Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուրգեն Խանջյանը դասականության ճանապարհը բռնած արվեստագետ է, որի ստեղծագործության հետ պարտավոր է հաշվի նստել ժամանակակից հայ գրականությոան ցանկացած հետազոտող». Կարեն Մանուչարյան

Ապրիլ 07,2026 12:40 Share

Լոռու մարզային գրադարանում օրերս տեղի ունեցավ հանդիպում հայ ժամանակակից արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Գուրգեն Խանջյանի հետ։

Միջոցառման կազմակերպիչը և վարողը գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Լոռու մարզային գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանն էր։

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը։ Նա նշեց, որ այս հանդիպումը բավականին սպասված էր ընթերցողների համար, շնորհակալություն հայտնեց հեղինակին և միջոցառման մասնակիցներին մաղթեց ակտիվ քննարկում։

Ապա Կարեն Մանուչարյանը փաստեց, որ Գուրգեն Խանջյանի ստեղծագործությունը հայ ժամանակակից գրականության անքակտելի մասն է, և անհնար է պատկերացնել հայ ժամանակակից գրականության ամբողջականությունը, եթե ծանոթ չես Խանջյանի երկերին։ Հետո նա գրողին ուղղեց առաջին հարցը. «Գրական երկի արարման գործում մեծ տեղ են զբաղեցնում և՛ ինտուիցիան, և՛ մտային, այսպես ասած՝ գիտակցական աշխատանքը։ Վերջինս կարելի է համարել նաև «արհեստային գործ»։ Գուրգեն Խանջյանի երկերում ինչպե՞ս են հարաբերակցվում այդ երկուսը»։ Հեղինակը նշեց, որ ինտուիցիան գրողի տաղանդի հիմնական ցուցիչն է, այն անհնար է սովորել, և իր երկերի մեծամասնությունն ունի ինտուիտիվ հղացում։ Այն ստեղծագործության նախապայմանն է, բայց բավարար չէ երկի ամբողջական կերտման համար։ Անգամ ամենահզոր ինտուիտիվ հղացումը կարիք ունի մտային, գիտակցված, «արհեստային» աշխատանքի։ Այս երկու գործընթացների ներդաշնակությամբ է պայմանավորված գրական երկի ձևաբովանդակային ամբողջականությունը։

Գրականագետի հաջորդ հարցին՝ «Քննադատությունը երբեք միանշանակ վերաբերմունք չի ցուցաբերել Ձեր երկերի նկատմամբ։ Դեռ ստեղծագործական կյանքի սկզբնական տարիներին Ձեր գրականության մասին հնչում էին և՛ դրական, և՛ խիստ բացասական կարծիքներ։ Ի՞նչ ազդեցություն է թողել Ձեր ստեղծագործական գործընթացի վրա այս երկբնույթ վերաբերմունքը», գրողը պատասխանեց, թե վերջին տասնամյակում քննադատությունն անհամեմատ ավելի դրական ու առողջ մոտեցումներ է ցուցաբերում։ Ինչ-որ չափով հասկանալի է որոշ պահպանողական քննադատների բացասական վերաբերմունքը, քանի որ նրանց սեղանին դրվել էր անսովոր գրականություն։ Ի դեպ, վերջինս միանգամայն ազատագրված էր կոմունիստական «բարոյախոսությունից», այլևայլ տաբուներից, բայց ժամանակի ընթացքում քննադատությունը գիտակցեց գրականության ոլորտում կայացած բեկումները, և այդ երկերը համարվեցին հայ գրականության փաստեր։

Այստեղ գրականագետը հավելեց, որ գեղարվեստի նորարարությունները գրեթե միշտ քննադատությունն ուշ է գիտակցում։ Պատճառներից մեկն այն է, որ շատ քննադատներ գեղարվեստական ստեղծագործությանը մոտենում են պատրաստի գործիքներով (տեսական-մեթոդական աշխատություններ, քննադատության ձևավորված չափանիշներ, թույլատրելիի արհեստածին սահմաններ)։ Եվ եթե գործիքները չեն աշխատում, քննադատները սկսում են հարձակվել ստեղծագործության վրա։ Իհարկե, չափազանց կարևոր են տեսական-մեթոդական աղբյուրները, բայց գրողը պարտավոր չէ մնալ դրանց ձևավորած պրոկրուստեսյան մահիճներում։ Իսկ քննադատն այդ դեպքերում պետք է ոչ թե մերժի նոր երկը, այլ ձգտի դրա «տեսական» վերաիմաստավորմանը՝ անհրաժեշտության դեպքում ստեղծելով նոր տեսություն։

