Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ, դեսպան պարոն Պիեռ-Իվ Ֆուքսը, որը Երևանում էր գտնվում Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման նպատակով, ապրիլի 8-ին ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան տիկին Անդրեա Բարբարա Բաումանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին ողջունեց և այցի ընթացքում ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի վերջում Պարոն Պիեռ-Իվ Ֆուքսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


















































