«Գիտեք, քաղաքական հայտարարություն է, էլի․․․ մաֆիոզները-չմաֆիոզները․․․ Դե հիմա, պայմանական նախարարին պարգեւավճար տալը, էդ միջո՞ց է, որպեսզի էդ նախարարն ընտրի ՔՊ-ի՞ն։ Ենթադրենք, ՔՊ-ական նախարարը պարգեւավճար ստացավ, որ պարգեւավճար չստանար, չէր ընտրելո՞ւ ՔՊ-ին․․․ ոնց որ, մի քիչ․․․»,- խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Լրագրողի հարցը վերաբերում էր պետական ապարատում բարձր պարգեւավճարներին եւ կենսաթոշակների բարձրացմանը, որոնք հանրային ընկալումներում ընտրակաշառք են որակվում։ Մանավանդ, որ այդ մասին ահազանգել է նաեւ «Թրանսփարենսի ինթերնեյլնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։ Լրագրողը նաեւ հիշեցրեց՝ առժամանակ առաջ բարձր պարգեւավճարները Նիկոլ Փաշինյանը բացատրում էր թիմի լավ աշխատանքի համար նախատեսված խրախուսում, իսկ օրերս, հանդիպումներից մեկի ժամանակ, քաղաքացուն ասել էր՝ բարձր պարգեւավճարներ են տալիս նախարարներին, որ «մաֆիոզները նրանց չտանեն»։
Դանիել Իոաննիսյանը հիշեցնում է՝ ընտրակաշառքը՝ քվեի պայմանավորվածության դիմաց տրվող գումար, արտոնություն է կամ դրա խոստումը․ «Կարա լինի բյուջեի հաշվին ընտրակաշառքը։ Եթե վաղը կառավարությունը որոշի, որ, օրինակ, բոլոր այն ընտրողներին, որոնք խոստանում են ՔՊ-ին ընտրել, տալիս է մարդա հազար դրամ կամ հազար յուան, դա ընտրակաշառք կլինի։ Բայց դա (թոշակի բարձրացումը-Ն․ Գ) ընտրակաշառք չի։ Բոլոր թոշակառուների հետ պայմանավորվածություն կա, որ ՔՊ-ին են ընտրելո՞ւ։ Չկա, չէ՞։ Դա ընտրակաշառք չի։ Հիմա ես խոստանում եմ, որ ընտրվելու դեպքում թոշակները կբարձրացնեմ, իսկ դուք իշխանություն եք եւ թոշակները բարձրացնում եք․ սրանք համանման արարքներ են եւ այս արարքներից ոչ մեկ հանցագործություն չի։ Այս արարքները կարող ենք բնութագրել, որպես պոպուլիզմ, օրենսդրության բացից օգտվել։ Օրինակ, Մեծ Բրիտանիայում արգելված է՝ ընտրություններից առաջ սոցիալական ծրագրերն ավելացնել։ Հայաստանում արգելված չի, անում են»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































