Մաքսային ստուգումների գործընթացը մոտեցնում ենք հարկային ստուգումներին եւ էական փոփոխություններ ենք առաջարկում, որոնք հստակեցնում են մաքսային համակարգի հետ առնչվող տնտեսավարող սուբյեկտների համար խաղի կանոնները: Այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:
Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է մաքսային ստուգման կամերալ եւ արտաքին տեսակների մասով կատարված լրամշակումներին: Սահմանված չեն կամերալ մաքսային ստուգման ժամկետը, ստուգման սկիզբ համարելու ամսաթիվը: Կամերալ մաքսային ստուգումն իրականացվում է առանց վարչական վարույթի մասին ծանուցման եւ առանց ստուգման ժամկետի սահմանափակման, որն անորոշությունից բացի ստեղծում է իրավիճակ, որ ստուգումները վիճարկվում են պարբերաբար:
Առաջարկվում է սահմանել, որ կամերալ ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 40 աշխատանքային օրը, ինչպես նաեւ կամերալ ստուգում սկսելու մասին ստուգման ենթակա անձը պետք է ծանուցվի: Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող երկարաձգվել եւ չի կարող կասեցվել:
Մյուս խնդիրն արտագնա մաքսային ստուգումներին է վերաբերում: Այստեղ եւս ընթացակարգերը հստակեցված չեն, սահմանված չեն արտագնա մաքսային ստուգման ժամկետի կասեցման, վերացման պահը, կասեցման հիմքերը: Առաջարկվում է այդ հիմքերը ստեղծել, դրանք են՝ քրեական վարույթ իրականացնող կամ այլ իրավասու գերատեսչությունների հարցումներ կատարելու, ստուգմանն առնչվող փաստաթեղթերի հետաքննության, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու, մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման եւ համապատասխան հաղորդման ներկայացման, մաքսային փորձաքննություն անցկացնելու դեպքերը:
Կարդացեք նաև
Հաջորդ խնդիրը ստուգվող անձի կողմից ստուգման ակտին նախապես ծանոթանալու եւ առարկությունների ներկայացման իրավական հիմքերին է վերաբերում: Առաջարկվում է սահմանել, որ մաքսային ստուգման արդյունքների ամփոփման նպատակով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումն ավարտվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի եւ ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների կատարման խախտումներ հայտնաբերած լինելու դեպքում կազմում է ստուգման ակտի նախագիծ: Մաքսային ստուգման ակտի վերաբերյալ ստուգվող անձի կողմից առարկություններ ներկայացնելու ժամկետը եւս 10 աշխատանքային օր է:
Կսահմանվեն ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների տեսակները: Դրանք են՝ մաքսային հայտարարագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, մաքսային վճարների կամ հարկերի ներքին շուկայի պաշտպանության միջոցների գծով պարտավորությունների հաշվարկման վերաբերյալ եւ այլն:
Առաջարկվում է ծանուցման եղանակներ սահմանել, պատասխանատվության նորմերը հստակեցնել այն կազմակերպությունների նկատմամբ, որոնց մոտ մաքսային ստուգման արդյունքում հայտնաբերվել է մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, այլ հարկերի, տուրքերի եւ վճարների չհաշվարկման կամ պակաս հաշվարկման դեպքերը: Պատասխանատվություն կրելու է կոնկրետ կազմակերպությունը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ԱԺ


















































