Լրահոս
Օրվա լրահոսը

Անաստաս Իսրայելյան. «Սրանց վերընտրվելն իրենց փրկությունն է, մերը չի։ Մեր համար նույն սպառնալիքները շարունակվելու են»

Ապրիլ 08,2026 16:28 Share

«Ուզում եմ այսօրվա իմ զրույցը ժողովրդի հետ սկսել Իրանից։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի հայ ժողովուրդ։ Դուք տեսաք, թե Իրանն իրեն ինչպես պահեց, Իրանի ժողովուրդը ոնց համախմբվեց ու հզոր պետությունների դեմ ինչպես իրեն դրսեւորեց՝ նվիրված իր ազգային սկզբունքներին, իր հայրենիքին, իր մայր հողին։ Ու ոչ մի շեղում մենք չնկատեցինք՝ հաշվի առնելով, որ մեծ պետություն է, իրենց մեջ տարաձայնություններ էլ կան։ Եթե այդ երկրին, ազգին վտանգ է սպառնում, ժողովուրդը կարողացավ կարճ ժամանակում համախմբվել ու այդ կարճ ժամանակահատվածում էլ հակահարված տալ թշնամուն։ Իսրայելն ու Ամերիկան էլ Իրանի պատմական թշնամիներն են։

Սա ասում եմ, որովհետեւ նմանատիպ իրավիճակում մենք ենք եղել։ Արցախը եղել է մշտական պատերազմի կարգավիճակում, միշտ սպառնալիք եղել է մեր պատմական թշնամու կողմից։ Ու այդ ընթացքում սրանք իշխանության գալով չորս պատերազմ բերեցին մեր ազգի գլխին։ Իրենց կառավարման ժամանակ այդ չորս պատերազմի ընթացքում իրենք իրենց արձանագրեցին որպես պարտվածներ, փախածներ, թռածներ։ Դրա համար է մեր ազգը պարտություն կրել։ Ղեկավարից է ամեն ինչ կախված։ Ինչպես ղեկավարում են, այդպիսի արդյունքներ էլ ստանում են։ Սրանց ղեկավարման ժամանակահատվածում ինչ արդյունքներ ստացել ենք, եղել է ողբերգություն։ Ամենն սկսվեց նրանից, որ այդ մարդը ամեն ինչ մի կողմ դրեց եւ սկսեց ինքնագլուխ, իր ասած «զրո կետից» շարժվել»,- ասաց «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը «Հայելի» ակումբում։

«Հայ ժողովրդի հազարամյա պատմությունը զրո կետից սկսելու կարիք չունի։ Մենք կարիք ունենք մեր իրավունքները պաշտպանելու, այս տարածաշրջանում մեր դերակատարությունը իրականացնելու, մեր հազարամյա պատմություն ունեցող հողը պահպանելու, ամրապնդելու։ Բայց եղավ հակառակը։ Ժողովուրդը չի պարտվել, ինքն է իրեն պարտված ղեկավար ընդունել։ Ու պարտված ղեկավարը քարոզչություն տանելով ժողովրդին գցել է շփոթմունքի մեջ, ուզում է պառակտել, որպեսզի մի ձեւով այդ իրավիճակից դուրս գա։ Այդ ընթացքում հայ ժողովուրդը թուլացավ, Արցախ կորցրեցինք, այդքան զոհեր տվեցինք։ Ու հիմա այնպիսի պահվածք են ցույց տալիս, ասես մենք ենք մեղավոր, այլ ոչ թե իրենք, ասես, դավաճանը ժողովուրդն է, ոչ թե ղեկավարը։ Ու այսպես եկել-հասել են ընտրություններին»,-ասաց Անաստաս Իսրայելյանը։ «Եկել, հասել եք այս օրը։ Հանրությունը պետք է հասկանա, թե ում, ինչ ղեկավար է ընտրում եւ ինչի համար։ Սրանց վերընտրվելն իրենց փրկությունն է, մերը չի։ Մեր համար նույն սպառնալիքները շարունակվելու են։ Սրանք ամեն քայլի գնում են, որպեսզի վերընտրվեն, ոչ թե երկիրը զարգացնելու, ձեր մասին մտածելու, այլ իրենց փրկության մասին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930