Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան մտավ կոշտ հռետորաբանության դաշտ

Ապրիլ 08,2026 11:00 Share

Փաշինյանի «մեղմացման» եւ Օվերչուկի «զգուշացման» լեզուները

Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները նոր ճգնաժամային հանգրվանում

Ապրիլի 1-ին Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ կայացած բանակցությունները հայ-ռուսական հարաբերություններում կարեւոր ու ուշագրավ փուլ բացահայտեցին։

Բանակցություններին հաջորդած հայտարարությունները, հատկապես՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, ցույց են տալիս ոչ միայն դիրքորոշումների տարբերությունը, այլեւ ռազմավարական անհամաձայնությունների խորացման փաստը։

Փաշինյանը մոսկովյան իր այցը գնահատեց որպես հաջողված՝ նշելով. «Սա բնականոն աշխատանքային գործընթաց է… կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները»։ Նա ընդգծեց, որ «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մեծ օրակարգ եւ մեծ ներուժ ունեն, պետք է առաջ նայել»։

Միաժամանակ նա փաստեց, որ «ՀԱՊԿ-ի շրջանակներում աշխատանքին վերադառնալու առումով դրական փոփոխություններ ակնկալելն իրատեսական չէ»։

Փաշինյանի հռետորաբանությունը կառուցված է հայ-ռուսական հակասությունները, խնդրահարույց հարաբերությունները հարթված ներկայացնելու, ավելի ճիշտ՝ դրա պատկերը ստեղծելու վրա։ Նա փորձում է հարաբերությունները ներկայացնել որպես «աշխատանքային», նույնիսկ այն պարագայում, երբ ռուսական կողմը բացահայտորեն բարձրացնում է կոշտ հարցեր։ Սա վկայում է երեք հիմնական մոտեցման մասին.

Դիվանագիտական մեղմեցում – պաշտոնական Երեւանը փորձում է խուսափել բաց առճակատումից՝ չնայած առկա լարվածությանը։

Քաղաքական բազմավեկտորություն – «առաջ նայելու» շեշտադրումը իրականում նշանակում է՝ անցում դեպի նոր արտաքին քաղաքական հավասարակշռության։

ՀԱՊԿ-ից հեռացման փաստացի ընդունում – առանց պաշտոնական հայտարարության, որով Փաշինյանը փաստացի ընդունում է, որ այդ ուղղությամբ վերադարձ չկա։

Այսպիսով, Փաշինյանի հայտարարությունները նպատակ ունեն նվազեցնել արտաքին ճնշումների ընկալումը եւ պահպանել մանեւրելու դաշտը, սակայն ակնհայտ է, որ դրանք չեն լուծում ռազմավարական հակասությունները։

Երկաթուղու հարցը. մրցակցային առավելությո՞ւն, թե՞ ռազմավարական հակասություն

Փաշինյանը նշում է. «Չենք ցանկանում միակողմանիորեն խզել պայմանագիրը», սակայն միաժամանակ ընդգծում է. «Հայաստանը կորցնում է մրցակցային իր պոտենցիալ առավելությունները»։ Մինչդեռ Օվերչուկը հակադարձում է. «Չկան օբյեկտիվ պատճառներ կոնցեսիան վաճառելու համար», եւ հավելում է. «Մեկ բան ասելը եւ մեկ այլ բան անելը հարաբերությունները զարգացնելու լավագույն միջոցը չէ»։

Երկաթուղու հարցը դարձել է հայ-ռուսական հարաբերությունների առանցքային կոնֆլիկտային կետ։ Այստեղ բախվում են երկու խնդիրներ. Հայաստանի՝ ինքնիշխան տնտեսական մոդելի ձեւավորման փորձը, Ռուսաստանի՝ տրանսպորտային վերահսկողության պահպանման ռազմավարությունը։ Հայաստանի համար խնդիրը մրցակցային է՝ ապաշրջափակման պայմաններում, մինչդեռ Ռուսաստանի համար այն աշխարհաքաղաքական ազդեցության գործիք է։ Այս հակասությունը ցույց է տալիս, որ կողմերը տարբեր կերպ են ընկալում նույն թեման. Երեւանը՝ որպես երկրի զարգացման ռեսուրս, Մոսկվան՝ որպես ազդեցության լծակ։ Իսկ սա երկարաժամկետ հակասություն է, որը դժվար է լուծել փոխզիջման միջոցով։

ԵՄ գործոնը եւ տնտեսական ճնշումները

Օվերչուկը հայտարարել է. «Խոսակցությունները ԵՄ-ի մասին հանգեցրել են ավելի քան 5 միլիարդ դոլարի կորստի», եւ ընդգծել է. «Հայաստանին պատրաստում են մեզ համար թշնամական դաշինքին միանալուն»։

