ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաեւ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, հիմնական զեկուցողն էլ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էր: Նա ասաց, որ համագործակցել են Արդարադատության նախարարության եւ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի հետ, արվել են մի քանի տեխնիկական շտկումներ, ու մեկ բովանդակային փոփոխություն են առաջարկում ներառել նախագծում:

Օրակարգի մյուս հարցը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2025թ գործունեության եւ Տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումն էր, որը ներկայացրեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նա, ցուցադրելով տարեկան հաղորդումը գրքույկի տեսքով, ասաց, որ թղթի խնայողության նպատակով տեղեկատվության մի մասը ներկայացրել են QR կոդերի միջոցով:
Տիգրան Հակոբյանը, անդրադառնալով մամուլի ազատության ցուցանիշին, ասաց, որ տեսալսողական մեդիան Հայաստանում ազատ է. «Տեսալսողական մեդիան, այսինքն այն հեռարձակողները, որոնք գտնվում են մեր հանձնաժողովի կարգավորման ներքո, ազատ են: Մենք խոսում ենք պետություն-իշխանություն-մեդիաներ հարաբերությունների մասին: Բնականաբար, չենք կարող ոչինչ ասել սեփականատեր, գովազդատու, հիմնադիր եւ մեդիա հարաբերությունների մասին, որտեղ, բոլորս շատ լավ հասկանում ենք, որ վիճակը շատ տխուր է, սակայն որեւէ լիազորություն՝ միջամտելու այդ հարաբերություններին, ըստ օրենսդրության չունենք:
Կարդացեք նաև
Այն ազատությունը, որի մասին ես ասում եմ, երաշխավորվում է ե՛ւ Սահմանադրությամբ, ե՛ւ Տեսալսողական մեդիայի մասին օրենքով, եւ ի վերջո հանձնաժողովի կազմի շնորհիվ, նաեւ այսօրվա իշխանության որդեգրած քաղաքականության եւ հարաբերությունների առումով: Բնական է՝ այդ սկզբունքներից շեղվելու փորձեր էլ են լինում, սակայն մենք համատեղ ուժերով ամեն ինչ վերադարձնում ենք իր տեղը»:
Անդրադառնալով իր ձեւակերպմամբ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ազատ, անկաշկանդ աշխատելու ունակությանը, Տիգրան Հակոբյանը նշեց. «8-րդ անգամ պետք է ասեմ, որ մենք գործելու ենք եւ թափանցիկ, եւ հաշվետու, եւ անաչառ: Եվ եթե մենք հանում ենք շահարկումները մեր գործունեության նկատմամբ, ապա լուրջ բողոքներ այս մեկ տարվա մեջ ոչ մամուլում, ոչ հանրային դաշտում չեն եղել»: Խնդիրները մատնանշելիս էլ ասաց, որ տեսալսողական մեդիան համակարգային ճգնաժամի մեջ է:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը ի թիվս այլնի նշեց նաեւ, որ 2025թ. դրությամբ կա 94 լիցենզավորված կազմակերպություն, որը 6-7-ով պակաս է նախորդ տարվանից. «Ամենամեծ անկումը եղել է ցանցային օպերատորների բնագավառում. եթե 2024թ դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել ենք 63 ցանցային օպերատոր, ապա 2025թ դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ընդամենը 53 ցանցային օպերատոր, ինչը կապված է եւ կոշտ մրցակցության հետ, եւ ցանցային օպերատորների մուտքով մարզեր, նաեւ այլ խնդիրներով»:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդման մեջ ներկայացված էին նաեւ այն խնդիրները, որոնք լուծում չստանալով՝ վտանգում են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությունը, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծում տարբեր հարթակներում գործող տեսալսողական մեդիայի համար, նվազեցնում կարգավորող մարմնի գործունեության արդյունավետությունն ու հանրային նշանակությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































