Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի վարքագիծը հիշեցնում է աշխարհաքաղաքական չարչու վարքագիծ». Դերենիկ Մալխասյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի մասին

Ապրիլ 07,2026 22:30 Share

«Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի վարքագիծը հիշեցնում է աշխարհաքաղաքական չարչու վարքագիծ»,- ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը՝ «Հայելի» ակումբում բնութագրելով ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը։

«Ինձ թվում է՝ իրեն պատահական չէին կանչել ապրիլի 1-ին՝ հաշվի առնելով, որ խաբելու օրն է։ Համենայն դեպս, Հայաստանում։ Պուտին-Փաշինյան հրապարակային ելույթների մասը բանակցություն անվանել չի կարելի։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ցուցադրեց, որ ինքը Հայաստանի շահերի հաշվին պատրաստ է, այսպես ասած, ղումար խաղալ կայսրությունների, այս պարագայում՝ Ռուսաստանի հետ։ Այնտեղ ինքը ինչ հայտարարություն որ արեց, դրանց որոշ մասը ոչ այնքան ուղղված էին Ռուսաստանին, Պուտինին, որքան հայ հանրությանը, Եվրոպային, Միացյալ Նահանգներին՝ ցույց տալու համար, որ իրենք ճիշտ խաղադրույք են կատարել ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ որպես հակառուսական գործիքի։ Ինքն այս բեմադրությամբ փորձում էր ցույց տալ, որ հաջողված գործիք է և կարող է կատարել յուրաքանչյուր հրահանգ, նույնիսկ դառնալ գործիք, որն զբաղվում է նաև ինքնագործունեությամբ։

Ինչ կատարվեց Կրեմլում, դա հայկական դիվանագիտության ամոթն էր։ Ինչի մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, արվում է այն դեպքերում, երբ հարաբերությունները վերջնականապես գնում են անկման, երկրները կանգնած են կոնֆլիկտից հինգ րոպե հեռավորության վրա, և դրանով, կարծես, մեկնարկ է տրվում այդ կոնֆլիկտի էսկալացիային։ Ինչ պետության հետ ուզում ես գործ ունեցիր, բաներ կան, որ չի կարելի խոսել՝ դիվանագիտական, քաղաքական էթիկայից դուրս գալով։ Չի կարելի Ռուսաստանում նստել ու հայտարարել, թե մենք դեմոկրատական երկիր ենք, մեր մոտ սոցիալական ցանցերը ազատ են՝ ակնարկելով, որ դուք սահմանափակում եք սոցցանցերը Ռուսաստանում։ Եվ դա այն դեպքում, որ Հայաստանում, այո, սոցիալական ցանցերը ազատ են, բայց կարող եք ստատուս գրելու համար հայտնվել բանտերում։ Ազատ է, բայց դուք կարող եք գրել այն, ինչը դուր կգա իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին։ Այլապես կհայտնվեք խոշորացույցի տակ, այնուհետև ուղղիչ աշխատանքային գաղութում։

Երբ ասում ես, թե մենք անշրջելիորեն կանգնած ենք ժողովրդավարության ճանապարհի վրա, ո՞ր ժողովրդավարության մասին է խոսքը։ Վերջին դեպքերին անդրադառնամ։ Երբ դու եկեղեցում ժողովրդին կոնկրետ սադրում ես, տեղի է ունենում միջադեպ, և դու առողջական խնդիր ունեցող պատանուն բանտարկում, երկու ամսով կալանք ես տալիս, դա՞ է ժողովրդավարությունը։ Դու խոսում ես Քրիստոսի անունից, քեզ զգում Քրիստոսից հինգ պակաս կիսաաստված, խոսում ես սիրուց, ներողամտությունից, բայց անում ես լրիվ հակառակը ու կալանքը տալիս ես մի դատավորի միջոցով, որը խայտառակությունն է ընդհանրապես դատական համակարգի, ա՞յդ ժողովրդավարության մասին ես խոսում»,- ասաց Դերենիկ Մալխասյանը և թվարկեց այս իշխանության կողմից կատարված այլ կոպիտ իրավախախտումներ ևս։

«Ես ուզում եմ այստեղ անդրադառնալ նաև այլ հանգամանքի։ Խոսքը վերաբերում է ռուս-հայկական հարաբերությունների սիստեմատիկ ոչնչացմանը։ Չեմ խորշի այդ բառն օգտագործելուց։ Ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ուղղված է բացառապես սադրելու Ռուսաստանին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նա կատարի քայլեր, որոնք առիթ կտան Նիկոլ Փաշինյանին վերջնականապես կատարել այն պատվերները, որոնք ստանում է Թուրքիայից և Արևմուտքից։ Խոսքը վերաբերում է ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը, Ռուսաստանի հետ ռազմական, տնտեսական հարաբերությունների խզմանը, ռուսական ձեռնարկությունների պետականացմանը կամ այլ պետություններին վաճառելուն, մասնավորապես՝ Թուրքիային, Ղազախստանին, այլ երկրի։ Եվրոպական ընկերություններն այնքան էլ շահագրգռված չեն այստեղ ներդրումներ կատարել, որովհետև անվտանգության լրջագույն խնդիրներ են տեսնում։ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների հիվանդ երևակայության մեջ է խաղաղությունը»,- ասաց Դերենիկ Մալխասյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930