Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ խմբակցությունը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
Նախագծի համահեղինակ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ ««Հայաստան» խմբակցության կողմից առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում առաջարկություն էր ստացվել այն մասին, որ օրենքում սահմանենք, թե տնային կալանքում գտնվող անձանց քվեարկության իրավունքն ինչպես պետք է ապահովվի։
«Պարոն Մինասյանն առաջին ընթերցման ժամանակ ասել էր, որ Սահմանադրությամբ ամրագրված է նաև տնային կալանքի մեջ գտնվող անձանց քվեարկությանը մասնակցելու իրավունքը, բայց այս պահին տեխնիկապես չի ապահովվում այդ իրավունքի իրացումը։ Եվ առաջարկում էր օրենքով սահմանել, թե այդ իրավունքի իրացումն ինչպես պետք է պետությունն ապահովի։ Հաշվի առնելով, որ կարճ ժամանակ է անցել մինչև երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածը, մենք ստիպված եղանք «Հայաստան» խմբակցության առաջարկը մերժել։ Այսինքն՝ օրենքում ամրագրել մի բան, որը դեռևս չի քննարկվել կառավարության շրջանում, որոշեցինք չանել։ Բայց պետք է հետևյալն ասեմ, որ միջգերատեսչական աշխատանքային խումբ է այս ուղղությամբ աշխատում, և հիմա միջոցներ են փնտրում, թե ինչպես պետք է տեխնիկապես այդ իրավունքի իրացումն ապահովեն տնային կալանքի մեջ գտնվող անձանց համար»,- ասաց Ջուլհակյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Տիկին Ջուլհակյան, օրենքը մի քիչ այլ ձև է գործում՝ Ազգային ժողովն է ձևավորում կառավարություն և կառավարությանը հանձնարարում է խնդրին լուծում տալ, այլ ոչ թե ասել՝ հետները մի հատ խոսենք, տեսնենք՝ այդ խնդիրը լուծելի է, թե լուծելի չէ։ Պետք էր ընդունել այդ փոփոխությունը՝ հաշվի առնելով, թե ձեր օրոք տնային կալանքի տակ գտնվող քանի մարդ կա և նրանց ընտրական իրավունքն ապահովել։ Իսկ լուծումը պետք էր հանձնարարել կառավարությանը։ Եթե չկարողանային, երկու ամիս դեռ ժամանակ ունեին՝ կարող էիք փոփոխություն անել կառավարության կազմում»։
Կարդացեք նաև
Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Առաջարկվում է նաև սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































