Ապրիլի 4-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը։ Համաժողովը որոշեց որպես կուսակցության ՀՀ վարչապետի թեկնածու հաստատել վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին, հաստատել և ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին առաջադրել կուսակցության ընտրական ցուցակը, ինչպես նաև հաստատել 2026 թ․ ընտրություններում կուսակցության նախընտրական ծրագիրը։
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան կուսակցության անդամները, որոնք անդրադառնում էին իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված փոփոխություններին, գալիք ընտրություններին և այլն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ելույթում նշեց. «Մենք մոտեցել ենք ծայրահեղ աղքատության վերացմանը, էականորեն կրճատել աղքատությունն ու գործազրկությունը»։ Ըստ էության, Թորոսյանը նկատի է ունեցել 2025-ի նոյեմբերին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները 2024 թ. Հայաստանում աղքատության պատկերի մասին (2025-ի տվյալները պետք է հրապարակվեն այս տարի):
Ըստ Վիճկոմի վերջին տվյալների՝ 2024 թ. Հայաստանում միջին մակարդակի աղքատ է եղել բնակչության 21,7 %-ը, իսկ սրանից 0,6 %ը՝ ծայրահեղ աղքատ:
Կարդացեք նաև
Քանի որ Արսեն Թորոսյանի հայտարարությունը հիմնված է վիճակագրության վրա, անհրաժեշտ է հիշել, որ վիճակագրության մեջ առանցքային դեր ունի մեթոդաբանությունը, այսինքն՝ ինչպես են տվյալները հավաքվել ու մշակվել:
Հայաստանում աղքատությունը գնահատվում է 1996 թվականից: Գնահատման մեթոդաբանությունը մշակված է Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից: 1996-ին ներդրվելուց հետո մեթոդաբանությունը վերանայվել, կատարելագործվել է 2004, 2009 եւ 2019 թթ.: Այսինքն՝ 2024 թվականի պատկերը ներկայացնող զեկույցի հիմքում դրված է 2019 թ. մեթոդաբանությունը:
Աղքատությունը գնահատելիս կիրառվում են աղքատության գծերը։ Մասնավորապես՝ ծայրահեղ աղքատ են գնահատվում այն տնային տնտեսությունները, որոնցում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է պարենային գծից (2024-ին պարենային կամ ծայրահեղ աղքատության գիծը եղել է ամսական 29.196 դրամը): Այսինքն՝ այն տնային տնտեսությունները, որոնցում մեկ չափահասի ամսական սպառումը եղել է 29.196 դրամից ցածր, գնահատվել են ծայրահեղ աղքատ: 2024-ի տվյալներով՝ ծայրահեղ աղքատ է ՀՀ բնակչության 0,6 % ը:
Չափավոր աղքատ են համարվում այն տնային տնտեսությունները, որոնցում մեկ չափահաս անձի սպառումը ցածր է աղքատության ստորին գծից (2024-ի դրությամբ՝ ամսական 42.680 դրամ): 2024 թ. չափավոր աղքատ է եղել բնակչության 8,4 %-ը:
Գոյություն ունի նաև աղքատության վերին գիծ (2024 թ. ամսական սպառումը մեկ չափահասի հաշվով՝ 64.162 դրամ): 2024-ին աղքատության վերին գծից ցածր սպառում է ունեցել բնակչության 40,2 %-ը:
Բայց կա նաև աղքատության միջին գիծ, որը ստորին ու վերին գծերի միջինն է (2024 թ. ամսական սպառումը մեկ չափահասի հաշվով՝ 53.420 դրամ): 2024-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը ըստ միջին գծի եղել է 21,7 %:
Աղքատության մասին խոսելիս շատ դեպքերում առանձնացվում են աղքատությունն ըստ միջին գծի (աղքատության միջին մակարդակ) և պարենային/ծայրահեղ աղքատությունը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































