ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տեղեկությանը, որ Ռուսաստանում փորձում են դադարեցնել Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման լիցենզիան եւ հայկական այլ ապրանքների մասով սահմանափակումներ են կիրառվում։
«Այս պահին այդպիսի բողոքներ չենք ստացել։ Այսինքն՝ գիտենք այնքանով, ինչքանով դուք հնչեցրեցիք, այսինքն՝ այն, ինչ բաց մամուլի տեղեկություններով շրջանառվում է։ Բայց մի բան հիշեցնեմ, որ այն, ինչի մասին խոսվում է, դա նոր երեւույթ չէ։ Պատմության ընթացքում մենք պարբերաբար այդպիսի հարցեր ունենում ենք։ Եթե կհիշեք, անցած տարի տարբեր ապրանքների հետ կապված որոշակի խնդիրեր էին եղել։ Հատկապես Լարսն անցնելուց լինելում էին ֆիտոսանիտարական հարցեր, ինչ-որ պահանջների պետք է ենթարկվեին տարբեր ապրանքներ։ Այդ պահանջները պարբերաբար խստացվում են, պարբերաբար թուլացվում են։ Այսինքն՝ դա բնականոն գործընթաց է։ Եվ մեր հորդորը մեր հարկ վճարողներին ու տնտեսվարողներին այն է, որ հետեւեն այդ պահանջներին։ Օրինակ՝ անցած տարի երկու հիմնական խնդիր ենք արձանագրել։ Լինում են դրվագներ, երբ ապրանքաքանակները չեն համապատասխանում պահանջներին։ Լինում են դրվագներ, որ ռուս գործընկերների կողմից հարց է բարձրացվում, թե ինչու, օրինակ, պատշաճ չի նշվում այն տնտեսվարողը, որին մատակարարվում է տվյալ ապրանքը։ Այս երկու խնդիրներին էին սովորաբար օրակարգում, եւ դրանք կառավարելի են։ Մենք նման իրավիճակներում քննարկումներ ունենում ենք մեր ռուս գործընկերների հետ»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ ինչ վերաբերում է Պռոշյանի կոնյակի գործարանի մասին տեղեկությանը, ապա այդ մասին լրագրողներից է իմացել։ Ասաց, որ կուսումնասիրի ու կհասկանա՝ ինչ լիցենզիայի դադարեցման մասին է խոսքը։
Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ քաղաքական դրդապատճառների մեջ չի ուզում մտնել, բայց պարզ է՝ աշխարհում կտրուկ փոփոխություններ են լինում։ «Հիմա, եթե Ռուսաստանի վերահսկող մարմինները որոշակի հանձնարարական են ստանում կամ իրենք որոշում են, որ ժամանակ առ ժամանակ պետք է խստացումներ անեն, դրա համար ես հորդորում եմ մեր հարկ վճարողներին ու բիզնեսմեններին՝ ուղղակի հետեւել կանոններին։ Կանոններին հետեւելը հնարավորություն է տալիս պետությանը ցանկացած իրավիճակում կանգնել իրենց մեջքին։ Երբ լինում է իրավիճակ, որ հենց բիզնեսմենն է մեղավոր լինում, շատ դժվար է լինում մեր մակարդակով բանակցել մեր գործընկերների հետ եւ փորձել այդ հարցերին լուծումներ տալ։ Իսկ թե ինչ տեղի կունենա, կախված կլինի նրանից, թե ինչ չափի խստացումներ կլինեն, հատկապես վերահսկողության տեսանկյունից։ Դրա չափից կախված մենք արդեն կարող ենք գնահատել ու հասկանալ, թե ինչ էֆեկտ ունի։ Բայց անցած տարվա խնդիրները, որոնք իրենց ծավալով բավականին մեծ էին, դրանք իրենց բացասական էֆեկտն ունեցան մեր արտահանման ծավալների վրա, հատկապես կոնյակի մասին է խոսք գնում։ Բայց տնտեսությունը շատ չտուժեց, այսինքն՝ տնտեսական դինամիկայի վրա իր ազդեցություն ավելի սահմանափակ եղավ, ինչո՞ւ, որովհետեւ այդ ընթացքում եւ Վրաստանի, եւ Ռուսաստանի հետ կարողացանք լուծումներ գտնել»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանին հետապնդելու մասին, հրահանգ տվե՞լ է ՊԵԿ-ին, Էդուարդ Հակոբյանն ասաց․ «Մեր վարչարարությունն իրականացվում է թիրախային ռիսկերի հիման վրա։ Պարզ է, չէ՞, որ ՊԵԿ անմիջական ղեկավարը վարչապետն է։ Եվ բնական է, որ ժամանակ առ ժամանակ կարող են հարցեր ծագել, թե, օրինակ, այս կամ այն բիզնեսն ինչ ռիսկեր ունի, ինչ ստվերային խնդիրներ ունի, ինչ հարցեր կան։ Նման խոսակցություններ, իհարկե, վարչապետի հետ տեղի են ունենում, եւ դա շատ բնականոն է, ընդհուպ մինչեւ մենք ինքներս ենք նախաձեռնում բազմաթիվ վերլուծություններ եւ ներկայացնում ենք։ Պարզ է, որ գնում ենք ռիսկերի հետեւից թիրախային։ Այն, ինչ դուք ասում եք՝ հարկային տեռոր, դա անօրինական շարժում է դեպի հարկ վճարողը, ինչ-որ գործողություններ անելու, որոնք օրենքից դուրս են։ Բայց մենք այդպիսի գործողություն չենք արել ու չենք էլ անելու»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































