Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդէմ համընդհանուր քաոսի…

Ապրիլ 07,2026 17:53 Share

1. ԱՄՆ նախագահ Թրամփն դարձեալ վերջնագիր է ուղղել Իրանին, ըստ որի՝ հրադադարի համար իր առաջադրած պայմանները (հիմնականում Հորմուզ նեղուցի բացումը) չընդունելու դէպքում, որդեգրելու է Իրանը կործանելու խաղաքարտը, հարւածի տակ առնելով երկրի ինչպէս էներգետիկ տարատեսակ ռեսուրսների, այնպէս էլ տրանսպորտային ու ջրային ողջ ենթակառոյցները…։

2. ⁠Ի պատասխան՝ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը սպառնացել է նոյնկերպ հակադարձել՝ թիրախ դարձնելով ինչպէս Իսրայէլի, այնպէս էլ ԱՄՆ շահերը սպասարկող Պարսից ծոցի էներգետիկ ու տնտեսական ռեսուրսներն ու կարողականութիւնը։

3. ⁠Եռօրեայ պատերազմի պատրանքով ՝ Իրանում իշխանափոխութիւն անելու Թրամփ-Նեթանիահու տանդեմն, ահա, մօտ 40-օրեայ աննախադէպ , բայց ապարդիւն ռմբա-հրթիռակոծումներից յետոյ, այսօր, ստիպւած, դիմադրող Իրանին հրադադարի պայմաններ է ներկայացնում…։

4. ⁠Հետաքրքիրն ու կրկին աննախադէպը, սակայն, ԱՄՆ-ում նոյնինքն կոնգրէսականների կողմից գործող նախագահին՝ Թրամփին իմփիչմենտի ենթարկելու եւ անվստահութիւն յայտնելու օրէնսդրական գործընթացի առաջադրանքներն են, որոնք պատճառաբանւում են Թրամփի մօտ նախագահական վարքականոնի բոլոր կարգի օրինաչափութիւնների բացակայութիւնը, որն էլ հեղինակազրկել է թէ՛ ԱՄՆ նախագահական համակարգը, եւ թէ՛ վնասել նրա, որպէս գերտէրութեան աշխարհաքաղաքական վարկն ու ազդեցութիւնը։

Կոնգրէսականներին ձայնակցելով՝ ամերիկեան հեղինակաւոր մեդիա-փորձագէտները խստագոյնս քննադատում-պարսաւում են Թրամփին՝ Նեթանիահուի հակամարդկային քմահաճոյքներին տուրք տալու բարդոյթաւորւածութեան համար։

5. ⁠Միաժամանակ, կարեւոր է ընդգծել, որ քաղաքական կողմնորոշումների առումով արդէն իսկ ակնբախօրէն անհաւասարակշիռ Թրամփից խորշում եւ զգուշանում են ԱՄՆ դաշնակից աշխարհաքաղաքական այնպիսի երկրներ ու ուժային կառոյցներ, ինչպիսին են՝ Մեծն Բրիտանիան, Եւրոմիութեան առանձին երկրներ ու ինչքան էլ զարմանալի՝ նոյնինքն ՆԱՏՕ-ն:

6. ⁠Թէ ինչպէ՞ ս պիտի բացատրել հանգամանքը, որով հէնց վերոգրեալների կողմից 40-ամեայ ռազմաքաղաքական ու յատկապէս տնտեսական տարատեսակ սանկցիաների առջեւ ծնկի չգալու Իրանական պետութեան ու քաջարի ժողովրդի կամարտայայտութիւնը, հարկաւոր է լոկ ուշադրութիւն սեւեռել վերջնիս հայրենապաշտպան ու նոյն հայրենիքի ինքնիշխանութեան դէմ արտաքին ուժերի ու թշնամիների ոտնձգութիւններն դիմագրաւելու անսակարկ եւ նախանձելի միասնականութեան վրայ։ Այլապէս՝ նոյն իրանցին ըստ ամենայնի ատակ է եղել ու համարձակ՝ ինքնուրոյնաբար վճռահատելու նաեւ ու մանաւանդ իր ներքին հասարակա-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարդութիւններն, որոնք էլ անխտիր, պատմական օրինաչափութիւններին անսալով ՝ յաղթահարւել են յօգուտ ոչ թէ ժամանակաւոր ու խաբուսիկ խոստումների, այլ եւ մանաւանդ ազգապահպան ու պետականամէտ քայլերի շնորհիւ։

7. ⁠Ահաւասիկ, հազարամեակների քաղաքակրթութեան կրող պետութիւնն, ի դէմս իրանական հայրենասէր ժողովրդի, դէմ-յանդիման է մէկ կողմից համաշխարհային, իսկ միւս կողմից տարածաշրջանային երկու գերտէրութիւնների աւելի քան քառասնօրեայ ներգործուն, բայցեւ յատկապէս անմարդկային ու վայրագ յարձակումների։

Տայ Աստւած, որ նոյն ոտնձգութիւններն ու դրանց դէմ անխուսափելի հակադարձումները, խելամիտ միջնորդական ջանքերի շնորհիւ յանգուցալուծւեն արդար ու խաղաղ պայմանների որդեգրմամբ ու ստեղծմամբ, այլապէս՝ ոչ միայն տարածաշրջանի, այլեւ համաշխարհային հանրութեան առանց այն էլ աշխարհաքաղաքական ու տնտեսական դողդոջուն իրավիճակն թեւակոխելու է ըստ ամենայնի քաոսային անդառնալի հանգրւան, դրանից բխող գերքաոսային հետեւանքներով…։

Դերենիկ Մելիքեան
Պ.Գ.Թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930