«Ահազանգ կա, որ պոլիկլինիկաներից շատ ուղեգրումներ անող բժիշկները ենթարկվելու են տուգանքի։ Այսինքն՝ ինչպե՞ս է վերահսկվելու այս գործընթացը, եւ բժիշկն ինչպե՞ս կարող է չուղեգրել, որպեսզի տուգանքի մատերիալ չդառնա»,- ԱԺ արտահերթ նիստում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին հարցրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Լենա Նանուշյանն այս հարցին չպատասխանեց։
Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց նաեւ պոլիկլինիկաների բուժաշխատողների վարձատրության հարցը։ «Ի՞նչ հաշվարկ է իրականացվել, որպեսզի բժիշկների խնդիրը կարգավորվի, եւ նրանք, աշխատանքի ծանրաբեռնվածությանը զուգահեռ, նաեւ պատշաճ վարձատրություն ստանան»,- հարցրեց նա։
Լենա Նանուշյանը (լուսանկարում) ասաց․ «Բոլոր հաշվարկներում մենք հաշվի ենք առել բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացված ցուցանիշներ։ Այսինքն՝ ըստ հաշվարկների՝ բուժաշխատողներն ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության եւ այն որակի վրա, որն իրենք կիրականացնեն»։
Կարդացեք նաև
«Տիկին Նանուշյան, ասում եք՝ պիտի ստանան բարձր աշխատավարձ, բայց փաստացի այդ մարդիկ 4 ամիս աշխատավարձ չեն ստացել, եւ սա համատարած է, ոչ թե մեկ պոլիկլինիկայի խնդիր է։ Այդ հաշվարկները ո՞նց եք արել, որ այս բժիշկների վրա չի տարածվել»,- հարցադրումը շարունակեց Թագուհի Թովմասյանը։
«Տիկին Թովմասյան, ինձ համար շատ տարօրինակ է, թե դուք ո՞նց եք հաջողացրել պոլիկլինիկայում մտնել այնպիսի երկու սենյակ, որտեղ աշխատավարձերի նվազեցում է գրանցվել։ Զարմացած եմ, մենք էլ ենք բազմաթիվ սենյակներ մտնում, եւ բոլոր սենյակներում բոլորի մոտ գրանցվել է բարձրացում։ Եվ ընդհանրապես ես չեմ տեսնում, որ դուք քաղաքացիների շահը նույնպես բարձրաձայնեք»,- ասաց Նանուշյանը։
Պատգամավորները նաեւ հարց բարձրացրին, թե առողջության համընդհանուր ապահովագրության հարցով ինչ է սպասվում հունիսից հետո։ «Ձեր բոլոր բյուջետային հատկացումները եւ պատկերացումները վերաբերում են այս տարվա առաջին կեսին։ Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է սպասվում տարվա երկրորդ կեսին, ապահովագրական համակարգն արդյոք շարունակելո՞ւ է այս տեմպով ու պայմաններով աշխատել»,- հարցրեց Թագուհի Թովմասանը։
«Օրենքն ընդունված է, եւ ինքը փուլային ներդրվելու է։ Ես այդտեղ որեւէ ռիսկ չեմ հասկանում՝ ձեզ մոտ ինչո՞ւ է առաջանում»,- արձագանքեց Նանուշյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց․ «Այսպիսի պնդում ու տարածում կա հատկապես տարեց բնակիչների մոտ, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու է, որի պատճառով շատ մեծ հերթեր են գոյանում պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում։ Դուք այդ փաստի հետ առնչվել եք, թե՞ չէ»։
Լենա Նանուշյանն ասաց, որ իրականում բավական մեծ ապատեղեկատվություն է տարածվում։ «Բայց պետք է կրկնվեմ, որ օրենքն ընդունված է, եւ ապահովագրական համակարգը շարունակելու է գործել։ Ավելին, յուրաքանչյուր տարի նոր խմբեր են ավելանալում՝ մինչեւ 2028 թվականն ընդգրկելով մեր ամբողջ բնակչությունը։ Ինչ վերաբերում է հերթերին, կարծում եմ՝ տարիների ընթացքում մարդկանց մոտ առողջական խնդիրներն այնքան են կուտակվել, որ գուցե այս սկզբնական շրջանում իրենք փորձում են միանգամից լուծել խնդիրները։ Եվ դա է բուժաշխատողների ծանրաբեռնվածության ու հերթերի պատճառը»,- նշեց փոխնախարարը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































