«Փաստինֆո». «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմում է ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով «Էներգետիկայի մասին» օրենքի 52․1-ին հոդվածի 3-րդ մասի՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու վերաբերյալ դրույթի սահմանադրականության հարցը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն ինքնաբացարկ է հայտնել սույն գործով՝ նշելով, որ իր մասնակցությունը քննությանն անհնարին է, քանի որ կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Աշխատակարգային այս որոշումը կայացվել է ապրիլի 3-ին։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն ավելի վաղ խորհրդարանական ընդդիմության դիմումի հիման վրա քննարկել էր «ՀԷՑ»-ը խլելու մասին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ որոշում էր կայացրել՝ վիճարկվող դրույթները ճանաչելով Սահմանադրությանը համապատասխան։ Այդ գործով խորհրդարանական ընդդիմությունը պնդում էր, որ ՀԾԿՀ-ն ստացել է լիազորություն՝ ուղղակիորեն դադարեցնելու լիցենզիան՝ առանց դատարան դիﬔլու, ինչը խախտում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված՝ դատական կարգով սեփականությունից զրկելու պահանջը։ Մասնավորապես, Դիմողի համոզմամբ՝ առանց լիցենզիայի տնտեսվարող սուբյեկտը, ձևական առումով պահպանելով իր գույքը, ընդհանրապես չի կարող այն օգտագործել իր ֆունկցիոնալ նպատակին համապատասխան, ուստի՝ տվյալ պարագայում գույքի օգտագործման իրավազորության վերացումը հավասարազոր է սեփականությունից զրկելուն: Դիմողը պնդում է, որ էներգետիկայի ոլորտում գործող ընկերությունների լիցենզիաները ևս պետք է դիտարկվեն որպես սեփականության իրավունքի օբյեկտ, իսկ քանի որ լիցենզիայից զրկումը հանդիսանում է սեփականությունից զրկում, ապա Հանձնաժողովին առանց դատարան դիﬔլու լիցենզիայի գործողությունը դադարեցնելու լիազորության ընձեռումը հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասին, և բացի դրանից, Հանձնաժողովի կողﬕց լիցենզիայի դադարեցման դեպքում չկա արդյունավետ դատական վերահսկողության կառուցակարգ։ Բացի այդ, պատգամավորները նկատել են, որ էներգետիկայի ոլորտի տնտեսվարողի բաժնեմասերի և ակտիվերի նկատմամբ Կառավարության ընդհանուր նախապատվության իրավունքի դրույթն անհամատեղելի է Սահմանադրության հետ, քանի որ անհամաչափ միջամտություն է տնտեսական գործնեության ազատությանը և սեփականության իրավունքին: Այդուհանդերձ, ՍԴ-ն որոշել է, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը։
Այժմ ևս մեկ դիմում է ներկայացվել ՍԴ՝ ՀԷՑ ՓԲԸ կողմից, որով վիճարկվում է «Էներգետիկայի մասին» օրենքի 52․1-ին հոդվածի 3-րդ մասի՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Դեռևս հայտնի չէ՝ դիմումը վարույթ ընդունվել է, թե ոչ:
Կարդացեք նաև
Իզաբել Սահակյան


















































