Ermenihaber/Orbeli.am. Միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը դարձել է պետությունների տնտեսական մրցունակության և աշխարհաքաղաքական ազդեցության կարևորագույն գործոններից մեկը։ Այս համատեքստում Թուրքիան, լինելով Ասիայի և Եվրոպայի կապող օղակ, հետևողականորեն իրականացնում է երկաթուղային ենթակառուցվածքների ընդլայնման և արդիականացման քաղաքականություն։ Այս ռազմավարության առանցքում են ինչպես երկրի ներսում իրականացվող բազմամիլիարդ ներդրումային ծրագրերը, այնպես էլ հարևան պետությունների հետ ձևավորվող երկաթուղային նոր նախագծերը, որոնց թվում կարելի է առանձնացնել Թուրքիա–Իրան և Թուրքիա–Նախիջևան երկաթուղային ուղիները։
Թուրքիա–Իրան երկաթուղային համագործակցությունը վերջին տարիներին ստացել է նոր թափ՝ պայմանավորված ինչպես երկկողմ տնտեսական շահերով, այնպես էլ համաշխարհային առևտրային ցանցերում ավելի ակտիվ ներգրավվելու ձգտմամբ։ Չնայած վերջին երկու տասնամյակում երկկողմ տրանսպորտային հարաբերություններում ժամանակ առ ժամանակ լարվածություններ են առաջացել, սակայն տնտեսական շահերն ու համագործակցության հետաքրքրությունը շարունակվում են։ Թեհրան-Վան ուղղությամբ գործարկված երկաթուղային հաղորդակցությունն այս ընթացքում քանիցս դադարեցվել է։ (2011թ.-ին՝ Վանում տեղի ունեցած երկրաշարժերի, 2015թ․ թուրք-քրդական բախումների պատճառով։ 2019 թ. հունիսին վերագործարկված երթևեկությունը կրկին դադարեցվել է 2020թ. փետրվարին՝ համավարակի պատճառով։ Հինգ տարվա դադարից հետո՝ 2025թ. մարտին, այն կրկին վերագործարկվել է, սակայն այս տարվա մարտին Իրան-Իսրայել/ԱՄՆ պատերազմի հետևանքով կրկին դադարել։) Նույն սկզբունքով 2009թ.-ին գործարկված Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երթուղով բեռնատար (կոնտեյներային) գնացքի աշխատանքները տևական դադարներից հետո վերսկսել էին 2025թ. դեկտեմբերի 31-ին։
2025թ. դեկտեմբերին Թեհրանում Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հայտարարեցին նոր երկաթուղու կառուցման պայմանավորվածության մասին։ Իրանի կողմից նախաձեռնված Մարանդ–Չեշմե–Սորայա տարանցիկ երկաթուղային գիծը, որը նախատեսվում է հասցնել Իգդիր նահանգի Արալըք սահմանային շրջանը, դիտարկվում է որպես ապագայում գործարկվելիք տարանցիկ երթուղու առանցքային հատված։ Մոտ 200 կիլոմետր երկարությամբ այս գծի կառուցման արժեքը շուրջ 1,6 միլիարդ ԱՄՆ դոլար է, իսկ ավարտը նախատեսվում է երեքից չորս տարում։ Իրանի պաշտոնյաների գնահատմամբ՝ այն պետք է վերածվի լիարժեք երկաթուղային միջանցքի, որը կապահովի Չինաստանից մինչև Եվրոպա բեռների անխափան, արագ և համեմատաբար էժան փոխադրումը։
Նախագիծը գնահատվում է որպես Չինաստան–Իրան–Թուրքիա–Եվրոպա առանցքով ձևավորվող տարանցիկ համակարգի կարևոր բաղադրիչ՝ հանդես գալով «Միջին միջանցքի» (Բաքու-Թբիլիսի-Կարս ուղղությամբ) այլընտրանքային կամ լրացուցիչ հարավային երթուղի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































