ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումը
Ինչի՞ մասին է Ընտրական օրենսգրքի այսօրվա փոփոխությունը։
Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրության 89-րդ հոդվածը սահմանում է․ «Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով»։ Ինչո՞ւ է սա կարևոր։
Անկախության տարիներին Հայաստանում ձևավորվել էր միջավայր, որի ընդհանուր նկարագիրը խտացված կարելի է ձևակերպել այսպես․ քաղաքական ընտրությունների ժամանակ քաղաքացիները ընտրում էին ոչ թե քաղաքական օրակարգերի, այլ կլանների, ցեղերի, ֆեոդալների, տեղական իշխանիկների միջև։
Իհարկե քաղաքական գործչի անձնական հեղինակությունը նույնպես կարևոր է, բայց այս պրակտիկան այնքան էր խորացել, որ քաղաքական օրակարգերը ոչ միայն մղվել էին երկրորդ պլան, այլ նաև ընդհանրապես որևէ նշանակություն չունեին։ Պատահական չէ, որ որոշ կուսակցություններ ընտրություններին ընդհանրապես մասնակցում էին առանց ծրագրերի։ Մեծամասնական ընտրակարգի իմաստը, այնտեղ, որտեղ դա կա, ներկայացուցչությունն է, ոչ թե ֆեոդալությունը։ Մի բան, որին հայաստանյան քաղաքական մշակույթը այդպես էլ չհասավ։
Կարդացեք նաև
Սահմանադրորեն մեծամասնական ընտրակարգի անցնելով Սերժ Սարգսյանը, օգտագործելով ռեյտինգայինի հնարքը, պահպանեց մեծամասնական ընտրակարգը։ 2021 թվականին խորհրդարանը փոխեց ձևով մեծամասնական, բովանդակությաբ ընտրակարգը և ընտրությունները դարձրեց մաքուր համամասնական, այսինքն՝ հնարավորինս քաղաքական։ Սակայն քաղաքական ուժերը շարունակեցին լայնորեն կիրառել մեծամասնական տրամաբանությունը՝ իրենց քաղաքական ուժերը պարզապես իրենց թեկնածուների անունները դնելով։
Վստահ եմ՝ շատերիդ ծանոթ կլինեն համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած այս ուժերից առնվազն մի մասի անունները․ «Ծառուկյան» դաշինք, «Առուշ Առուշանյան» դաշինք, «Բալասանյան» դաշինք, «Ահարոն Խաչատրյան» դաշինք, «Կարեն Եղիազարյան» դաշինք, «Դավիթ Հարությունյան» դաշինք, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք, «Գագիկ Մաթևոսյան» դաշինք, «Վարդան Պապյան» դաշինք, «Մամիկոն Ասլանյան» դաշինք, «Շանթ» դաշինք, «Սարգիս Մուրադյան» դաշինք, «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինք, «Դավիթ Մինասյան» դաշինք, «Դավիթ Համբարձումյան» դաշինք, «Օհանյան-Օսկանյան-Րաֆֆի» դաշինք և այլն։ Վստահ եմ նաև քչերը և եզակի դաշինքների դեպքում կարող են հիշել, թե այս ուժերից որը ինչ քաղաքական օրակարգ է ունեցել։
Այս է պատճառը, որ 2021 թվականին ԸՕ փոփոխություններով խորհրդարանը արգելեց դաշինքներին (կուսակցությունների հարցում այդ կարգը ավելի վաղ էր գործում) կիրառել անձնանուններ, որպեսզի հնարավոր չլինի նորանոր հնարքներով շրջանցել համամասնական ընտրակարգը, այսինքն՝ քաղաքական ընտրությունները պահել քաղաքական տրամաբանության մեջ։ Ժամանակին այս փոփոխությունը անցել է բոլոր պատշաճ ընթացակարգերով, քննարկվել քաղաքական ուժերի, քաղհասարակության, միջազգային կազմակերպությունների հետ և կատարվել համընդհանուր ըմբռնման պայմաններում։
Ըստ էության 2024 թվականին ԸՕ մեկ այլ փոփոխության ժամանակ արձանագրային բաժնում «նախադասություն» բառի փոխարեն «պարբերություն» գրած լինելու պատճառով այս կարգավորումը «անհետացել է» ԱԺ ընտրությունների կարգավորումներից, մինչդեռ ՏԻՄ ընտրությունների կարգավորումների բաժնում շարունակում է մնալ։
Հայաստանի քաղաքական դաշտի դերակատարները, որոնք գիտեն այս բոլոր գործընթացների մասին, չեն էլ փորձել այսպիսի սողանցքներով ներխուժել խորհրդարան։ Սա տրամաբանական, Հայաստանի քաղաքական դաշտի դերակատարների ու գործիչների կողմից քննարկված, հասկացված, ընդունված նորմ է, որն ի սկզբանե միտված է եղել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելուն։
Որևէ դրամատիկ կամ շրջադարձային բան այստեղ կարող է լինել միայն այն դերակատարների համար, որոնք կապ չունեն հայաստանյան կյանքի, քաղաքական պատմության և ժողովրդավարական գործընթացների հետ։


















