Այնուհետև Հեղինե Հալիվորյանը հետաքրքրվեց, թե այսօր արդյո՞ք Խանջյանն աշխատում է նոր ստեղծագործության վրա։ Հնչեց պատասխանը, որ սկսել է գրել էսսեներ իր սիրելի արվեստագետների մասին։ Զրույցը կենտրոնացավ արձակագիր Ֆրանց Կաֆկայի և գեղանկարիչ Էդվարդ Մունկի շուրջ։ Այս հեղինակները լուրջ նշանակություն են ունեցել իր աշխարհայացքային առանձնահատկությունների ձևավորման գործում։ Կարեն Մանուչարյանն էլ հավելեց, որ հեղինակը «Տուր ձեռքդ, պստլո» վեպում այդ արվեստագետներին յուրովի «կցել է» միմյանց՝ Կաֆկային քայլեցնելով Մունկի կամրջով։

Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը մեջբերումներ կատարեց Գ. Խանջյանի «Շարժասանդուղք» և «Աղջիկը, ժամագործը, ես» պատմվածքներից։ Նա նշեց, որ գրողն ունի ինքնատիպ ձեռագիր, կարևորեց հատկապես «Շարժասանդուղք» պատմվածքի այն հատվածը, որտեղ խոսվում է առօրյա մանր հարցերում երջանկություն տեսնելու կարևորության մասին։

Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը խոսեց «Ենոքի աչքը» վեպի մասին և հետաքրքրվեց, թե, ըստ հեղինակի, ապագայում Գրոֆոյի՞, թե՞ Գոռի տիպն է գերիշխելու։ Ի պատասխան՝ Խանջյանն ասաց, որ Գրոֆոն հաղթել է նաև ներկայում։

Վալերի Փիլոյանը զրույց ծավալեց նաև արձակագիր Լևոն Խեչոյանի գրականության շուրջ։ Գուրգեն Խանջյանը պատմեց հետաքրքիր հուշեր, խոսեց Լևոն Խեչոյանի մարդկային բարձր տեսակի և գրական հզոր տաղանդի մասին։ Խեչոյանի արձակի մասին խոսելիս Խանջյանը կարևորեց հատկապես հզոր ռիթմը և պատկերների ռեալականությունը։

Միջոցառման մասնակիցները գրողին հղեցին բազմաթիվ հարցեր՝ կապված ազատության ըմբռնումների, Խորհրդային Միության նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխությունների, ստեղծագործությունների կենսական ազդակների, գրողի ներքին ես-երի պայքարի հետ։

Հանդիպման ընթացքում Գուրգեն Խանջյանը հանգամանորեն պատասխանեց բոլոր հարցերին։ Նա հերթական անգամ փաստեց, որ իր երկերի բոլոր կերպարներն իրենից մի մասնիկ ունեն։ Խոսեց նաև «Ենոքի աչքը» վեպի կերպարային համակարգի մասին։ Ընդ որում, Ենոքի նախատիպը գրողի պապն է, որն իր աչքը կորցրել էր փախեփախի ժամանակ։ Դեռ վաղ մանկությունից ապակյա աչքը առանձնակի տպավորություն է թողել ապագա գրողի վրա։ Վեպում տեղ են գտել նաև այդ պատանեկան արձագանքները։ Գրականագետ Մանուչարյանը բարձրաձայնեց, որ Գուրգեն Խանջյանը կարողանում է կենսափաստերը վերածել հզոր փոխաբերությունների և խորհրդանիշների։ Համաձայնելով հնչած մտքին՝ գրողը նշեց, որ կենսական նյութի բացակայության պայմաններում չէր կարող կերտել ոչ մի փոխաբերություն ու խորհրդանիշ, ապա հավելեց, թե «Ենոքի աչքը» վեպի երկու եղբայրները՝ Գոռը և Գրոֆոն, իր երկու ես-երի արտահայտություններն են։ Կերպարային այս բաժանումը «Ներսուդուրս» վեպում արտահայտվել է գլխավոր կերպարի ներքին տրոհումներով։

Հանդիպման ավարտին գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանը շնորհակալություն հայտնեց Գուրգեն Խանջյանին և ներկաներին՝ բովանդակալից ու հետաքրքիր քննարկում իրականացնելու համար. «Գրականագիտությունը վիթխարի աշխատանք է կատարել Գուրգեն Խանջյանի գրականության ուսումնասիրման դաշտում, բայց դեռևս կան չլուսաբանված տարածքներ, որոնք սպասում են նոր հետազոտողների։ Գուրգեն Խանջյանը դասականության ճանապարհը բռնած արվեստագետ է, որի ստեղծագործության հետ պարտավոր է հաշվի նստել ժամանակակից հայ գրականության ցանկացած հետազոտող»։

Սամվել Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930