«Հետպատերազմյան տնտեսություն, հիմնականում քայքայված, արդյունաբերություն գրեթե չկար․ սեղանիկները կհիշեք, թուրքական էժան շոկոլադ, իրանական վաֆլի, թուրքական BOSS սվիտրներ, արտադրական ձեռնարկություններ չկային, ներդրողներ՝ չկային, արտասահմանյան ներդրողների մասին ոչ ոք չէր լսել»,- «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացման ժամանակ, արդեն հեռավոր 1990-ականների իրավիճակը հիշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատմական այս էքսկուրսից հետո նա հայտարարեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՅԴ-ի իշխանության գալուց հետո, մի քանի տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը արագորեն սկսեց աճել, այնքան արագ, որ համաշխարհային բանկը Հայաստանը կոչեց տարածաշրջանի «տնտեսական վագր», երկար արտագաղթից հետո Հայաստանն ունեցով դրական միգրացիա՝ ներգաղթ։
Դաշինքի ծրագիրը հինգ տարվա համար է նախատեսված, ծախսային մասը բյուջեի վրա է ծանրանալու, բայց, Արթուր Խաչատրյանի հավաստմամբ, այն քայլերը, որոնք իրենք նախատեսում են, ապահովվելու են այդ գումարների ներգրավումը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գալով մեր օրեր, ասաց՝ եթե գալիք ընտրություններում հաղթեն եւ կրկին վերադառնան իշխանության, ապա իրենց քաղաքականության արդյունքում արդյունաբերությունը կրկնապատկվելու է՝ ՀՆԱ-ի 25 տոկոսը կազմելով։ Դա արվելու է հարկային արտոնությունների եւ թիրախային աջակցության միջոցով։ Փոխելու են հասարակության գնումների վարքագիծը՝ խրախուսելով, որ գնեն հայկական արտադրանք՝ աջակցելով հայրենական արտադրողին, որպես արդյունք՝ ստեղծելով աշխատատեղեր։
Բարձր տեխնոլոգիաները կազմելու են տնտեսության 10 տոկոսը եւ սա իրական է։ Հիշեցրեց, որ ոլորտի հայտնի ընկերությունները Հայաստան են եկել 90-ականներին։
Ներմուծման փոխարինման քաղաքականություն են կիրառելու՝ շահութահարկի եւ ԱԱՀ չեղարկում է լինելու ռազմավարական ճյուղերում եւ բարձր սոցիալական շրջանակ ներառող ճյուղերում՝ գյուղատնտեսություն, տեքստիլ եւ այլն, որպեսզի տեղական արտադրողը խրախուսվի։
Փոքր ՓՄՁ-ների հարկերի վերադարձ են անելու, արտահանման, խորհրդատվական աջակցություն են ցուցաբերելու։
Արթուր Խաչատրյանի բնութագրմամբ՝ բանկերը կտրվել են տնտեսությունից, ֆինանսավորում են սպառումը, սպառողական հասարակության ձեւավորմանն են նպաստում, կենսաթոշակային ֆոնդերը իրական տնտեսության մեջ ներդրումներ չեն անում։ Իրենք գործիքներ են կիրառելու, որպեսզի ապահովվի իրական տնտեսության մեջ ներդրումներ անելը․ «Կան այդ ներքին ռեսուրսները եւ կարող ենք»։
Վերանայվելու են բանկային «սեւ ցուցակները», որպեսզի մի քանի տարի առաջ պարտականությունները թերացումով կատարած մարդը ստիպված չլինի գնալ վաշխառուների մոտ եւ թանկ փողեր պարտք վերցնել։
Լուրջ աշխատանք են տանելու զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ․ «Թիրախը լինելու է հինգ միլիոն զբոսաշրջիկ․ նկատի ունեմ մարդիկ, ովքեր գալու են Հայաստան կյանքը վայելելու, ոչ թե առաքիչ աշխատելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































