«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» համահիմնադիր, խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը «Առավոտի» խնդրանքով գնահատում է, թե քաղաքական ուժերի կողմից այս պահին ներկայացված տնտեսական ծրագրերից որո՞նք են ավելի իրատեսական և օգտակար ՓՄՁ-ների համար: Նաեւ ներկայացնում է, թե ՓՄՁ-ներին վերաբերելի ի՞նչ խոստումներ կցանկանային տեսնել քաղաքական թիմերի տնտեսական ծրագրերում:
-Վերջին շրջանում կարծես բոլոր քաղաքական թիմերը հատուկ առանձնացված խոսում են հենց ՓՄՁ-ների մասին, նոր խոստումներ տալիս, ծրագրերում առանձնացված տեղ են հատկացնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Այն, որ այս նախընտրական շրջանում ավելի շատ է խոսվում և հատուկ վերաբերմունք է հենց ՓՄՁ-ների հանդեպ, կարծում եմ՝ շատ բնական է ։ Պետք է հաշվի առնել, որ ՓՄՁ-ները համարյա թե բոլոր երկրներում, ինչպես նաև մեր երկրում, ընդգծված մեծամասնությունն են տվյալ երկրում գործող ակտիվ տնտեսավարողների։ Այսինքն` նրանք առնվազն դիտարկվում են որպես ցանկացած երկրի՝ այդ թվում և մեր, կարևոր ընտրազանգված։
Ուրիշ հարց է, որ արդարացի լինելու համար պետք է ընդգծենք, որ գործող իշխանություններն էլ այս տարիների ընթացքում, իրենց վարած քաղաքականությունների արդյունքում, տեղիք են տվել, որ նրանց մրցակիցներն ավելի շատ խոսեն և ավելի լավ պայմաններ խոստանան հենց ՓՄՁ-ներին։ Նոր բան ասած չեմ լինի, եթե նորից հիշատակեմ, թե վերջին տարիներին քանի վատթարացնող օրենսդրական նորմեր և միջոցառումներ իրականացվեցին հենց ՓՄՁ-ների դեմ՝ սկսած արդեն քսան տարուց ավելի Հայաստանում գործող պետական ՓՄՁ աջակցության կենտրոնի փակումից, վերջացրած հարկային փոփոխություններով և այլ կարգավորումներով։
Կարդացեք նաև
-Իսկ քաղաքական ուժերի կողմից ներկայացված տնտեսական ծրագրերից որո՞նք եք համարում, որ ավելի իրատեսական են և հենց ՓՄՁ-ների համար օգտակար:
-Չէի ցանկանա, որպեսզի ՓՄՁ Ասոցիացիան այս փուլում հանդես գար արբիտրի դերում, մանավանդ, որ այս օրերին քաղաքական կառույցների կողմից ՓՄՁ-ների մասին արված, հրապարակված խոստումները դեռևս թեզիսային մակարդակում են, կամ ոչ բոլորն են ներկայացրել դրանք։ Իհարկե, մենք հետևում ենք և կարևորում ենք, որպեսզի քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերում հստակ տեղ ունենան հենց ՓՄՁ-ներին վերաբերելի գործողություններ։
-Այնուամենայնիվ, թեկուզ թեզիսային մակարդակում, որո՞նք կառանձնացնեիք, որոնց ծանոթ եք:
-Իշխող քաղաքական ուժի վերջերս հրապարակված ծրագրում ընդամենը մեկ տեղ ենք հանդիպում ՓՄՁ-ների մասին հիշատակում՝ ՓՄՁ-ի ՀՆԱ-ի մասնաբաժնի ավելացում 33 տոկոսից մինչև 40 տոկոսի, որը կարծում եմ՝ շատ մանիպուլյատիվ և ոչ հստակեցված խոստում է, հաշվի առնելով, որ ՓՄՁ այսօրվա դասակարգման մեջ ներառված են նաև տարեկան 1.5 մլրդ դրամ շրջանառություն ունեցող միջին համարվող տնտեսավարողներ, որոնց հաշվին դա վիճակագրորեն ապահովելով, կարելի է ասել՝ մենք մեր խոստումը կատարեցինք։
