Լրահոս
Օրվա լրահոսը

Երկընտրանքը հետևյալն է՝ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանավարումը շարունակվի՞, թե՞ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյությունը. «Փաստ»

Ապրիլ 07,2026 11:40 Share

Ոչ առաջին անգամ քպականներն իրենց ղեկավարի գլխավորությամբ հայտարարում են, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը… Ադրբեջանն է: Կամ ավելի վատ՝ Թուրքիան: Թուրքիայի «երաշխավորած» անվտանգության հետևանքները Հայոց ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած այլ հայահոծ շրջանների տոտալ հայաթափումը, հայկական բազմահազարամյա պատմամշակութային ժառանգության հետքերի վայրագ ոչնչացումն են: Գումարած՝ շարունակվող թշնամական վերաբերմունքն ու քաղաքականությունը: Իսկ Ադրբեջանի կողմից «խաղաղության երաշխավորման» հետևանքները շատ ավելի թարմ են ու տակավին չսպիացած. Արցախի բռնի հայաթափում, Արցախում հայկական բազմահազարամյա պատմամշակութային ժառանգության վայրագ ոչնչացում: Բայց չշեղվենք, վերադառնանք ներկա:

Իսկ ի՞նչ է անում ներկայում Նիկոլ Փաշինյանը: Նախ՝ բացի այն, որ Հայաստանի քաղաքացիներին սպառնում է պատերազմով, եթե իրեն հունիսի 7-ին մերժեն, Փաշինյանը առկա իրավիճակը հանրության վրա սաղացնում է որպես «հարատև խաղաղություն»: Մինչդեռ այդ խախուտ խաղաղությունն անգամ որևէ լիարժեք փաստաթղթով ամրագրված չէ: Այն, ինչ ներկայացվում է որպես փաստաթուղթ, ընդամենը նախաստորագրված թղթի կտոր է: Էլ չենք ասում այն մասին, որ խաղաղությունները փաստաթղթերով չէ, որ երաշխավորվում են:

Լավ, բայց ի՞նչ ունենք, ինչպես ավում է՝ «գետնի վրա»: Իսկ գետնի վրա ունենք այն, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը ու դրա շարունակվելը ձեռնտու են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային: Ու նրանք ապահովում են Փաշինյանի իշխանության անվտանգությունը: Ու եթե քպականների հայտարարությունները դիտարկում ես այս լույսի ներքո, ապա նրանք նույնիսկ ճիշտ են ասում. Ադրբեջանն, այո, անվտանգության երաշխավոր է, բայց իրե՛նց անվտանգության, ոչ թե Հայաստանի:

Մինչդեռ հասկանալի է, որ եթե հունիսի 7-ին Փաշինյանը այս կամ այն կերպ պահպանի իշխանությունը, ապա բացի այն, որ դա աղետ կլինի Հայաստանի համար, նաև ադրբեջանական ու թուրքական «բարեհաճություններն» էլ կավարտվեն: Ու այդ ժամանակ արդեն վրա կհասնի վերարտադրվելու համար թուրքական ու ադրբեջանական «ներդրումների» դիմաց վարձահատույց լինելու ժամանակը: Արժե՞ ասել կամ թվարկել, թե Փաշինյանն ինչով կամ ինչերով է վճարելու Ադրբեջանին ու Թուրքիային:

Իսկ ընդհանրապես, առաջիկա ընտրությունների առանցքային կոնֆլիկտը, անկյունաքարային երկընտրանքը հետևյալն է՝ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանավարումը շարունակվի՞, թե՞ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյությունը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930