«Ընտրություններից 2 ամիս առաջ իշխող ուժը վրիպակի անվան տակ փոխում է խաղի կանոնները»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին։
Մանրամասները՝ տեսանյութում.
Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձեւեր։ Առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Կա մտավախություն, որ այս փոփոխությունն ուղղված է գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի դեմ, որի անվանումն է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։
Կարդացեք նաև
Պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթում ասաց․ «Ընտրություններից երկու ամիս առաջ նման փոփոխությունն անելն անընդունելի է։ Իմ խորին համոզմամբ, եթե «Մեր ձեւով» շարժումը հունիսի 7-ին հասնի ֆինիշին, ապա ընդդիմադիր ուժերը հավաքական իմաստով հաղթանակ են տոնում։ Հետեւաբար, կա այնպիսի անհանգստություն, որ «Մեր ձեւով» շարժումը չի հասնելու ֆինիշին, այլ մայիսի կեսերին կամ վերջերին ինչ-ինչ հիմնավորումներով չեղյալ կհամարվի իր գրանցումը։ Այս հանգամանքի դեմն առնելու համար հենց «Մեր ձեւով» շարժումը պետք է նախաձեռնի ընդդիմադիր բոլոր ուժերի հետ միասին ընտրություններին միասնական ներկայանալու գործընթաց՝ ճակատի ֆորմատով, ինչը մենք առաջարկել ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն իր ելույթում ասաց․ «Ի՞նչ ենք անում մենք այսօր՝ մենք, օրինակ, արգելում ենք «Հայաստան դաշինք՝ Սաքուլիկի հետ» անվանումն օգտագործել կամ «Գոհարենց չամիչով բուլկի»։ Արդյոք այստեղ հետընթաց կա՞։ Մենք ասում ենք, որ գնում ենք դեպի ժողովրդավարություն, որտեղ ընտրություններն անձերի մասին չեն, այլ ծրագրերի մասին է, թիմերի մասին է»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ ամեն անգամ, երբ քաղաքական մեծամասնությունը պատրաստ չէ բովանդակային քննարկման, դիմում է ցինիզմին, փողոցախոսությանն ու խուժանախոսությանը։
«Փորձում եք թաքնվել տեխնիկական վրիպակներն ուղղելու քողի տակ, բայց իրականությունն այն է, որ մեծ փոփոխություն է, բացարձակապես քաղաքական է եւ բովանդակային։ Գործընթացն ինքնին հակաօրինական է եւ նաեւ հակասում է Վենետիկի հանձնաժողովի երաշխավորություններին»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ-ական Արփի Դավոյանն իր ելույթում ասաց․ «Այո, մենք թույլ չենք տալու եւ 2022 թվականին էլ ենք խոսել դրա մասին, որ ոմն անուն-ազգանունավորներ գան եւ փորձեն ինչ-որ դիվիդենտներ հավաքել ընդամենն իրենց անվան հետ կապված՝ չունենալով քաղաքական որեւէ հետագիծ ու սկզբունք։ Այո, այս օրենքը շատ կարեւոր է ժողովրդավարության հաստատման համար»։
Մանրամասները՝ տեսանյութում.
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Անձնավորման մասին եք խոսում, այսքան կարճ չպետք է լինի մարդու հիշողությունը։ Նիկոլ Փաշինյանի անունո՞վ չեք դուք ընտրություններին մասնակցել։ Պարոն Ալեքսանյան, ձեր խոսքն անգամ դասական միտք է դարձել՝ ուսապարկիզմի մասին, դուք էս ի՞նչ եք խոսում»։
Նախագծի համահեղինակ Արուսյակ Ջուլհակյանը, դիմելով ընդդիմությանը, ասաց․ «Ժողովրդավարությունը տեր ունի այս երկրում, դուք ձեր ծոծորակը կտեսնեք, բայց չեք տեսնի, որ նորից կվերազավթեք ժողովրդի իշխանությունը»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































