Լրահոս
Օրվա լրահոսը

3 լավագույն ներկայացումներով հանդես կգանք մայրաքաղաքում. Լյուդվիգ Հարությունյան

Ապրիլ 08,2026 12:25 Share

«2025թ նոյեմբերին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը շատ մեծ շուքով նշեց հիմնադրման 160-ամյակը: Ամբողջ տարին թատերական էր. մեր թատրոնն ունեցավ հյուրախաղեր ԱՄՆ-ում, նաեւ Ղազախստանում մասնակցեց փառատոնի: Թեեւ տարին անցյալ տարի նոյեմբերին ամփոփեցինք տոնական համերգով, այնուամենայնիվ, որոշեցինք շարունակել միջոցառումները, քանի որ դեռ թատրոնի 160-րդ թատերաշրջանի ընթացքն է»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:

Լյուդվիգ Հարությունյան

«Ամեն տարի մենք մի քանի օրով մեկնում ենք Հայաստանի տարբեր մարզեր եւ մայրաքաղաք հյուրախաղերի: Այս տարին նույնպես բացառություն չէ: Մեր մայրաքաղաքի հանդիսատեսը ապրիլի 17-ին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում կդիտի «Արտիստիկ համերգ» ներկայացումը, ապրիլի 18-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում՝ «Ինկած բերդի իշխանուհին», իսկ ապրիլի 19-ին՝ «Բոհեմ» ներկայացումը Համազգային թատրոնում»,-տեղեկացրեց Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նրա ձեւակերպմամբ, երեւանյան հյուրախաղն այս անգամ առանձնահատուկ է մասշտաբայնությամբ՝ գալիս են մեծ խմբով ու 3 ներկայացումներով: «Իհարկե, հատկապես մայրաքաղաքից մենք շատ հանդիսատես ունենք, բայց որոշեցինք, որ թատրոնը պետք է պարտադիր իր 3 լավագույն եւ պահանջված ներկայացումներով հանդես գա մայրաքաղաքում:

Բացի նրանից, որ Թատրոնի միջազգային օրը մեր թատրոնը յուրաքանչյուր տարի մասնակցում է «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, մենք ինքներս նշում ենք մեր մասնագիտական տոնը: Այս տարի մեզ համար նվեր էր մեր նոր ներկայացումը, որը մայրաքաղաքից հրավիրված Արինա Արարատյանն էր իրականացրել: Խոսքն ըստ Մարկեսի բեմադրված «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» ներկայացման մասին է, որն արդեն 2 անգամ խաղացել ենք Գյումրիում»,- հավելեց Լյուդվիգ Հարությունյանը:

Նա հավելեց, որ 160-րդ թատերաշրջանը շարունակելու են նույն սկզբունքով՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն հրավիրվելու են տարբեր ռեժիսորներ՝ նոր ներկայացումներ բեմադրելու. «Վստահ եմ՝ մինչեւ տարեվերջ եւս 3 նոր առաջնախաղ կունենանք, կլինեն նոր ռեժիսորներ եւ նոր մեկնաբանություններ»:

Լյուդվիգ Հարությունյանը մանրամասնեց, որ իրենց թատրոնը երբեւէ սիրո մասին պատմող «Արտիստիկ համերգ» ներկայացման ձեւաչափով այլ ներկայացում չի ունեցել, այստեղ դերասանները ոչ միայն խաղում են, այլ կենդանի նվագակցությամբ երգում ու պարում: «Ինկած բերդի իշխանուհին» քանիցս խաղացել են Երեւանում, նրա խոսքով, հիմնական ուղերձն այն է, որ պետք է գտնել մեր սխալները եւ գիտակցել, որ ամենակարեւորը համերաշխությունն ու սերն են, իսկ վրեժը ոչ մի լավ տեղ չի տանում: Ինչ վերաբերվում է «Բոհեմ» փաստավավերագրական ներկայացմանը, ասաց, որ այն կանանց մասին է, որոնք գրավեցին ամբողջ աշխարհը, բայց տանուլ տվեցին իրենց անձնական կյանքը:

Արամ Կարապետյան

Գյումրու թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանն ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը կապիտալ մեծ ծախսեր է արել թատրոնի վրա, միայն 90 մլն դրամի սահմաններում լուսային տեխնիկան է թարմացվել, 43 մլն դրամ ներդրվել է ձայնային տեխնիկայի վրա: «Մենք միշտ կապիտալ ծախսերի հետ կապված խնդիր ենք ունեցել, լուսային համակարգը 1968-70 թվականների էր, լամպերն արդեն անհնար էր գնել, քանի որ արտադրությունից դուրս էին եկել: Մեկնարկել է նաեւ թատրոնի կաթսայատան վերազինումը: Մինչ այդ թատրոնը տաքանում էր 1968-70 թվականների սարքերով: Այժմ 30 մլն դրամ է ներդրվել եւ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այդ ամենը փոխվում է»,-ընդգծեց տնօրենը: Նա ասաց նաեւ, որ վերջին մեկ տարվա ընթացքում թատրոնի վրա արվել է մոտ 180 մլն դրամի ներդրում, մի բան, որ վերջին 30 տարվա ընթացքում միասին վերցված չի եղել:

 Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930