Լրահոս
Օրվա լրահոսը

Հակասահմանադրական կետ ՔՊ ծրագրում

Ապրիլ 07,2026 10:00 Share

ՔՊ-ն աշխարհի միակ կուսակցությունն է, որն իր նախընտրական ծրագրով հայտարարել է, թե մտադիր է փոխել եկեղեցու ղեկավարին: Այդպիսի կուսակցություն մոլորակի վրա չի եղել, եւ Փաշինյանից հետո հաստատ չի լինելու:

Այսինքն՝ այսօր իշխող ուժը պատրաստվում է, վերարտադրվելու դեպքում, դարձյալ գործադիր եւ օրենսդիր մակարդակով քայլեր կատարել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման ուղղությամբ: Քայլեր, որոնք բացարձակապես չեն բխում այդ երկու, կամ որեւէ այլ պետական մարմնի լիազորություններից: ՔՊ-ի այդ ծրագիրը խորը հակասության մեջ է մտնում քաղաքակիրթ աշխարհում ընդունված եւ Հայաստանի սահմանադրության մեջ ամրագրված եկեղեցու եւ պետության՝ անջատ լինելու սկզբունքին: Հետեւաբար, հակասում է օրինականության եւ ժողովրդավարության նվազագույն պահանջներին:

Իշխանության խանդավառ կողմնակիցները դրա համար ունեն շատ «հզոր հակափաստարկ»՝ «բա ինչո՞ւ են նրանք՝ հոգեւորականները, խառնվում պետության գործերին, ինչո՞ւ են նրանցից ոմանք պահանջում իշխանափոխություն, չէ՞ որ ամեն ինչ պետք է փոխադարձ լինի»: Եթե նրանք իսկապես այդպես են կարծում, ապա պետք է հիասթափեցնեմ՝ այստեղ փոխադարձության սկզբունքը չի գործում:

Հոգևորականը, լրագրողը, նկարիչը, փականագործը՝ պետական պաշտոն չզբաղեցող ցանկացած մարդ, ցանկացած մասնավոր անձ իրավունք ունի անելու ցանկացած բան, որն արգելված չէ օրենքով: Այդ թվում, օրինակ, պահանջել վարչապետի հրաժարականը: Իսկ ահա պետական պաշտոնյան իրավունք չունի քայլեր իրականացնելու, ենթադրենք, որպեսզի ես հեռանամ թերթի խմբագրի պաշտոնից, որովհետեւ դա իր լիազորությունների մեջ չի մտնում:

Սահմանադրության 6-րդ հոդվածում հստակ ձեւակերպված է. «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք գործում են միայն Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»:

Ենթադրենք, դուք մարտնչող աթեիստ եք, կամ խորն ատելությամբ եք լցված Վեհափառի նկատմամբ: Դա տվյալ դեպքում որեւէ նշանակություն չունի: Եթե ձեզ համար կարեւոր են սահմանադրությունը եւ օրենքները, դուք պետք է դեմ լինեք մի իշխանության, որը իր նախընտրական ծրագրում բացահայտ հակասահմանադրական կետ է գրել:

…Էմանուել Մակրոնը, որքան հասկանում եմ, Փաշինյանի ջերմ երկրպագուն է: Մակրոնը ներկայացնում է մի երկիր, որը դեռեւս 1794 թվականին հռչակել է եկեղեցու եւ պետության բաժանում, իսկ 1905 թվականին դրան լիարժեք իրավական ձեւակերպում է տվել: Բայց Մակրոնը Փաշինյանին սիրում է, հավանաբար, ոչ վերջինիս «ժողովրդավարության» համար: Խնդիրն աշխարհաքաղաքական կողմնորոշումն է, որի վերաբերյալ ես, ճիշտն ասած, նույնպես կասկածներ ունեմ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930