Ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումը
Վերջին օրերին, հավանաբար ոչ պատահականորեն և կապված Հայաստանում կայանալիք ընտրությունների հետ, սոցիալական ցանցերում սկսել է շրջանառվել բրյուսելյան այս լուսանկարը (ես ներքևի շարքի ձախ կողմում եմ):
Շատ ընթերցողներ արդեն գրել են ինձ՝ հարցնելով. «Սա ֆե՞յք է»: Ի՞նչ է անում «անկախ» Լապշինը հայ իշխանամետ լրագրողների և քաղաքագետների հետ միջոցառմանը, առավել ևս՝ Եվրոպայում նրանց քաղաքական միջոցառումների ժամանակ։
Սա բացարձակապես ֆեյք չէ, և լուսանկարն արվել է 2023 թվականի նոյեմբերի 10-ին՝ Բրյուսելում, որտեղ ես հյուր էի Հայաստան-ԵՄ ինտեգրմանը նվիրված միջոցառմանը:
Կարդացեք նաև
Ինձ հրավիրել էին, և ես գնացի՝ ինչո՞ւ ոչ. կար եվրոպացի քաղաքական գործիչների հետ հանդիպելու, կարծիքներ փոխանակելու, ինչպես նաև Եվրախորհրդարանի փոխնախագահին հայ ռազմագերիների հարցով անձամբ դիմելու հնարավորություն: Ես չգիտեմ միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրի նպատակը, դա նրանց անձնական գործն է, իսկ թե որոնք էին իմ նպատակները՝ նշեցի:
Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ Լապշինն աշխատում է վարչապետ Փաշինյանի թիմի համար: Հետաքրքիր մի բան պատմեմ, և դուք պատասխանեք հարցին, թե ով ում համար է աշխատում:
Եվ այսպես, լսեք, սա ձեզ համար հետաքրքիր կլինի։ Այն, ինչ ես պատրաստվում եմ ձեզ պատմել, մի բան է, որը թերթերում չեք կարդա։
Ինչպես գիտեք, երկու շաբաթ առաջ իմ մուտքը Հայաստան արգելվեց ԱԱԾ ինչ-որ գեներալի որոշմամբ (ընդ որում՝ ոչ թե այդ կազմակերպության ղեկավարի, և, առավել ևս, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ)։ Բացատրությունն այն էր, թե «Բաքվից ազատված պատանդ Գևորգ Սուջյանի հետ իմ հարցազրույցը վնասում է Ադրբեջանի հետ խաղաղության հարթակին»։
Հիշեցնեմ՝ Սուջյանը նկարագրել է, թե ինչպես են իրեն ծեծել և խոշտանգել Բաքվի բանտում, իսկ ես հարցազրույցի ժամանակ նստել եմ նրա կողքին և հարցեր տվել։ Ինչպես գիտեք, ադրբեջանցիները ինձ պահել են հենց նույն Բաքվի բանտում (Ղարաբաղ իմ այցի համար), որտեղ չորս տարի անց պահել են Սուջյանին։
Հիմա՝ հարց. այս նկարում պատկերված ազդեցիկ մարդկանցից քանի՞սը, որոնց անձամբ ճանաչում եմ, որոնց կեսի հետ հիանալիորեն շփվել եմ Երևանում և որոնց համարներն ունեմ WhatsApp-ում, մեկնաբանեցին Հայաստան իմ մուտքի արգելքը: Գուցե նրանցից հինգը կամ տա՞սը։ Կամ գոնե՝ երեքը։ Ոչ:
Նրանցից միայն մեկը չվախեցավ արտահայտվել՝ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը. լուսանկարում աջից երրորդը՝ վերին շարքում։
Ես նրան կյանքումս միայն մեկ անգամ եմ հանդիպել, մոտ երեք րոպե ենք զրուցել, և նա կարող էր լռել։ Բայց Խզմալյանը ճիշտ համարեց քաղաքացիական և սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել և հրապարակավ հայտարարեց, որ Լապշինի մուտքն արգելելը պատանդ Գևորգ Սուջյանի հետ հարցազրույցի պատճառով, սխալ է, նույնիսկ, եթե Բաքվում դժգոհ են։
Այս լուսանկարում պատկերված մարդկանցից ևս երկուսը կապ հաստատեցին ինձ հետ երրորդ կողմի միջոցով՝ բացատրելով, որ իրենց հեռախոսները գաղտնալսվում են, և, որ WhatsApp-ը վստահելի չէ։ Եվ նրանք թաքուն, (կարծես մենք ինչ-որ հետախուզության գործակալներ էինք) զանգահարեցին Signal-ով՝ այլ հեռախոսներից, օգտագործելով հատուկ այդ զանգի համար վերցված համարներ։
Ու ինձ գաղտնի ասացին, թե շատ են ցավում, որ ինձ թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան. ինչ ցավալի թյուրիմացություն: Ուղարկեցին ինձ այդ գեներալի լուսանկարը՝ գրելով, թե նա ինձ տանել չի կարողանում։
Ես կարդացել եմ այս գեներալի մասին. նա սովորել է Ռուսաստանում՝ ԱԴԾ (ФСБ), դպրոցում և… նրա կենսագրության մյուս մասը հասկանալի է, կարելի է չկարդալ:
Ժողովո՛ւրդ, ես մշակութային շոկի մեջ էի։ Ասում եմ՝ տղե՛րք, խելագարվե՞լ եք։
Դուք որպես առաջադեմ քաղաքական և հասարակական գործիչներ եք ձեզ ներկայացնում, պայքարում եք, առնվազն՝ բանավոր, Հայաստանի եվրոպական ինտեգրման համար։ Եվ դուք՝ «արևմտամետ» լրագրողներ և ակտիվիստներ, բառացիորեն վախեցած եք Կրեմլի հետ կապեր ունեցող ինչ-որ գեներալի՞ց:
Պատասխանն անորոշ էր. «Սխալ մի հասկացեք, ժամանակներն են այդպիսին, ինքներս ենք կարծես վառոդի տակառի վրա…»։
Լավ, այս տղաները գոնե ինչ-որ կերպ արձագանքեցին։ Մյուսներն այնքան վախեցած էին, որ ինձ հեռացրին ֆեյսբուքյան իրենց ընկերների շարքից, արգելափակեցին WhatsApp-ում։ Տղամարդավայել չէ, ըստ իս:
Ըստ էության, սա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանաք «եվրոպամետ» էլիտայի մասին, որը երկիրը հաստատ տանելու է (մոր արևով են երդվել) Եվրամիություն: Բայց, և միևնույն ժամանակ նրանք վախենում են Կրեմլում կապեր ունեցող գեներալից։
Հիմա հարց՝ Լապշինն, ըստ ձեզ, Նիկոլ Փաշինյանի համա՞ր է աշխատում։


















































