«Հիմա մենք 25 տարի հետ ենք գնացել։ Գրչի մի հարվածով գյուղատնտեսության նախարարությունը քանդվեց։ Մեր վարելահողերի կեսից ավելը չի մշակվում։ Դրա համար սենց հորթի հրճվանքով ասում են՝ վա՜յ Ղազախստանից չորրորդ կարգի ցորեն ենք ներմուծել․ սա երկար շարունակվել չի կարող»,- «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հայաստան» դաշինքի գյուղատնտեսությանը վերաբերող ծրագիրը ուղղված է լինելու գյուղատնտեսության եկամտաբերության բարձրացմանը, որպես արդյունք նաեւ գյուղում կյանքի որակի բարելավմանը, պարենային անվտանգության ապահովմանը․ «Չես կարող առանց կալոշների գյուղում քայլել։ Անհրաժեշտ է, որ մարդիկ մնան գյուղում, ամրապնդեն մեր սահմանները»։
«Մենք խթանելու ենք կոոպերացիան եւ հողերի խոշորացումը՝ սեփականության իրավունքի պահպանմամբ»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ փոքր հողակտորների մշակությունն արդյունավետ չէ։ Նաեւ՝ խոստանում են, որ պետությունն աջակցելու է գյուղացիներին՝ բարձրարժեք սերմեր, տնկիներ, տոհմային անասուններ ձեռք բերելու հարցում։ Գյուղացիներին կտրամադրվի նաեւ խորհրդատվական օգնություն։
Դաշինքի՝ գյուղատնտեսական ծրագրով նախատեսվում է մինչեւ 15 միլիոն դրամի արտոնյալ՝ զրոյական տոկոսադրույքով վարկավորում, շուկայականից էժան վառելիք ու սերմացու, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ներդրում, ինչպես նաեւ իրացման ու արտահանման հարցերով աջակցություն։
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքը խոստանում է նաեւ գյուղատնտեսության ապահովագրություն․ «Չի կարող մարդը մի ամբողջ տարի չարչարվել, ու հանկարծ կարկուտի, վնասատուների կամ ցրտահարության պատճառով ամեն ինչ կորչի։ Պետությունը կսուբսիդավորի հակակարկտային կայանների ձեռքբերումը»։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































