«Իրանն այսօր». Թրամփն ազդարարում է հրադադար և 2 շաբաթով հետաձգում է Իրանին հարվածելը՝ պնդելով, որ համաձայնության են հասել և կարող են երկու շաբաթում վերջնական համաձայնագիր ունենալ։ Միջնորդը Պակիստանն է եղել։ Կան որոշ պայմաններ, մեջբերումները՝ Թրամփի էջից․
1.«Ես համաձայն եմ 2 շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարձակումները և ռմբակոծությունը՝ պայմանով, որ Իրանն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԱՆՄԻՋԱՊԵՍ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ բացում է Հորմուզի նեղուցը»:
2.«Մենք Իրանից ստացել ենք 10-կետանոց փաստաթուղթ, և կարծում ենք, որ այն գործածելի հիմք է բանակցությունների համար։ ԱՄՆ-ի և Իրանի միջև նախկինում եղած գրեթե բոլոր վիճելի հարցերը համաձայնեցված են, բայց երկու շաբաթ ժամանակը թույլ կտա ավարտին հասցնել համաձայնագիրը»։
Շատ կարևոր լուր է, որ տարածաշրջանն այսօր խուսափեց անկանխատեսելի էսկալացիայից։ Բայց եզրակացությունների հարցում չենք շտապում, քանի որ․
Կարդացեք նաև
Ա․ Սա կարող է մանևրելու քայլ լինել երկու կողմերի համար էլ։ Փաստ չէ, որ Իրանը կբացի Հորմուզի նեղուցը, կամ որ դա բավարար կլինի ԱՄՆ-ի համար։
Բ․ Սա կարող է ժամանակ շահելու հարց լինի երկու կողմերի համար էլ՝ ուժերը վերականգնելու և վերախմբավորելու համար։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտնել է, որ ԱՄՆ հետ բանակցությունները մեկնարկելու են ուրբաթ օրը, Իսլամաբադում։
Խորհուրդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի ներկայացրած տասը կետերը ընդունել որպես բանակցությունների հիմք։ Այդ կետերն են՝
🔹Չհարձակվելու մասին երաշխիք ,
🔹Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանում,
🔹Ուրանի հարստացման իրավունքի ճանաչում,
🔹Առաջնային և երկրորդային բոլոր պատժամիջոցների չեղարկում,
🔹Արտերկրում Իրանի հաշիվների ապասառեցում,
🔹Իրանի դեմ Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում,
🔹Իրանի կրած վնասների փոխհատուցում,
🔹Տարածաշրջանից ԱՄՆ ռազմական ուժերի դուրսբերում։
🔹Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
🔹ՄԱԿ ԱԽ բանաձևով այս կետերի ամրագրում։
Խորհուրդը նաև ընդգծել է. «Իրանի պատվարժան ժողովուրդը պետք է իմանա, որ թշնամին արդեն մեկ ամիս է՝ աղերսում է դադարեցնել կրակը, սակայն մեր պատասխանը եղել է բացասական, քանի դեռ մեր նպատակները լիարժեք չեն իրագործվել։ Այժմ մենք ավետում ենք ձեզ, որ պատերազմի գրեթե բոլոր նպատակներն իրականացված են (թվարկվում է ԱՄՆ-ին հասցված վնասները)։
Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կարգադրությամբ՝ որոշվել է մանրամասները վերջնականացնելու համար բանակցություններ անցկացնել Իսլամաբադում։ Առավելագույնը 15 օրվա ընթացքում դաշտում ձեռք բերված հաղթանակը պետք է ամրագրվի նաև քաղաքական հարթակում։ Այս ժամկետը կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել։ Սա չի նշանակում պատերազմի ավարտ, և Իրանը պատերազմի ավարտը կընդունի միայն այն ժամանակ, երբ, հաշվի առնելով 10 կետից բաղկացած ծրագրում Իրանի նկատի ունեցած սկզբունքների ընդունումը, դրանց մանրամասները նույնպես վերջնականացվեն բանակցություններում։ Եթե թշնամու անձնատվությունը վերածվեց վերջնական քաղաքական ձեռքբերման, մենք միասին կտոնենք այս պատմական հաղթանակը։ Հակառակ դեպքում, մենք կշարունակենք պայքարը ռազմի դաշտում՝ մինչև կհասնենք Իրանի ժողովրդի բոլոր պահանջների կատարմանը։ Մեր մատները ձգանի վրա են։ Թշնամու կողմից ամենափոքր սխալի դեպքում կտրվի ամենախիստ պատասխանը»։


















































