Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճի ոճը պայմանավորում է դրա բովանդակությունը

Ապրիլ 08,2026 13:00 Share

Գեղագիտական եւ բարոյական հատկությունների կարեւորությունը

«Սատանան ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ հրեշտակը, փրփուրը շուրթերին, սկսում է պայքարել արդար գործի համար: Ամեն ինչ մոխիր է դառնում՝ ե՛ւ մարդիկ, ե՛ւ համակարգերը: Բայց հավերժ է ատելության ոգին՝ արդար գործի համար իր պայքարում: Եվ դրա պատճառով չարիքն աշխարհում վերջ չունի: Այն ժամանակվանից ես հասկացա, կարծում եմ, որ բանավեճի ոճն ավելի կարեւոր է, քան դրա առարկան»:

Ռուսաստանցի փիլիսոփա եւ մշակութաբան Գրիգորի Պոմարանցի՝ հաճախ մեջբերվող խոսքերն են: Ժամանակի ընթացքում ես էլ եմ գիտակցել, որ ինչպես ամենուր, մասնավորապես, արվեստում, այդպես էլ հասարակական-քաղաքական կյանքում, ոճը, ձեւն իր մեջ բովանդակություն է պարունակում: Այն ոճը, որն ընդունված է սոցցանցերում, զուտ ոճ չէ՝ դա տկարամտության, սահմանափակ մտահորիզոնի, ինչպես նաեւ բարոյական բթության վկայություն է: Բայց դա կարող է մատուցվել որպես արդար գործի, իդեալների համար պայքար:

Իր «Հարությունը» վեպում Տոլստոյը գրում է Նովոդվորով ազգանունով մի հեղափոխականի մասին. «չնայած նա սիրում էր պերճախոս փաստարկներով ինչ-որ բաներ հիմնավորել, նրա գործունեությունը Նեխլյուդովը (վեպի գլխավոր հերոսը – Ա.Ա.) բացատրում էր զուտ փառասիրությամբ, առաջինը լինելու ցանկությամբ»: Տոլստոյը նշում է, որ «չունենալով իր բնավորության մեջ բարոյական եւ գեղագիտական հատկություններ, Նովոդվորովը ոչ մի բանում չէր կասկածում եւ վստահ էր, որ երբեք չի սխալվել»:

Բարոյական եւ գեղագիտական հատկությունները միայն ո՞ճն են պայմանավորում: Իհարկե՝ նաեւ ոճը: Բայց «ոճը հենց մարդն է» («Le style c’est l’homme mՍme), – դեռեւս 18-րդ դարի կեսերին գրում էր ֆրանսիացի բնագետ ու գրող Ժորժ Բյուֆոնը: Նա նկատի ուներ, իհարկե, գրական ոճը: Բայց նրա նկատառումը վերաբերում է մարդկային գործունեության բոլոր ոլորտներին:

Գեղագիտական, էլ չասած՝ բարոյական դրսեւորումները կարեւոր են: Ինչպես է մարդը սնունդ ընդունում, ինչ բառապաշար է օգտագործում, քաղաքական գործիչ կամ գործարար (օլիգարխ) լինելու դեպքում՝ ինչպե՞ս է շփվում լրագրողների հետ: Այդ ամենը դուրս է գալիս զուտ «ոճային առանձնահատկությունների» շրջանակից:

Վերջերս մի տեսագրություն դիտեցի Տեր-Պետրոսյանի 1997 թվականի սեպտեմբերի 26-ի ասուլիսից, որտեղ առաջին նախագահն իր հանդարտ, ակադեմիական ոճով բացատրում   է ղարաբաղյան հարցի լուծման փաթեթային եւ փուլային լուծումների տարբերությունը: Չեմ խորանում, թե որքանով էր Տեր-Պետրոսյանը ճիշտ կամ սխալ, խոսքն այժմ ոճի մասին է: Ես համեմատում եմ բանախոսի ոճը նրան «հակադարձող» օգտատիրոջ ոճի հետ՝ «բա ընչի հօգդեմբեր 27 ըսավ, համախմբէք Քօչօյի շուրջ, յախք»: Մենք դարձյալ տեսնում ենք, որ ոճն առնվազն նույնքան կարեւոր է, որքան քննարկվող թեման, եւ ոճն արտացոլում է բանավիճողների մտածելու, տրամաբանելու ունակությունները:

Ինձ էլ են հաճախ այդ ոճով «հակադարձում»: Ենթադրենք, ես գրում եմ Փաշինյանի հերթական ապօրինության մասին: Արձագանքը սովորաբար հետեւյալն է. «Բա ինչու չեք գրում «հոկտեմբերի 27-ի» եւ «մարտի 1-ի» մասին»: Բանավեճի այս ոճը մեզ տանում է փակուղի:

Մի խոսքով, որքան բովանդակությունն է պայմանավորում ձեւը, այնքան էլ ձեւը՝ բովանդակությունը: Եթե նպատակը փողոցում «ոտը գազից չհանելու» հաճոյախոսությունը լսելն է, ապա հանուն դրա կարելի է, օրինակ, Ռուսաստանին սպառնալ՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից: Հաստատ գյուղերում կգտնվեն տարեց մարդիկ, որոնք դա «դուխի» դրսեւորում կհամարեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930