ՀՀ վարչական դատարանում դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ կայացավ ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի և երրորդ անձ ՀՀ գրողների միության հերթական դատական նիստը։ Քննության առարկա է սեփականության իրավունքի պետական գրանցումը Բաղրամյան 3 հասցեում գտնվող ԳՄ վարչության շենքի հետ կապված։
Գրողների միության ներկայացուցչի դիտարկմամբ՝ դատախազությունը ժամկետը բաց է թողել։ Դրանով պայմանավորված՝ նորից ներկայացվել է փաստական գործի վարույթը կարճելու միջնորդություն։
«Իրենք ի սկզբանե՝ 90-2000-ական թվականներից, իմացել են, որ տվյալ գույքն ունի սեփականատեր, և ժամկետը բաց են թողել ու գրեթե 30 տարի ակտիվ քայլեր չեն ձեռնարկել։ Մեր հակափաստարկը դրան է վերաբերում։
Մեր մյուս առարկությունը վերաբերում է այն հանգամանքին, որ տվյալ վեճը վերաբերում է միայն անշարժ գույք շենքին։ Հողամասի մասով դատախազությունը փաստեց, որ վեճ չունի։ Սա իրականում կոլապսի կարող է բերել, որովհետև եթե հողամասը, որի վրա կառուցված է շենքը, մնա Գրողների միության սեփականությունը, բնականաբար, շարունակվելու է նրա սեփականության իրավունքը տվյալ շենքի նկատմամբ ևս։
Կարդացեք նաև
Հայցվոր կողմը միջնորդեց նիստը հետաձգել, որպեսզի դիրքորոշման մեջ հստակեցում ներկայացնի։ Ըստ էության, առարկայազուրկ է դառնում իրենց հայցը, որովհետև իրենք հողամասի մասով չունեն վիճարկման պահանջ։ Հայցի հստակեցում չեն կարող ներկայացնել, որովհետև այդ ժամկետը բաց են թողել, և մենք հիմա գտնվում ենք դատաքննության փուլում։ Եթե անգամ նոր պահանջ ներկայացնեն, էլի բաց են թողել այդ ժամկետը, որովհետև կադաստրային գործի նյութերում այդ ապացույցները եղել են՝ Երևանի քաղաքապետի որոշումները, շինթույլտվությունը, շահագործման ակտը և այլն։
Հետևաբար, թե դատախազությունն այդ իմաստով ինչ դիրքորոշում կհայտնի, պարզ կլինի հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց մայիսի 11-ին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լարիսա Բաղդասարյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