Առաջիններից, որը ՓՄՁ-ների համար ամենաականջահաճո հայտարարությունն արեց՝ «Ուժեղ Հայաստանն» էր, որը հայտարարեց ՓՄՁ-ների հարկերը զրոյացնելու, վարսավիրներին և այլ ոլորտները հարկերից ազատելու մասին, որը հետո խմբագրվեց և նշվեց, որ շրջանառության հարկն են միայն ազատելու և այլն։ Սա ևս շատ թեզիսային հայտարարություն է, որն իր ետևից բերում է մի շարք հարցեր, թե ինչպես է դա արվելու, ինչպես է որոշվել հենց այդ ոլորտները և ինչով են դրանք առաջնահերթ մեր երկրի համար, հարկերից ազատումն է արդյոք խնդիրը և այլն։
«Հայաստան» դաշինքն իր հերթին խոստացել է հարկային արձակուրդ՝ ստուգումներ չանելու և էլի մի քանի ոչ հստակ ձևակերպումներ, նորից շատ թեզիսային մակարդակի հայտարարություններ։
«Միասնության թևերից» եմ լսել շրջանառության հարկի ստատուս քվոյի վերականգնման խոստում և այլն, նորից կարող եմ ասել թեզիսային հայտեր։
Հիմա կարող է որևէ քաղաքական ուժի ՓՄՁ-ներին վերաբերելի մասով արված հայտարարությունը մոռանամ, չհիշատակեմ, ամենևին ոչ միտումնավոր, այլ նորից կրկնեմ, որ այս փուլում և այս ձևաչափով անդրադարձը կարող է շատ թերի հնչել։
Իմ, գուցե նաև սուբյեկտիվ, կարծիքով կարևոր բացը, որն այս փուլում տեսնում եմ բոլոր ուժերի մոտ, դա մեր երկրում գործող ՓՄՁ-ների, իսկ մեզ համար ամենաթիրախային խումբ համարվող գերփոքր տնտեսավարողների մասին իրական ախտորոշման բացակայությունն է ։
-ՓՄՁ-ներին վերաբերելի ի՞նչ խոստումներ կցանկանայիք տեսնել քաղաքական թիմերի տնտեսական ծրագրերում:
-Ելնելով այս իրավիճակից, մենք վերջերս, սեփական նախաձեռնությամբ և մեր ռեսուրսներով, հիմնելով ՀՀ ՊԵԿ տվյալների վրա, հրապարակեցինք ՓՄՁ-ների մասին համառոտ վերլուծություն, որով փորձում ենք որպես ՓՄՁ Ասոցիացիա ներկայացնենք այն խնդիրները, այն իրավիճակը, որոնց մասով պետք է ահռելի աշխատանք կատարել մեր երկրում ՓՄՁ և նորից կրկնեմ՝ մասնավորապես գերփոքր տնտեսավարողների իրական զարգացում ապահովելու համար։
Չեմ պնդում, որ հենց այս վերլուծությունն է տալիս ամբողջ ՓՄՁ վիճակի ախտորոշումը, բայց դա արել ենք՝ ելնելով մեր երկրում օրենքով սահմանված ՓՄՁ դասակարգումից, նրանց կազմակերպաիրավական ձևերի քանակների, զարգացվածության համադրությունից, փորձելով, մեր առօրյա աղմուկի մեջ, մի փոքր լրջացնել այս թեմայով ասելիք ունեցողներին։
