Մեր զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ, քաղաքագետ Տաթև Զորյանն է։
– «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» նախընտրական մեթոդը նորություն չէ․ գրեթե բոլոր իշխանությունների օրոք ընդդիմությունը թիրախավորվել է՝ իբր պատերազմ բերող ուժ։ Ե՞րբ է կտրվելու այս արատավոր շղթան, թե՞ դա մեր երկրի անվտանգային առանձնահատկությամբ ու աշխարհագրական դիրքով է պայմանավորված։
– Նախ, պետք է հստակ եւ մեկընդմիշտ տարբերենք 2 մոտեցում. Տեր-Պետրոսյանի առաջարկած խաղաղությունը հիմնված էր փոխզիջումների եւ միջազգային երաշխիքների վրա՝ հաղթանակած պետության դիրքերից։ Դա իրատեսական հնարավորություն էր՝ կանխելու մերօրյա աղետը եւ կառուցելու կայուն ապագա։ Նիկոլ Փաշինյանի «խաղաղությունը» պարտվածի նահանջ՝ է` առանց որեւէ երաշխիքի։ Սա ոչ թե կանխում է պատերազմը, այլ լեգիտիմացնում է թշնամու հաջորդ հարձակումը։ Այս շղթան արատավոր դարձավ այն ժամանակ, երբ պատերազմի եւ խաղաղության հարցը քաղաքական ուժերի կողմից օգտագործվեց որպես պարզունակ քաղաքական կամ նախընտրական մանիպուլյացիա, այլ ոչ թե պետական ռազմավարություն կամ ազգային անվտանգության հարց։ ՀԱԿ-ի դիրքորոշումը հստակ է եւ անփոփոխ. խաղաղությունը ոչ թե բարի ցանկություն է, սրտիկ-փուչիկ, այլ՝ քաղաքական հաշվարկի եւ ռազմավարական մտածողության արդյունք։
– ՀՀ առաջին նախագահը պարբերաբար քննադատում է գործող իշխանություններին եւ Փաշինյանին (ազգակործան պատուհաս)։ Կհաջողվի՞ այս ընտրություններով հեռացնել ապազգային իշխանություններին՝ հաշվի առնելով ընդդիմադիր դաշտի հակասությունները։
Կարդացեք նաև
– Նախագահ Տեր-Պետրոսյանի բնորոշումը ժամանակի ընթացքում, ցավոք, միայն հաստատվում է: Այո՛, ընդդիմադիր դաշտում կան հակասություններ, բայց այսօր խնդիրը ոչ թե «իշխանություն վերցնելն է», այլ՝ պետության փրկությունը: Եթե ընտրողը գիտակցի, որ իր ձայնը ոչ թե անձի, այլ պետության գոյության համար է, այս ապազգային ռեժիմի հեռացումը կդառնա անխուսափելի իրողություն: ՀԱԿ-ն անելու է ամեն ինչ, որպեսզի այդ գիտակցումը դառնա տիրապետող։
Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































