Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել են օրեր, երբ ցերեկը խաղացել եմ մանկական ներկայացումը, երեկոյան հանդես եկել «Պենելոպե, օ՜, Պենելոպեում»

Ապրիլ 08,2026 12:00 Share

Ալլա Սահակյանը՝ իր հետաքրքիր փորձառության ու բացառիկ դերերի մասին

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հերթական ներկայացումը՝ «Պենելոպե, օ՜, Պենելոպեն» յուրատեսակ փորձառություն էր դերասանների համար, պիեսի հեղինակը, բեմադրիչն ու բեմանկարիչը ֆրանսահայ ռեժիսոր Սիմոն Աբգարյանն է: «Պենելոպե, օ՜, Պենելոպեն» նոր հայացք է Ոդիսեւսի կնոջ՝ Հոմերոսի «Ոդիսականի» հիմնական կերպարներից մեկի պատմությանը. Դինահը 20 տարի սպասում է պատերազմից ամուսնու վերադարձին: Պիեսի հեղինակի մայրն էլ 8 տարի է իր ամուսնու վերադարձին սպասել: «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման մեջ Էլիասի մորը՝ Նուրիցային մարմնավորել է սիրված դերասանուհի եւ երգչուհի Ալլա Սահակյանը, որը կարողանում է հաջողությամբ կերպափոխվել տարբեր ժանրերի ներկայացումներում ու երբեք չմնալ հաջողված «դերի տակ», քանի որ նրա բոլոր կերպարները ստացված են ու ինքնատիպ:

«Առավոտի» հետ զրույցում Ալլան նշեց, որ իրենց թատրոնի համար մեծ պատիվ էր աշխատել Սիմոն Աբգարյանի հետ եւ ստանալ անտիկ ոճի մեջ արված, էպիկականություն ու ֆրանսիական խաղաոճի դրսեւորումներ ունեցող մոնումենտալ ներկայացում: Նրա խոսքով, եւ պիեսն էր հետաքրքիր, եւ կերպարները, եւ նյութը նոր շնչով ու մոտեցմամբ վերարտադրելու փորձառությունը:

«Ինձ համար իմ դերակատարումը նորություն էր՝ ուրույն ամեն ինչով, պլաստիկայով, ասելիքով… Նուրիցան ուրիշ տեսակի մոր կերպար է, մի տեսակ ռազմատենչ, ընտանիքի եւ ավանդույթների պահապան, կարմիր թելի նման այդ կերպարն անցնում է բոլոր տեսարաններով: Ինձ համար մեծագույն հաճույք էր աշխատել Սիմոն Աբգարյանի հետ…Եվ, իհարկե, ներկայացման մեջ ներգրավված էին Համազգային թատրոնի տաղանդավոր դերասանները՝ Նարինե Գրիգորյանի գլխավորությամբ»,-ասաց դերասանուհին:

Ալլա Սահակյանը ներկայացնելով իր կերտած կերպարն ընդգծում է. «Շատ կարեւոր էր բեմում ստանալ անդրշիրիմյան աշխարհից եկած մարդու ներկայությունը, անգամ նրա ձայնով պետք էր շատ խորհրդավորություն բերել: Հանդիսատեսը եւս զգում էր, որ նա սովորական մեկը չէր, երբ իր համամարդկային տեքստերն ասում էր՝ պատերազմից վերադառնալու եւ պատերազմի բովով անցած մարդկանց, դժբախտ եւ կիսատված ընտանիքների ու դժվարությունների մասին: Ամեն ինչ արված էր, որ ասվածը որպես պլակատային տեքստ չընկալվի, այլ հնչի իբրեւ համամարդկային կոչ այն մասին, թե ինչ է մեզ մնում պատերազմից հետո… … Մի կողմից մայրը խղճում է որդուն, մյուս կողմից էլ չի ցանկանում, որ պղծվի ընտանիքը եւ ընդհատվի ընտանիքի թելը… Կարճ ասած՝ փորձել եմ բեմի վրա լինել հետաքրքիր, կենդանի ու ներկա բոլոր տեսարանների մեջ, դա էպիկական կնոջ կերպար էր, նաեւ աշխատել էինք, որ նրա շարժուձեւը սովորական մարդու շարժուձեւ չհիշեցնի…»:

Մեր զրույցի ժամանակ խոսեցինք նաեւ այն մասին, թե ինչքան կարեւոր է ներկայացման երաժշտությունը, եւ ինչպես էր «Վանական» ռոք խումբն՝ իր երաժշտությամբ ընդգծում հերոսների հույզերը: «Վանական» խումբը մեր մյուս դերակատարն էր, տեսարանից տեսարան իր նվագակցությամբ կարողանում էր տրամադրություն փոխելու հնարավորություն ստեղծել եւ կերպարին հատուկ լեյտմոտիվները առաջ բերել: Տղաները հետաքրքիր լուծում էին գտել, հաջողել էին, զգացել էին ներկայացման ռիթմը, մոտիվները, որը նաեւ ռեժիսորն էր ուզում»,-նշեց Ալլա Սահակյանը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ երեխաների ու մեծահասակների սիրելի «Լույսի ծածկագիրը» մոնոներկայացմանը, որն արժանացել է Արտավազդ մրցանակի՝ «Տարվա լավագույն մանկական ներկայացումը» անվանակարգում: Այս մոնոներկայացումը հենված է Ալլա Սահակյանի խաղի վրա: Նա ներկայացման առանցքային կերպարն է, հեղինակը եւ վարողը: Ալլան դեռեւս քովիդի շրջանից հեքիաթներ պատմելու փորձ ունի:

«Ուրախ եմ, որ «Լույսի ծածկագիրը» ճանաչվեց որպես տարվա լավագույն մանկական ներկայացում, ես շնորհավորում եմ ստեղծագործական թիմին, Ավետիք Իսահակյանի թանգարանին, ուրախ եմ մեր բոլոր ստեղծագործողների՝ սցենարիստ եւ ռեժիսոր Քրիստինե Ասրյանի, բեմանկարիչ Սուսաննա Հախվերդյանի, տիկնիկագործ Նանե Զորաբյանի, երաժշտության հեղինակ Էլլադա Սայադյանի համար»,- նշեց մեր զրուցակիցը: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես էր հաջողացնում նույն օրվա մեջ երկու տարբեր ժանրերի ու բնույթի ներկայացումներում խաղալ, արդյոք բարդ չէր: «Իսկապես, եղել են օրեր, երբ ցերեկը   խաղացել եմ մանկական ներկայացումը, երեկոյան հանդես եկել «Պենելոպե, օ՜, Պենելոպեում», երկու տարբեր ժանրեր, տարբեր խաղաոճեր, տարբեր դրսեւորումներ, երկուսի համար էլ շատ էներգիա եւ ուժ է հարկավոր»,-համեստորեն նշեց Ալլա Սահակյանը: Նա խաղացել է միմյանցից տարբեր բազմաթիվ ներկայացումներում եւ միշտ մնացել անկրկնելի, դրանք այնքան շատ են, որ հազիվ մի քանիսը կթվարկենք. Ընկերուհի՝ Շվարցի «Վիշապում», Պոլի՝ Բրեխթի «Երեքգրոշանոց օպերայում», Մոնո՝ ըստ Շեքսպիրի բեմադրված «Վերջին աղոթքում», Վիվիեն Մըք Քեչըն՝ Սարոյանի «Փրկության կղզում», Ադելլա՝ Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» ներկայացման մեջ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930