«Հրապարակի» զրուցակիցն իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանն է:
– Սահմանադրության փոփոխության մասին խոսող իշխանությունները, իրականում, թիվ մեկ սահմանադրախախտն են. օրինակները բազում են՝ վարչապետի ուղիղ ցուցումով անկախ պաշտոնյայի ազատումից մինչեւ քաղաքական հետապնդումներ, հիմա գումարվել է եւս մեկը՝ ընտրություններից շուրջ 3 ամիս առաջ ակտիվ քարոզարշավը։
– Սահմանադրությունն անհապաղ վերանայելու անհրաժեշտության մասին խոսում էին դեռ 2018 թվականից, ընդ որում, խնդիրն իբր իշխանության գերկենտրոնացումն էր վարչապետի ձեռքում։ Այժմ արդեն արմատապես փոխվել են թեզերը, պարզվում է՝ կառավարման ձեւն այլեւս խնդրահարույց չէ, այն պետք է մնա նույնը, իսկ, այ, «Անկախության մասին» հռչակագիրը խիստ հրատապ հարկ է հանել Սահմանադրության տեքստից, որպեսզի Արցախի իրացված ինքնորոշման իրավունքի եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դրույթների բացակայությունը համահունչ լինի Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանության սին պահանջներին։ Ինչ վերաբերում է քարոզարշավը սահմանված ժամկետից անհամեմատ վաղ սկսելուն, ապա դա նախատեսված է օրենսդրությամբ, սակայն խնդիրը ոչ թե ինքնին նախընտրական քարոզչությունն է, այլ դրա իրականացման իրավական գոնե նվազագույն պահանջների նկատմամբ անթաքույց ոտնձգությունները։
– Իշխանությունների ցինիզմն այնտեղ է հասել, որ ՀԱԵ եւ Վեհափառի դեմ քստմնելի արշավը տեղափոխվեց ՔՊ նախընտրական ծրագիր՝ Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու դրույթի տեսքով։ Սա մեր նորանկախ պատմության մեջ թերեւս ամենից մեծ խարանն ու խայտառակությունն է։ Արդյո՞ք սա քրեական պատասխանատվություն ենթադրող արարք չէ։
Կարդացեք նաև
– Այդ ամենին ավելացել է նաեւ Հայ եկեղեցու կառավարման կարգը վերանայելու խնդիրը, ինչն արդեն անվերապահ ցուցիչ է Սահմանադրության եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 9-րդ եւ 12-րդ հոդվածների նորմերի անթաքույց շրջանցման մասին։ Արդեն իսկ հօդս է ցնդում այն պնդումը, թե իբր Հայ եկեղեցու ներսում առկա է անլուծելի հակամարտություն, եւ ահա՝ իշխանությունը, բարի կամք դրսեւորելով, փորձում է միջամտել եւ լուծել։ Այսպիսի ձեւակերպումներով դրույթները հենց վկայում են այն մասին, որ քաղաքական իշխանությունն ինքն է «բարենորոգման» անվան տակ նախաձեռնել Հայ եկեղեցին իշխանությանը հնազանդեցնելու եւ վերահսկողության տակ վերցնելու առաքելություն, ինչը ոչ մի պարագայում հաջողություն չի գրանցի։ Պատահական չէ, որ կառավարման նոր, այսպես կոչված՝ սինոդալ կարգի օգտին են արտահայտվում իշխանամերձ օտարերկրյա սուբյեկտները՝ անտեսելով, որ այն ներդրվել է դեռեւս 19-րդ դարում, հենց Օսմանյան կայսրության ջանքերով, որպեսզի գաղութացված ժողովրդի եկեղեցին պահի իր անմիջական կառավարման եւ վերահսկողության ներքո։ Որեւէ այլ հիմք չկա՝ ենթադրելու, որ հակաեկեղեցական արշավի շահառուները հենց այս արտաքին ուժերը չեն։ Ընդ որում, Հայ եկեղեցին եզակի հզոր համասփյուռ կառույց է, որ կարող է խիստ ազդեցիկ դերակատարում ունենալ համազգային խնդիրներ լուծելու տեսանկյունից, եթե այդ ամենը պետական իշխանության կողմից համարժեք ընկալվի, եւ անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորվի։ Ինչեւէ, ակնհայտ հակասահմանադրական նորմերով ծրագրի շրջանառությամբ ակնհայտ խախտումներով քարոզչության փաստը բավարար է այդ քաղաքական ուժի գրանցումը մերժելու համար, սակայն ներկա մթնոլորտում դա բացառվում է՝ վերը նշված պատճառներով։
Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































