Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական հայը․ Մենք կարող ենք ավելին, քան պատկերացնում ենք. Մաս 2

Ապրիլ 08,2026 11:30 Share

Հոդվածի առաջին մասում քննարկվեց, որ աշխարհի կարգ ու կանոնի և միջազգային նոր իրավունքի տրամաբանությանը վերադարձնելու սուբյեկտների տեղերը բաց են, և որ այդտեղ հայերը տեղ ունեն, քանի որ հենց այդ կարգին հետևելու արդյունքում են 2018թ․-ից կրում զրկանքներ։

Սակայն այդ տեղը հնարավոր է գրավել միայն ազգային էգոցենտրիզմը հաղթահարելով և վերածվելով ազգային համամարդկային էության։

Ո՞րն է ազգային էգոցենտրիզմը։ Սա հասկանալու համար նախ հիշենք անձնական էգոցենտրիզմը։

Հայկական ազգայնականությունը քննադատում է այն մարդուն, որը չի ընդունում ընդհանուրի պաշտպանության գաղափարը և առաջնորդվում է միայն անձնական շահով․ ինչպես ասում են՝ մտածում է ստամոքսով կամ փորձում է փրկել միայն իր կաշին։ Սա անձնական էգոցենտրիզմն է։

Հայտնի է նաև համայնքային էգոցենտրիզմը՝ «Քանի դեռ մեր գյուղ թշնամին չի հասել, կարիք չկա կռվելու» կամ «Արցախը բեռ է Հայաստանի համար»։

Նույն թակարդը կարող է կլանել նաև ազգայնականությունը, երբ այն սահմանափակվում է միայն ազգային երազանքով և ազգային պատկանելությունը չի կապում աշխարհին օգտակար լինելու անսահմանության հետ։ Այդ դեպքում ինքնությունը պարփակվում է, դադարում է իրեն ընկալել տիեզերական մասշտաբում՝ որպես Երկիր մոլորակի մաս, և մնում է Արարատի ու Ամարասի սահմաններում։

Ի՞նչ ես անում Երկիր մոլորակի վրա, եթե առաքելությունդ կապված չէ նրա հետ։

Այսպիսով, անձնական և ազգային էգոցենտրիզմների կառուցվածքը նույնն է․ մի դեպքում՝ ամեն ինչ միայն ինձ համար, մյուսում՝ ամեն ինչ միայն ազգիս համար։

Հայաստանի ներկայիս կառավարությունը դուրս է այդ լայն՝ տիեզերական ընկալումից։ Ավելին՝ այն վնասակար է, որովհետև «խաղաղությունը»՝ տեղում դոփելը, գերադասում է զարգացումից։ Այն զբաղված է ոչ թե հայկական ինքնության ուժեղացմամբ, որպեսզի ուղղվի Երկիր մոլորակին օգուտ տալուն, այլ դրա թուլացմամբ, հետևաբար՝ նաև ազատության սահմանափակմամբ։ Հայերի ազատության և արդարության սահմանափակումը վնաս է նաև Երկիր մոլորակին, հետևաբար Հայաստանի ներկայիս կառավարությունը վնաս է հասցնում Երկիր մոլորակին։

Հայկական ներկայիս դիմադրությունը ազգայնական բնույթ ունի։ Այն, ինչ ճնշվում է, դիմադրում է․ ճնշվում է ինքնությունը՝ դիմադրում է ազգայնականությունը։

 

Այժմ հայկական ազգային դիմադրությունը հիմնականում հիմնվում է պատմական հիշողության և արդարության վրա և ենթադրում է պատմական տարածքների վերականգնում։ Այդ սահմաններից դուրս նրա երևակայությունը հազվադեպ է անցնում։

Սակայն հայկական ազգայնականության դիմադրությունն ունի իմաստի ընդլայնման կարիք, որպեսզի դադարի արդարություն պահանջել միայն իր համար և անցնի արդարություն ստեղծելուն։

Այն դեռևս չունի տիեզերականության, Երկիր մոլորակի հանդեպ պատկանելության և պատասխանատվության ամբողջական ընկալում։ Նրա երևակայությունը հաճախ չի հաղթահարում անձնական կամ ազգային հաղթանակի էգոցենտրիկ սահմանները։

Հայ ազգայնականը կարող է երազել Արևմտյան Հայաստան վերադարձի մասին, սակայն այդ վերադարձը հազվադեպ է դիտարկվում մարդկության ապագայի, մոլորակի զարգացման կամ տիեզերական հեռանկարի մեջ։

Եթե վերադառնանք՝ ի՞նչ։ Կանգնելո՞ւ ենք, հասնելու ենք «խաղաղության» ու դոփելու ենք տեղում։ Երկիր մոլորակը չի կանգնելու, արեգակնային համակարգը չի կանգնելու։ Ուրեմն հայկական վերադարձը վերջ չէ․ այն պետք է դառնա տիեզերական ընթացքի մաս՝ ծառայելով Երկիր մոլորակի կարիքներին։

Այսպիսով՝

  • ազգայնականությունը անհրաժեշտ է ինքնության պահպանման համար,
  • բայց բավարար չէ իմաստի ընդլայնման համար։

Այն ինքնին չի տալիս կյանքի իմաստի ամբողջական՝ տիեզերական ընկալում։ Սակայն պատմական այս փուլում հենց դրա միջոցով է հնարավոր հասնել այդ ընդլայնմանը, որովհետև, ինչպես նշվել է հոդվածի առաջին մասում, Արցախի հայ քաղաքական, ռազմական գործիչներն ու գործարարները Ադրբեջանի բանտերում զրկանքներ են կրում ոչ միայն հայկական ինքնության պաշտպանության, այլ նաև ազգերի ազատության, ժողովրդավարության և աշխարհի կարգ ու կանոնի համար։

Այս պատճառով հայկական հարցը այլևս միայն հայկական չէ։ Այն համամարդկային հարց է, որով հայերը կարող են աշխարհը վերադարձնել կարգ ու կանոնի՝ օգուտ տալ Երկիր մոլորակին և սփռել արդարություն։

Հոդվածի հաջորդ մասերում կքննարկվի, թե ինչպիսի մտածողություն, վարք և կենսակերպ է անհրաժեշտ, որպեսզի այս առաքելությունը դառնա ոչ թե գաղափար, այլ իրականություն։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930