Երբ իշխանությունը իրեն թույլ է տալիս թիրախավորել ընդդիմության ներկայացուցիչներին անձնական մակարդակում, դա փոխում է ամբողջ խաղի կանոնները։ Ընդդիմությունը այլևս չի դիտարկվում որպես համակարգի անհրաժեշտ բաղադրիչ, այլ ներկայացվում է որպես խնդիր, խոչընդոտ կամ նույնիսկ վտանգ, որը պետք է չեզոքացվի։ Այս մոտեցումը հանգեցնում է նրան, որ քաղաքական մրցակցությունը դադարում է լինել ծրագրերի և գաղափարների մրցակցություն և վերածվում է հակառակ կողմի վարկաբեկման և դուրս մղման գործընթացի։
Բայց եթե ներքաղաքական հարթությունում հռետորաբանության սրացումը, պիտակավորումը կամ մրցակցի նկատմամբ ագրեսիվ լեզվի կիրառումը կարող են ունենալ սահմանափակ և հիմնականում ներքին հետևանքներ, ապա նույն մոտեցումների կիրառումը արտաքին հարաբերություններում ենթադրում է ռեալ, չափելի և հաճախ անդառնալի վնասների ռիսկ, որովհետև այստեղ դիմացինը ոչ թե ներքաղաքական մրցակիցն է, այլ սուբյեկտ, որն ունի իր սեփական շահերը, լծակները և հակազդեցության կարողությունը։
Խնդրի առանցքային հանգամանքն այն է, որ արտաքին քաղաքականությունը կառուցված է բոլորովին այլ տրամաբանության վրա։ Այն ենթադրում է հաշվարկված քայլեր, լեզվական ճշգրտություն, բազմաշերտ բանակցային մշակույթ և ուժերի իրական հարաբերակցության սառը գնահատում։ Երբ այդ դաշտ է ներմուծվում ներքաղաքական «փողոցայնացված» լեզուն՝ հեգնանքը, մեծամտությունը, պոպուլիստական բառապաշարը, ստեղծվում է վտանգավոր դիսոնանս, որտեղ հայտարարությունները կարող են գերազանցել իրական հնարավորությունները, իսկ խոսքը՝ առաջ անցնել գործնական կարողություններից։ Սա հատկապես ակնհայտ է այն իրավիճակներում, երբ իշխանությունները փորձում են արտաքին դերակատարների հետ հաղորդակցվել նույն տոնայնությամբ՝ այնպիսի տպավորություն առաջ բերելով, թե խոսում են ներքին լսարանի հետ՝ կարծես արտաքին քաղաքականությունը նույնպես ենթակա է հանրային ազդեցության մեխանիզմներին։
Այս տրամաբանության վտանգավորությունն առավել հստակ դրսևորվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում, որտեղ առկա է ոչ միայն քաղաքական, այլև խորքային տնտեսական և էներգետիկ փոխկապվածություն։ Այս հարցում անտեսվում է այն հանգամանքը, որ հարաբերությունները կառուցված են ոչ թե հռետորաբանության, այլև փոխգործակցության և փոխադարձ ընկալումների վրա։ Էներգետիկ ոլորտում, օրինակ՝ գազի գնի հարցը պարզապես քաղաքական հայտարարությունների մակարդակի խնդիր չէ։ Այն ուղղակիորեն ազդում է տնտեսության մրցունակության, արտադրության ինքնարժեքի և քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Երբ քննարկումը իջեցվում է «եթե իրենք թանկացնեն, մենք դուրս կգանք այս կամ այն կառույցից (օրինակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ)» տրամաբանության մակարդակի, այն անտեսում է այն բարդ շղթան, որի միջոցով ձևավորվել է այդ փոխկապակցվածությունը, և որի կտրուկ խզումը կարող է բերել ոչ թե ազատության, այլ ճգնաժամի։
Կարդացեք նաև
Նույնը վերաբերում է նաև տնտեսական հարաբերություններին ավելի լայն իմաստով։ Եթե երկրի արտահանման զգալի մասը կապված է կոնկրետ շուկաների հետ, ապա այդ կապերի խզումը չի կարող փոխարինվել պարզ հայտարարությամբ, թե «կուղարկենք ուրիշ տեղ»։
Երբ արտաքին քաղաքականության բարդ հավասարակշռությունները ներկայացվում են որպես հեշտ լուծվող հարցեր՝ «դուրս կգանք», «կփոխենք ուղղությունը», «կգտնենք այլընտրանք» և նման այլ ձևակերպումների ներքո, ստեղծվում է կեղծ վստահություն, որը չի հիմնվում ռեսուրսների, հնարավորությունների և ռիսկերի իրական գնահատման վրա։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































