Aravot.am-ի տեղեկություններով, 2025թ վերջին կայացած գիտխորհրդի ընդլայնված նիստին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ դիմել էր իրավապահներին՝ բուհում յուրացումների հետ կապված, եւ նույնիսկ գործեր կան հարուցված: Aravot.am-ը Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի հետ կապված՝ դիմել է իրավապահներին: Նա պատասխանեց, որ այդ թեմայով որեւէ մեկնաբանություն տալուց ձեռնպահ կմնա եւ հորդորեց դիմել համապատասխան մարմիններին:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեից, քանի որ տիկին Գալոյանը, ըստ մեր աղբյուրի, երկու գործերով որպես վկա է անցել: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեզ փոխանցեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող որեւէ վարույթով նշված անձը մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի: Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին:
Aravot.am-ը կապվեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի հետ: Ի պատասխան մեր հարցի՝ տիկին Գալոյանն ասաց, որ թեմայի վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի ու քանի որ այլեւս Տնտեսագիտական համալսարանում չի աշխատում, ընդհանրապես ոչինչ չգիտի այդ բուհի հետ կապված: Նա նշեց, որ Տնտեսագիտականում այլեւս չի դասավանդում. «Հիմա պրոյեկտներով եմ զբաղված, ինքս եմ դուրս եկել»: Հարցրինք՝ արդյոք պատճառն այն է, որ ամբիոնը լուծարվել է, պատասխանեց, որ ինքը չի ցանկացել աշխատել:
Դիանա Գալոյանից տեղեկացանք, որ մայրը՝ Զոյա Թադեւոսյանը եւս չի աշխատում բուհում՝ տարիքի պատճառով: Վերջինիս անունը մի քանի տարի առաջ սկանդալի կենտրոնում էր՝ արցախցիների հանդեպ ատելություն սերմանելու համար: Զոյա Թադեւոսյանը Փաշինյանին անվանել էր եզակի տղամարդ, որը նրա ձեւակերպմամբ «ղարաբաղցի-ալբանացիների երախից պոկել է մեր երկիրը»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Դիանա Գալոյանին, նա ռեկտորի պաշտոնից հրաժարական էր տվել 2024թ մարտին: Գալոյանի անունը մի քանի սկանդալի համատեքստում էր քննարկվում ՝ սկսած նրա դոկտորական ատենախոսությունից՝ վերջացրած ԱՄՆ-ում եղած մի ամոթալի դրվագով:
Aravot.am-ը Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանից մեկ այլ հարց էլ ուղղեց՝ արդոք խախտում չկա, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ընտրվել է բուհի խորհրդի նախագահ: «Ոչ, որեւէ խախտում այդտեղ չկա»,-հավաստիացրեց Տնտեսագիտականի ռեկտորը: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության համաձայն Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































