Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավորվում են ԱԲ կամ այլ թվային լուծումներով ստեղծված սինթետիկ բովանդակությունը մակնշել հատուկ տեսանելի պիտակով

Ապրիլ 07,2026 21:21 Share

ՀՀ ազգային ժողովի ապրիլի 7-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 6:

Օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Առաջարկվող կարգավորումներով տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավորվում են արհեստական բանականությամբ (ԱԲ) կամ այլ թվային լուծումներով ստեղծված սինթետիկ բովանդակությունը մակնշել հատուկ տեսանելի պիտակով (label)։

Սա օրենքի իմպերատիվ պահանջ է, որի նպատակն է սպառողին հնարավորություն տալ հստակ տարբերակել տեխնոլոգիական գործիքակազմով գեներացված նյութը իրական բովանդակությունից։

Սահմանված պահանջների խախտման դեպքում հեռարձակողի համար նախատեսվում է վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով։ Ռադիոհաղորդումների պարագայում ԱԲ գործիքակազմի կիրառման մասին պարտադիր պետք է հայտարարվի եթերի սկզբում և վերջում։
Ներկայացված նախագիծը դեռևս չի առնչվում համացանցային տիրույթին. այդ հատվածի կարգավորումները կներառվեն ԲՏԱ նախարարության կողմից մշակվող հաջորդ օրենսդրական փաթեթում։

Նշենք, որ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մեկ այլ լրամշակված նախագիծ։

Նախագծով հստակեցվում են տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերը, սահմանվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածման արգելք, ինչպես նաև ցանցային օպերատորների նկատմամբ հստակեցվում են լիցենզիայի կասեցման և դադարեցման հիմքերը և դրանց կիրառման մեխանիզմները։ Միաժամանակ, նախատեսվում է տուգանք՝ ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու համար։

Առանցքային փոփոխություններից մեկը վերաբերում է նաև պատերազմի կոչերի և ներքաղաքական կյանքին միջամտության սահմանումներին։ Նոր կարգավորման համաձայն՝ այդ հասկացությունների հստակ չափորոշիչները օրենքի ընդունումից հետո քառամսյա ժամկետում կսահմանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ)՝ համապատասխան ենթաօրենսդրական ակտերով, որոնց մասին պաշտոնապես կծանուցվեն։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930