Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է բիզնես միջավայրի լավացմանը. Էդուարդ Հակոբյան

Ապրիլ 08,2026 15:59 Share

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ հարկային եւ քրեական օրենսգրքերում, ինչպես նաեւ լրացում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը երկար ժամանակ քննարկվել է Կառավարությունում եւ խորհրդարանում: «Սա չի նշանակում, որ քննարկումներն այս փուլով ավարտվել են: Մենք դաշտը դեռ բաց ենք պահում, որովհետեւ առաջիկայում քննարկելու հարցեր կլինեն: Հարցի վերաբերյալ հնչել են քննադատություններ, միչդեռ ՊԵԿ-ն իր գործառույթներն է իրականացնում ստվերի կրճատման ուղղությամբ»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

Հարցն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում քննարկման է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: Նա նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է հարկային վարչարարության առանցքային բարեփոխումներ եւ ուղղված է բիզնես միջավայրի լավացմանը:

Փաթեթի ընդունումը հնարավորություն կտա վերանայել հարկերից խուսափելու հանցավոր արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային շեմը, լավարկել հարկային մարմնի կողմից ուժի մեջ մտած վարչական ակտով արձանագրված հանգամանքների հիմքով քրեական վարույթ նախաձեռնող մարմնին հաղորդումներ ներկայացնելու, ինչպես նաեւ այլընտրանքային մեխանիզմ ներդնելու արդյունքում գույքի արգելադրման քրեադատավարական ընթացակարգերը:

Զեկուցողը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու խոշոր չափ է համարվում 10 մլն դրամը, իսկ առանձնապես խոշոր չափը՝ 20 մլն դրամը գերազանցող գումարը: Նախագծով առաջարկվում է վերանայել այդ չափերը: Այսպես, խոշոր չափ է համարվում մեկ հարկային տարվա ընթացքում 30 մլն դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում՝ 45 մլն դրամը գերազանցող գումարը: Առանձնապես խոշոր չափը կհամարվի մեկ հարկային տարվա ընթացքում 50 մլն դրամը, իսկ իրար հաջորդող երկու տարիների ընթացքում՝ 75 մլն դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը:

«Այս փոփոխության արդյունքում ապաքրեականացման մեծ հիմքեր են ստեղծվում»,- նշել է ՊԵԿ նախագահը եւ հավելել, որ հարկ վճարողի համաձայնությամբ 500-ից 600 գործ կապաքրեականացվի, իսկ նախաձեռնված չլինելու դեպքում էլ քրեական գործեր չեն նախաձեռնվի:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող մեկ այլ փոփոխությունը վերաբերում է արգելադրման կիրառմանը: Առաջարկվել է նոր մոտեցում՝ բանկային երաշխիքն արգելադրման համար նույպես կարող է դիտարկվել:

Զեկուցողը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Առաջարկվել է այն ներառել առաջիկա ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930