Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ժամանակահատվածում փոփոխության ընդունումը չպետք է դիտարկվեր որպես առաջնային՝ ընկալվելով որպես լրացուցիչ բեռ ընտրություններին մասնակցող սուբյեկտներից ոմանց վրա. «Անկախ դիտորդ»

Ապրիլ 08,2026 13:08 Share

«Անկախ դիտորդ»-ն ընտրական օրենսգրքում հրատապ կարգով փոփոխություններ իրականացնելու մասին

2026թ․ ապրիլի 6-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ներկայացրել են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Այս նախագիծը անդրադառնում է երկու խնդրի, որոնք ծագել էին 2024 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված փոփոխություններից, սակայն բացահայտվել էին միայն ԱԺ հերթական ընտրությունների նշանակումից հետո։

Առաջին խնդիրը վերաբերում էր քվեաթերթիկի անվավերության հիմքերին՝ ծրարում այլ իրի առկայությամբ ծրարը մարելու և քվեաթերթիկը անվավեր համարելու հիմքը հանվել էր։

Երկրորդ խնդիրը ակնհայտորեն հանրային մասնակցությամբ չքննարկված մոտեցման հետևանքով խմբագրական սխալի արդյունք էր՝ հանվել էր ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքի անվանման սահմանափակումների մասին դրույթը, թողնելով համանման կարգավորումը Ընտրական օրենսգրքի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ կարգավորումներում և Կուսակցությունների մասին օրենքում՝ կուսակցությունների անվանումների հետ կապված։

Երկու խնդիրներն էլ բացահայտել և բարձրաձայնել են դիտորդական առաքելությունները։

Այնուամենայնիվ, այս խնդիրների լուծմանը միտված արձագանքը, հրատապության կարգով փոփոխությունը չի կարող արժանանալ միանշանակ գնահատականի։

1․ Հարկադրանքի ներքո կամ ընտրակաշառքի ազդեցությամբ ծրարում այլ իր տեղադրելով ընտրողի անձի բացահայտման հնարավորությունը կարող է էականորեն խաթարել ազատ ընտրությունների սկզբունքը և ընտրողի քվեարկության վերահսկման արդյունավետ մեխանիզմ դառնալ։

Այդ բացը վերացնելու նպատակով Անկախ դիտորդ դաշինքը պատրաստ էր շարունակել ջատագովությունը ընդհուպ մինչև քվեարկության մեկնարկը և ողջունում է օր առաջ այդ բացի վերացումը։

Ավելին, կարծում ենք, որ այս փոփոխություններին զուգահեռ հրատապ էր նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկության և հաշվետվողականության դրույթների բարելավումը, որոնք քննարկվում էին դեռևս նախորդ տարվա վերջին։ Գտնում ենք, որ ընտրությունների ամբողջականությանն ուղղված պատճառաբանված և հիմնավորված փոփոխությունների իրականացումը չի կարող պայմանավորված լինել դրանց ընդունման ժամանակով։

2․ Համամասնական ընտրակարգի առանցքում պետք է լինի կուսակցությունների, քաղաքական ծրագրերի ու գաղափարախոսությունների մրցակցությունը և ոչ անձակենտրոն մոտեցումը, որը շարունակում է մնալ հայաստանյան քաղաքական մշակույթում։ Հենց այդ նպատակով 2022թ․ Ընտրական օրենսգրքում փոփոխություններով սահմանվել էր դաշինքների անվանումներում անձնանունների, տեղանունների, վիրավորական արտահայտությունների օգտագործման արգելքը՝ նույնանման արգելք դնելով նաև կուսակցությունների անվանումների վրա։

Մեզ համար անհայտ պատճառներով՝ առանց որևէ հիմնավորման և քննարկման, դուրս մնացած այս կարգավորումը պետք է վերականգներ նշված արգելքը։ Սակայն ընտրական գործընթացների կարգավորումների, ընտրությունների բարեվարքության հետ ուղղակի առնչություն չունեցող այս փոփոխության մասին բարձրաձայնելով, մենք այս փուլում դրա վերադարձի վերաբերյալ առաջարկություն չենք ներկայացրել և կարծում ենք, որ այս ժամանակահատվածում փոփոխության ընդունումը չպետք է դիտարկվեր որպես առաջնային՝ ընկալվելով որպես լրացուցիչ բեռ առաջիկա ընտրություններին մասնակցող սուբյեկտներից ոմանց վրա։

Ընտրողների իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանության դիրքերից հանդես գալով՝ բոլոր քաղաքական ուժերին հորդորում ենք զերծ մնալ այնպիսի քայլերից, խոսույթից և գործողություններից, որոնք չեն բխում ազատ և արդար ընտրությունների երաշխավորման, ընտրական իրավունքի պաշտպանության հրամայականից։

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930