Նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի սահուն կիրարկման եւ ընդհանուր տրամաբանության ապահովման անհրաժեշտությամբ: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ապրիլի 7-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը հայտնել է, որ նախագծով բովանդակային փոփոխություններ չեն նախատեսվում: Մասնավորապես, առաջարկվում է որոշ հստակեցումներ կատարել օրենքում` կապված անցումային ժամանակահատվածում բուհեր ընդունելության կարգի հետ: Նշվել է, որ բուհեր ընդունելության նոր կարգը գործելու է 2029-2030 ուսումնական տարում:
Ըստ հիմնավորման` նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել կարգավորումներ, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների բնականոն ընթացքին, մասնավորապես` գիտական կազմակերպությունների եւ բուհերի գործադիր մարմինների ընտրության պարագայում առավել մրցունակ պայմանների, բաց, թափանցիկ մեխանիզմների երաշխավորմանը` այդ գործընթացի համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ, ինչպես նաեւ բուհերի բակալավրի կրթական աստիճանում ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը` մինչեւ օրենքով նախատեսված նոր կարգավորումների կիրառումը:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Կարդացեք նաև
ԱԺ


















































