2021 թվականի օգոստոսի 19-ի գիշերը Կոռնիձորի դիրքում երեք զինծառայողի սպանության գործով դատական նիստում այսօր քննվեց գործով մեղադրյալ Սամվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ պաշտպանի ներկայացրած միջնորդությունը։
Հանրային մեղադրողն ու տուժողների ներկայացուցիչները առարկեցին՝ հիմնավորելով, որ Սամվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման հիմքեր չկան։ Հանրային մեղադրողն էլ հիմնավորեց, որ առկա են մեղադրյալի փախուստի հիմքեր։
Երբ մեղադրյալի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը փորձեց իր դիրքորոշումն արտահայտել իր միջնորդության վերաբերյալ առարկություններին, դատարանը թույլ չտվեց, ասաց՝ դատավարական նման կարգ չկա։ Սկսվեց լեզվակռիվ պաշտպանի ու նիստը նախագահողի միջև։
«Կներկայացնեք այն ժամանակ, երբ դատարանը թույլատրի։ Դատավարությամբ սահմանված չէ առարկությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ 3-րդ անգամ եմ ասում արդեն․ շնորհակալություն, նստեք»,- ասաց նիստը նախագահողը։
Կարդացեք նաև
«Ի գիտություն՝ եվրոպական դատարանը փաստում է իրավունքի խախտումը»,- շարունակեց Գրիգորյանի պաշտպանը, սակայն դատարանը նրան կրկին ընդհատեց ու հրապարակեց իր որոշումը։ Դատարանը բավարարեց Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը՝ Սամվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը փոփոխելու վերաբերյալ, կիրառեց համակցված խափանման միջոց՝ տնային կալանք 3 ամսով, բացակայելու արգելք ու 2 միլիոն դրամի գրավ։
Որոշման հրապարակումից հետո դատարանը հետաձգեց նիստը՝ նշանակելով մայիսի 18-ին, 15:30-ին։
Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվում է մահացածների համածառայակից Ա․Հ․-ն։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն)։ Այս գործով մեղադրանք է առաջադրված նաև դիրքի ավագին՝ Սամվել Գրիգորյանին՝ «ապօրինաբար, դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու համար»։ Ավելի վաղ նա մեղադրվում էր նաև ծառայակցի (սպանության մեջ մեղադրվողի) նկատմամբ «սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու» մեջ։ Սպանության համար մեղադրվող զինծառայողը, ըստ վարույթ իրականացնող մարմնի, պատմել է, թե երեք համածառայակցին սպանել է դիրքի ավագի կողմից սեռական բռնության ենթարկվելուց հետո։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