Փաշինյանն, իր հերթին, նկատել է, թե «սպառնալիք» չի տեսնում ՌԴ պաշտոնյայի նշյալ հայտարարություններում։

Սա եւս ցույց է տալիս Արեւմուտք vs Ռուսաստան հիմնական ռազմավարական հակասությունը. Ռուսաստանը կիրառել է տնտեսական փաստարկներ՝ կորուստներ, քաղաքական ձեւակերպումներ («թշնամական դաշինք»)։ Իսկ սա դասական քաղաքական ճնշման լեզու է, որի նպատակն է՝ կանխել Հայաստանի եվրոպական ինտեգրումը, ձեւավորել վախի մթնոլորտ՝ տնտեսական հետեւանքների համատեքստում։

Միաժամանակ, Փաշինյանի արձագանքը ցույց է տալիս, որ Երեւանը փորձում է չընդունել այդ նարատիվը, պահպանել քաղաքական ինքնուրույնություն։ Սակայն ակնհայտ է, որ տնտեսական կախվածությունը մնում է լուրջ գործոն, որը սահմանափակում է Հայաստանի ազատությունը։

Ապաշրջափակում եւ «Թրամփի ուղի»

Օվերչուկը հայտարարեց. «Այս համաձայնագիրը խախտել է տարածաշրջանային հավասարակշռությունը» եւ հավելեց. «Հայաստանը զիջել է իր տարանցիկ եկամուտների 74%-ը»։ Այսինքն, Ռուսաստանի դիրքորոշումը այստեղ հստակ է՝ Հայաստանը դուրս է գալիս ռուսական վերահսկողության համակարգից։ «Թրամփի ուղու» թեման ներկայացվում է որպես աշխարհաքաղաքական սպառնալիք, տնտեսական սխալ։ Սակայն իրականում սա մրցակցություն է՝ Արեւմտյան նախագծերի եւ Ռուսական ինտեգրացիոն մոդելի միջեւ։ Այսինքն, Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր կապերը, բայց դրա գինը՝ ազդեցության հավասարակշռության խախտումն է եւ արտաքին ճնշումների աճը։

Անվտանգություն եւ էներգետիկա. ԱԷԿ-ի հարցը

Օվերչուկը նշել է. «Եթե որոշում չկայացվի, Հայաստանը կարող է բախվել էներգադեֆիցիտի», եւ որ՝ «տեխնոլոգիաներն առկա են միայն Ռուսաստանում»։

ԱԷԿ-ի թեմայի արծարծումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պահպանում է կրիտիկական կախվածություն ստեղծող լծակներ։ Էներգետիկան օգտագործվում է որպես քաղաքական ազդեցության գործիք, ռազմավարական կախվածության մեխանիզմ։ Իսկ այս ոլորտում անկախության հասնելը, թերեւս, ամենաբարդն է։

Ռուսական բիզնես եւ ներդրումային ռիսկերը

Օվերչուկը նշել է. «Փաստերը ցույց են տալիս, որ իրականում տեղի է ունենում այլ բան», եւ «Սեփականության իրավունքի խախտումները բարձրացնում են ռիսկերը»։ Այս հայտարարությունները ուղղված են ներդրողների վստահության նվազեցմանը, Հայաստանի տնտեսական միջավայրի քննադատությանը։ Սա նաեւ քաղաքական ազդակ է բիզնեսին, որ Հայաստանի ուղղությամբ ներդրումները վտանգավոր են։

Այս ամբողջ հայտարարությունների համադրությունը ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են խորը վերափոխման փուլում։ Հարաբերությունները գտնվում են ոչ թե դաշնակցային, այլ պայմանական-գործնական մակարդակում։ Առկա է վստահության ճգնաժամ, եւ կողմերը խոսում են համագործակցության մասին, սակայն գործում են տարբեր ռազմավարություններով։

Ռուսաստանի քայլերը պայմանավորված են Հայաստանի՝ Արեւմուտք մերձեցմամբ տարածաշրջանում ազդեցության կորստի վտանգով, տրանսպորտային եւ էներգետիկ վերահսկողության հարցերով։

Մոսկվայի ճնշումների նպատակն է՝ պահպանել ազդեցությունը եւ կանխել Հայաստանի աշխարհաքաղաքական շեղումը։ Օվերչուկի կողմից ծավալուն մեկնաբանությունները վկայում են այն մասին, որ Մոսկվայի նախազգուշացումները համակարգային են, դրանք ներառում են տնտեսական, էներգետիկ, անվտանգային խնդիրներ։

