Գրել էինք, որ Գեղամասար խոշորացված համայնքի (2021թ. համայնքների խոշորացման ծրագրով միացվել է Վարդենիս համայնքին) նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը ճամբարափոխ է եղել։
Ավետյանը 2021թ. ընտրությունների ժամանակ աջակցում էր Ռոբերտ Քոչարյանի թիմին, սակայն վերջին շրջանում լծվել է իշխանության օգտին ձայներ հավաքելու գործին։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Ավետյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ ճամբարափոխ է եղել։
– Որքա՞ն ժամանակ է, որ սատարում եք ՔՊ-ին, ինչո՞ւ որոշեցիք նման անցում կատարել։
Կարդացեք նաև
-Մեկ տարուց ավելի է, որ սատարում եմ ՔՊ-ին, իմ այս որոշումը քաղաքական վերլուծությունների արդյունք է։ ՔՊ-ն թերություններ էլ է ունեցել, առավելություններ էլ, բայց այս պահին ինձ հետաքրքրում է ապագայի հետ կապված իրենց ծրագրերը։ Այդ ամենն ուսումնասիրելով սկսել եմ սատարել իրենց։
– Համայնքի ղեկավարի պաշտոնում դուք բացահայտ ընդդիմադիր էիք, հաճախ էիք քննադատում և մեղադրում իշխանություններին, ի՞նչը ստիպեց, որ փոխեք դիրքորոշումը։
– Այն ժամանակ պատերազմից հետո ստեղծվեց մի իրավիճակ, որ շոկի մեջ էինք և անհասկանալի ու նոր իրավիճակ էր, այդ ժամանակ ամեն ինչում ես մեղադրում էի կառավարությանը, բայց հետագայում իրենք ցույց տվեցին, որ աշխատանք են ուզում տանել այդ ամենը կարգավորելու շուրջ։ Ինձ մոտ տպավորություն է, որ այս պահին ընդդիմությունն ավելի շատ փորձում է խանգարել այդ ծրագրերին, իսկ մենք պետք է ոչ թե խանգարենք, այլ օգնենք կառավարության լավ ծրագրերին։ Մենք պիտի դրականն էլ տեսնենք ու սատարենք, ոչ թե քննադատենք։
-Տեղեկություն ունենք, որ դատարանի որոշմամբ մոտ 100 մլն դրամի չմարված պարտավորություն ունեք, որից 60 մլն դրամ պարտքը ներվել է, իսկ մնացածը մարելու համար տարաժամկետ մարման տարբերակ է կիրառվել։ Սա կապվա՞ծ է Ձեր այս քաղաքական որոշման հետ։
-Իմ պարտավորությունը բանկերի նկատմամբ է, իսկ բանկերն էլ անհատ կազմակերպություններ են, իսկ պետությունը բանկի հետ որևէ կապ չունի։ Իմ գրավը վերցրել է բանկը ու ես բանկի հետ պայմանավորվածություն ունեմ որոշակի ժամանակահատվածում մարել պարտքը։ Բանկի հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունքում տույժերն ու տուգանքները որոշակի զեղչվել են, բայց դա իմ ու բանկի միջև երկխոսության արդյունքում է եղել։
-Ձեզ համա՞ր էլ է Արցախի էջը փակված։
– Ոչ, ինձ համար ոչ մի անգամ էլ Արցախի էջը փակ չի եղել։ Եթե մենք այս դիրքում, այս պահին գնում ենք հաշտության, այսինքն, պարտավոր ենք պահանջներ չունենալ։
Արմինե ՆԱՎՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