Մի քանի օրինակներ բերեմ այդտեղից, որոնց շուրջ ես ինքս աշխատանք կտանեի։ Օրինակ` մեր երկրում գործող ընդհանուր տնտեսավարողների թիվը 2024-25թթ-ի կազմել է 168-174 հազար, բայց երբ մենք խնդրեցինք դիտարկել այդ կազմից միայն ակտիվ և առևտրային գործունեություն վարողների քանակը, ապա դա կիսով չափ քիչ էր՝ 72-75 հազար։ Ճիշտ է, մեկ տարվա ընթացքում մոտ երեք հազարով ավելացել են, բայց սա մեծ թիվ չէ երկրում ակտիվ տնտեսավարողների համար։ Դրանց մեջ ակտիվ ՓՄՁ-ները կազմել են մոտ 97 տոկոս, որոնց կազմում ցավոտ արձանագրում է մնացել, մեծամասնություն կազմող անհատ ձեռնարկատերերը՝ դրանք ակտիվ ՓՄՁ-ների մոտ 50 տոկոսն են, բաժնետիրական ընկերությունները շարունակում են փոքրամասնություն կազմել, որոշ խմբերում դրանց քանակը նվազել է։ Այսինքն` մեր երկրում ակտիվ տնտեսական գործունեություն իրականացնողների մեջ շարունակում են քանակային գերակշռել մարդ/տնտեսավարողները։
Ակտիվ ՓՄՁ-ների կազմում, ըստ գործունեության ոլորտի՝ շարունակում են մեծամասնություն կազմել առևտրի ոլորտում գործողները՝ ՓՄՁ-ների մոտ 40-41 տոկոսը, իսկ դրան հակառակ՝ արտադրության ոլորտում գործողները ընդամենը 11 տոկոսն են։
Փաստաթղթում առանձին անդրադարձ ենք արել գերփոքր համարվող հաշվապահական և իրավաբանական ծառայություն մատուցողներին, եւ տեսնում ենք, որ վերջիններիս հայտարարագրած իրացման շրջանառությունը համարյա կիսով չափ ընկել է, իսկ հարկային բեռն անգամներով բարձրացել։ Սա վերջին շրջանում իրականացված հարկային փոփոխությունների արդյունքն է։
Մյուս ոլորտներում ևս հարկային արդյունավետ դրույքների համատարած բարձրացում է արձանագրվել։ Սկսնակ և գործող ՓՄՁ-ների համար շարունակում է առաջնային խնդիր մնալ ֆինանսների հասանելիությունը, ցածր տոկոսով բիզնես վարկերն ու առանց գրավի ֆինանսներ հայթայթելը այսօր լուրջ մարտահրավեր է։
Միջազգային կառույցների տարբեր հրապարակումներում շարունակվում են հիշատակումները ՓՄՁ զարգացման պետական կառույցի փակման վատ հետևանքների մասին։ Ինչպես նաև մանրածախ առևտրի ոլորտում սահմանափակ տնտեսավարողների մեծ մասնաբաժին ունենալու և դրա վտանգավոր ազդեցությունը իրական մրցակցության վրա։ Սրանք օրինակներ են, որոնք շտկելու համար մեծ աշխատանք պետք է կատարվի։
Շատ կարևոր է նաև, թե գալիք քաղաքական թիմերում ովքեր են լինելու տնտեսության զարգացման համար պատասխանատու անձինք, որքանով են նրանք մոտ իրական տնտեսությանը, մասնավորապես իրական ՓՄՁ-ներին։
Մոտ օրերս, ՓՄՁ Ասոցիացիայով նախաձեռնելու ենք առանձին մասնագիտական քննարկումների շարք իրական ՓՄՁ-ների և բարձր վարկանիշ ունեցող քաղաքական կառույցների տնտեսական պատասխանատուների հետ, որտեղ փորձելու ենք ստանձնել կուսակցական կառույցների և ՓՄՁ-ների միջև երկխոսություն ապահովողի դեր։ Հույս ունենք, որ այս ձևաչափով քննարկումները հնարավորություն կտան հենց մեր ՓՄՁ-ներին ավելի հստակ կողմնորոշվել իրենց ապագա ընտրություններ կատարելու հարցում։


















