Սա նշանակում է, որ Մոսկվան մտել է՝ բաց ազդակների եւ կոշտ ուղերձների փուլ։ Հետեւաբար, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները մտել են կառուցվածքային վերափոխման եւ լարվածության փուլ։

Փաշինյանի «մեղմացման» եւ Օվերչուկի «զգուշացման» լեզուները արտացոլում են երկու տարբեր աշխարհաքաղաքական ուղղություններ։

Այս պայմաններում Հայաստանի առաջ կանգնած է հիմնական ընտրությունը՝ պահպանել հավասարակշռությո՞ւն, թե՞ կատարել ռազմավարական վերջնական կողմնորոշում։ Հենց այս հարցի պատասխանից կախված կլինի տարածաշրջանում ուժերի հետագա դասավորությունը։

Ստացվում է, որ հայկական երկաթուղու ռուսական կառավարման հարցը մնաց առանց վերջնական լուծման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո: Փաշինյանը ընդգծեց, որ Հայաստանը միակողմանիորեն չի ծրագրում խզել համաձայնագիրը. «Էդ լծակը Հայաստանի Հանրապետությունն ունի, բայց մենք չենք պլանավորում ու չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհով»: Ապա հավելեց, որ խնդրի լուծումը կարող է լինել այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը գտնեն բարեկամ երկիր, որը կկառավարի երկաթուղին կոնցեսիոն ձեւաչափով, սակայն Մոսկվայում որեւէ համաձայնության չհասան։

Այսինքն, հայկական կողմը բարձրաձայնում է, որ ռուսական կառավարման պատճառով Հայաստանը կորցնում է իր մրցակցային առավելությունները տարածաշրջանային տրանսպորտային կապերում։ «Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա»,-ընդգծում է Փաշինյանը, հավելելով. «Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլեւ հակառակը՝ բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները եւ որեւէ կերպ չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին»: Նա ընդգծեց, որ բանակցությունները շարունակվելու են, եւ որ խնդիրը սահմանափակվում է մեկ նախադասությամբ՝ Հայաստանը կորցնում է իր մրցակցային պոտենցիալը այս պայմաններում:

Ռուսական կողմի կոշտ դիրքորոշումը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայի պետական լրատվամիջոցներին տված հարցազրույցում շեշտեց, որ հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան որեւէ երրորդ կողմին վաճառելու օբյեկտիվ պատճառներ չկան։ «Մեզ մոտ ընդունված է դատել գործողություններով, այլ ոչ թե խոսքերով, իսկ նրանք խոսում են այն մասին, թե ինչպես սկզբում խլեցին մասնավոր էներգետիկ ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացնում են երկաթուղու կոնցեսիայի հարցը»,- ասաց Օվերչուկը: Նրա խոսքով՝ տարածաշրջանի բոլոր երկրները շահագրգռված են ռուսական երկաթուղիներով, իսկ Հայաստանը միակն է, որը կասկածի տակ է դնում համագործակցությունը:

«Մեր բոլոր հարեւանները, նույնիսկ ԵՄ անդամ պետությունները, շահագրգռված են ռուսական երկաթուղային ցանցի օգտագործմամբ, եւ միայն Հայաստանի ղեկավարությունն է կասկածի տակ դնում համագործակցության շարունակությունը»,-ընդգծեց նա:

«Թրամփի ուղին» եւ տարածաշրջանային հավասարակշռությունը

Օվերչուկը ընդգծեց, որ «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար «Թրամփի ուղի» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից»: Նա նշեց, որ ԱՄՆ-ն նպատակ ունի Կենտրոնական Ասիայից կարեւորագույն հանքանյութերը արտահանել եւ վերահսկել Իրանի հյուսիսային սահմանը, ինչը ճնշում է ստեղծում Հայաստանի վրա:

Փաշինյանը մոսկովյան այցը գնահատեց հաջողված՝ նշելով ռազմատեխնիկական ոլորտում կոնկրետ պայմանավորվածությունների մասին, բայց փակագծեր չբացեց։ Նա ընդգծեց, որ Հայաստանի մրցակցային առավելությունները պետք է օգտագործվեն, իսկ հարաբերությունները Ռուսաստանի հետ բարձր են գնահատվում:

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում երկաթուղու կառավարման հարցը շարունակում է մնալ զգայուն թեմա։ Մոսկվան փորձում է պահպանել իր առեւտրատնտեսական եւ տարածաշրջանային շահերը, իսկ Երեւանը ձգտում է առավելագույնս օգտագործել տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական հնարավորությունները։

Հայ-ռուսական բանակցությունները կշարունակվեն, սակայն այդ հարաբերությունների ապագան կախված է լինելու թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական շահերի հավասարակշռության պահպանումից:

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930