Կուսակցությունների մասին օրենքի խախտման դեմ բողոքող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր սակավաթիվ թիմակիցներով այսօր կրկին կառավարության շենքի առջև էր։ Նա հրավիրել էր նաև այլ քաղաքական ուժերի, սակայն, ինչպես միշտ, միայն ԱԻՄ-ականներն էին հավաքվել։
Լրագրողներից մեկը Հայրիկյանից հետաքրքրվեց՝ ինչու են սակավաթիվ, ինչու իրենց ոչ մեկը չի միացել, արդյոք դա նշանակում է, որ իրենց լուրջ չեն վերաբերում։ Հայրիկյանը պատասխանեց. «Այսօր մենք շատ ենք։ Անկախության պայքարը սկսելիս հինգ հոգի էինք։ Ես աշխատելու պատրաստ եմ, բայց ոչ աթոռի համար։ Աթոռասատկածներ լիքը կան։
Նա, ով ուզում է տգետ երևալ, հանգիստ կարող է ասել՝ Հայրիկյանին լուրջ չեմ վերաբերում։ Այսօր մենք եկանք վերջին նախազգուշացման, սա վերջին նախազգուշացումն էր, ուղղված է նաև քաղաքական ուժերին։
Կուսակցությունների մասին օրենքը խախտվում է, այն օրենքը, որով դուք ընտրության եք գնալու։ Որևէ քայլ չեք անում, անում եմ բոլորիդ փոխարեն, էդ ի՞նչ լուրջ գործով եք զբաղված, որ չեք եկել»։
Կարդացեք նաև
Հայրիկյանը, դիմելով քաղաքական ուժերին, ասաց՝ Նիկոլ Փաշինյանն իրենցից 10 գլուխ բարձր է, որովհետև. «Դուք խաղում եք հականիկոլ, բայց տներում վեր եք ընկել, Նիկոլի դաշնակիցներ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































