«Սա պրիմիտիվ վախի դրսևորում է։ Վերջերս գործող իշխանության ղեկավարը հաճախ խոսում է ուժեղ տղերքի մասին։ Բա ուժեղ տղերքն արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ ընտրական օրենսգրքի փոփոխությու՞ն են անում՝ Սամվել Կարապետյան անուն ազգանունը չօգտագործելու համար»,- ՀՀ խորհրդարանի դիմաց հրավիրված հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա փաստեց՝ մարտի 31-ին հրապարակային փաստ էր, որ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը մասնակցում է այդ անվանվամբ․ «Իրավական նշանակություն ունեցող փաստ էր։ Այն աստիճան ապօրինություն է տեղի ունենում, որի նախադեպը չի եղել, պայքարել անվանման դեմ՝ իսկապես նորարարություն է։ Ես եվրոպական երկիր չեմ պատկերացնում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով համապատասխան հայտերը ներկայացնելուց ժամեր առաջ ներկայացնում է ընտրական օրենսգրքի նման սուբստանտիվ՝ հիմնավոր, բովանդակային փոփոխություն, Վենետիկի հանձնաժողովը նման վարքագիծն արգելում է»։
Ըստ Արամ Վարդևանյանի՝ սա ընտրական համակարգի հավասարության խաթարում է․ «Ինչ է, թե ունեն նման վարչական լծակներ, միջամտում են ընտրական գործընթացներում հավասարությանը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ»։
Կարդացեք նաև
Արամ Վարդևանյանը շեշտեց՝ օրենքի նախագծի անցումային դրույթով արձանագրել են, որ այս փաթեթն ուժի մեջ է մտնում հրապարակումից անմիջապես հետո. «Այս ձևակերպումն օգտագործվում է ռազմական դրությունների, արտակարգ իրավիճակների, արհավիրքների դեպքում։ Հետևաբար օրվա իշխանությունների համար «Սամվել Կարապետյանի հետ դաշինք» բառերը կարելի է նման համեմատությամբ անցկացնել»։
Արամ Վարդևանյանը փաստեց՝ հավասարության սկզբունքը հիմնարար խաթարվել է․ «Իրենք չեն էլ թաքցնում․ մարդիկ ուղիղ ասում են, թե սա ինչի համար է արվում։ Իրենք այս պահի դրությամբ ունեն սահմանադրական օրենք փոփոխելու համար անհրաժեշտ ձայներ, անում են։ Դրա դեմ լավագույն հակազդող գործիքը ժողովուրդն է՝ իր իշխանության իրացմամբ»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե՝ թող Սամվել Կարապետյանը մտնի ուղիղ եթեր և ուղերձով հանդես գա, Արամ Վարդեւանյանն ասաց, որ նա այդ իրավունքը չունի ու պարզաբանեց․ «Երևի թե քննչական կոմիտեն այս անգամ չի հասցրել տեղեկությունը փոխանցել գործադիրին, այս անգամ հակառակն է տեղի ունեցել։ Նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննիչը թույլ է տվել Սամվել Կարապետյանին հրապարակային ելույթ ունենալ, մինչդեռ մենք դրա մասին տեղեկություն չունեինք։ Երբ ստացանք որոշումը, պարզվեց՝ ոչ թե քննիչը թույլ է տվել Սամվել Կարապետյանին ուղիղ եթեր մտնել, տեսաուղերձներ հրապարակել, այլ բացառապես մեկ տեսաուղերձ հրապարակել ժամանակային սահմանափակմամբ՝ մինչև մարտը 27-ին։ Մարտի 23-ին որոշումը ստանալով՝ դիմել եմ քննիչին՝ քանակական սահմանափակումը վերացնելու համար։ Ի՞նչ է նշանակում մեկ տեսաուղերձ, երբ գործադիրի ղեկավարն ասում է՝ անսահման տեաուղերձներ, նույնիսկ ուղիղ եթեր։ Քննիչն իմ միջնորդությունը թողել է առանց քննության, դիմել եմ դատախազին, խնդրել, որ բավարարի նշված միջնորդությունը։ Դատախազն ուրբաթ գործն ուղարկում է դատարան, բայց մինչ այս պահը չեմ ստացել համապատասխան որոշում իմ բողոքի վերաբերյալ։ Թեկուզ նույն օղակով լինի, սկզբից Նիկոլ Փաշինյանը դրա մասին հայտարարություն անի, հետո ես որոշումը ստանամ, բայց թող պատասխանեն իմ միջնորդությանը»։
Հստակեցմանը՝ Սամվել Կարապետյանը չունի՞ տեսաուղերձի, հարցազրույցի հնարավորություն, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Այո, իհարկե, չունի»։
Հրատապ մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































