Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործընթացը հակաիրավական է՝ Ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից երկու ամիս առաջ»․ Ինչ փոփոխություններ է առաջարկում ՔՊ-ն

Ապրիլ 07,2026 12:09 Share

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում է նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը։

«Հրատապությունը կայանում է նրանում, որ այս տարվա հունիսի 7-ին նախատեսված են ԱԺ հերթական ընտրություններ։ Նախքան այդ ընտրությունները պետք են ընտրությունների կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել։ Երկու կոմպոնենտ ունի այդ նախագիծը՝ մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը։ Մյուսը վերաբերում է կուսակցությունների անվանումներին»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Արուսյակ Ջուլհակյանը (լուսանկարում)։

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձեւեր։ Առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։

Նշենք, որ կա մտավախություն, որ սա ուղղված է գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի դեմ, որի անվանումն է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ընդդիմադիր պատգամավորները միտում են տեսնում ՔՊ-ի այս գործողություններում։ Նրանք հայտարարեցին, որ սա Սամվել Կարապետյանի դեմ է։ Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորներն ընդդիմադիրներին կոչ արեցին «իրենց դարդը լացել»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց․ «Էն տպավորությունն է, որ նախորդ գիշեր նստել, ինչ-որ բան եք մտածել ու էնքան կարեւոր է… Եթե դա տեսնում էիք, մտավախություններ ունեիք եւ կարծում էիք, որ դա կարեւոր է՝ գալիք ընտրությունների օրինականությունն ու թափանցիկությունն ապահովելու համար, դրա համար պետք է ավելի շուտ ներկայացվեր, քննարկում լիներ, հիմնավորվեր, որ առանց այս փոփոխությունների աշխարհը շուռ կգա։ Էս ի՞նչ ա նշանակում՝ գիշերվա կեսին շրջանառվում ա, առավոտյան ներկայացվում ա, ինչո՞ւ։ Հիմնավորեք հրատապությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում.

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց․ «Այս գործընթացն ինքնին հակաիրավական է։ Կապ չունի, թե դուք ինչ պատճառաբանություն եք դրել, դուք Ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից երկու ամիս առաջ։ Եթե ինչ-որ մեկն ասում է՝ սա հիմնարար փոփոխություն չէ, լո՞ւրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժն արդեն հայտարարել է իր անունը, եւ հանկարծակի դուք օրենք եք ներկայացնում, որով սահմանափակվում ու արգելվում է դա անել։ Այստեղ չի կարելի քննարկել այս գործընթացի օրինականությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում.

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն  էլ հարցրեց հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանին․ «Պատրա՞ստ եք, օրինակ, հիմա տնային կալանքում գտնվող անձանց՝ քվեարկությանը, քարոզչությանը մասնակցելու արագ կարգավորում բերել, որովհետեւ սա խոսում է իրավունքի իրացման մասին, ոչ թե ինչ-որ սահմանափակումների»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930