Հեղինակավոր նվագախմբերի կողմից սպասված ու ցանկալի երաժիշտներ՝ դիրիժոր Ստանիսլավ Կոչանովսկու և ջութակահար Սերգեյ Կռիլովի բարձրակարգ արվեստը ծանոթ է հայ հանդիսատեսին․ նրանք քանիցս հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) ընկերակցությամբ։
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում ֆիլհարմոնիկի հետ մաեստրո Կոչանովսկու և ջութակահար Կռիլովի մեկնաբանությամբ հնչեցրած Դեբյուսիի «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը» և Սեն-Սանսի «Ինտրոդուկցիա և Ռոնդո կապրիչոզո» սիրված երկերը, ինչպես նախորդ անգամները, հանդիսատեսն ընդունեց բրավոներով։ Եվ քանի որ Aravot.am-ը տարիներ առաջ հարցազրույց է վարել այս երաժիշտների հետ, այս անգամ ներկայացնում ենք արվեստագետների ստեղծագործական գործունեության մյուս կողմը՝ վստահ լինելով, թե այն դեռևս հայտնի չէ մեր լայն հանդիսատեսին։ Իմիջիայլոց, այդ կարգավիճակով ևս նրանք տարիներ շարունակ հանդես են գալիս՝ ապահովելով մեծ լսարաններ։
Մեզ հետ զրույցում արևմտյան մամուլի որակմամբ՝ իր սերնդի ամենախորաթափանց և մեծաշնորհ դիրիժորներից Ստանիսլավ Կոչանովսկին նախ տեղեկացրեց, որ 2024–25 թթ. համերգաշրջանից հանդիսանում է Հանովերի NDR Radiophilharmonie-ի գլխավոր դիրիժորը, և առանց այն էլ գերխիտ իր գրաֆիկը (համերգներ, հյուրախաղեր) ընդլայնվել է նաև ձայնագրություններով, որոնք, ինչպես գիտենք, պարտադիր պայման են ցանկացած երկրի ռադիոյի ենթակայության տակ գործող կոլեկտիվների համար։
Կարդացեք նաև
Ի դեպ, դիրիժորը հավասարապես տիրապետում է սիմֆոնիկ և օպերային երկացանկին․ հանդես է եկել աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ և, ինչպես տեղեկանում ենք արևմտյան մամուլից, տարբեր թատրոններում ղեկավարել է ավելի քան 30 օպերա, այդ թվում՝ «Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին», «Իոլանտա», «Իշխան Իգոր», «Ռիգոլետտո», «Կախարդական սրինգ» և այլն։
Երաժշտաքննադատների գնահատմամբ էլ՝ մաեստրո Կոչանովսկու օպերային ստեղծագործությունների մեկնաբանությունները բխում են տեսլական ունեցող բեմադրիչների հետ սերտ համագործակցությունից և վոկալ նրբերանգների խորը ըմբռնումից։ Պարզեցինք, որ դիրիժորը, որը հեղինակավոր Verbier փառատոնի մշտական հյուրն է՝ իր հավաստմամբ 10 և ավելի տարիներ, փառատոնի շրջանակներում ղեկավարում է նաև օպերաների համերգային կատարումներ․ «Գիտեմ, որ մաեստրո Թոփչյանը օպերային արվեստի մեծ սիրահար է, ավելին՝ գիտակ, և ձեր ֆիլհարմոնիկ նվագախումբը նրա ղեկավարությամբ բազմիցս հանդես է եկել համաշխարհային օպերային գրականության նմուշների բարձրարվեստ կատարումներով ևս»։ Հետաքրքրությանը՝ մաեստրո Թոփչյանի կողմից առաջարկ չի՞ եղել Երևանում ղեկավարել նաև օպերա, դիրիժորը ժպտաց, ապա ընդամենն ասաց․ «Եկեք ժամանակից առաջ չընկնենք»։
Մեր հանդիսատեսին հայտնի ջութակահար Սերգեյ Կռիլովին էլ արևմտյան մամուլը բնորոշում է այսպես․ «Առինքնող երաժշտականություն, վառ քնարականություն, երաժշտական երանգների գրավչություն․ ահա այն հատկանիշները, որոնք ապահովում են Կռիլովի առաջատար տեղը ժամանակակից ամենահայտնի ջութակահարների և դիրիժորների շարքում»։ Այս երաժիշտն արդեն 18 տարի հանդիսանում է նաև Լիտվայի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորը՝ ապահովելով նվագախմբի ընդարձակ երկացանկը բարոկկոյից մինչև ժամանակակից երաժշտություն։
Նա տեղեկացրեց, որ միայն մարտ ամսին, որպես ջութակահար և դիրիժոր, հանդես է եկել 14 արտերկրյա համերգներով Տոկիոյում, Ավստրալիայում, Հարավային Կորեայում, Թուրքիայում և այլն, իսկ երևանյանին կհաջորդի Լիտվայի նվագախմբի բեմելը Լիոնում։ Հետաքրքրությանն ի պատասխան՝ Կռիլովն ասաց․ «Մեծ սիրով կղեկավարեմ Հայաստանի ֆիլհարմոնիկը։ Գուցե մաեստրո Թոփչյանը ինձ չգիտի որպես դիրիժորի, թե ինչերի՜ եմ ընդունակ…»։
Մնում է հուսալ, որ այս տաղանդավոր երաժիշտներին Երևանում երբևէ կհանդիպենք նաև մեզ դեռևս անծանոթ կարգավիճակով։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Ստանիսլավ Կոչանովսկին և Սերգեյ Կռիլովը երևանյան համերգի ժամանակ, Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Կռիլովը և Ստանիսլավ Կոչանովսկին։



















































