենոմները լիովին նույնը չեն։ Մոր համար կարող է օգտակար լինել իր ռեսուրսները հնարավորինս շատ երեխաների միջև բաժանելը, իսկ յուրաքանչյուր երեխայի համար առավել շահավետ է առավելագույն ռեսուրսներ հենց իր համար քաղելը»։
Այդ հակասությունները գիտակցված կամ հաշվարկված չեն։ Դրանք արտահայտվում են հորմոնային մակարդակի փոփոխություններով, կաթի կազմով, երեխայի լացով և ուրախությամբ։ Բոդդին և իր գործընկերները ենթադրում էին, որ այդ բջիջների միջոցով պտուղն անուղղակիորեն օգտագործում է մոր մարմինն իր օգտին։
Որոշ փոփոխություններ, օրինակ՝ վերքերի արագ լավացումը, օգտակար են նաև մոր համար։ Պտղային բջիջները կարող են խթանել մոր կաթնարտադրությունը։ Իսկ եթե այդ բջիջները կրծքագեղձում չափազանց արագ սկսեն բաժանվել, դա կարող է մեծացնել քաղցկեղի ռիսկը, ինչը, բնականաբար, լավ չէ մոր համար։
Նման բան կարող է տեղի ունենալ նաև վահանաձև գեղձի կազմում։ Պտղային բջիջների անկառավարելի բաժանումը կարող է բարձրացնել քաղցկեղի վտանգը։ Հետաքրքիր է, որ վահանաձև գեղձի քաղցկեղն այն տեսակներից է, որը կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում։
Բջիջների այս նուրբ հակամարտությունը շարունակվում է միլիոնավոր տարիներ, և հնարավոր է, որ մայրերն էլ զարգացրել են պաշտպանության իրենց միջոցները։ Օրինակ՝ կրծքագեղձի հյուսվածքները կարող են որոշ չափով նվազեցնել կաթի արտադրությունը՝ կանխատեսելով, որ պտղային բջիջներն այն կուժեղացնեն։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ


















































