«Այն դաշինքները, որոնք ձևավորվել են, բավականին արդյունավետ ձևաչափ են այս իշխանության վերարտադրությունը կասեցնելու համար»,- «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Լրագրողի հարցը վերաբերում էր ընդդիմության միավորմանը՝ ընտրություններից առաջ և մեկ քաղաքական միավորով հանդես գալուն։ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ դեռ ժամանակ կա, քննարկումներ ընթանում են, բոլոր հարցերի վերջնական պատասխանները կլինեն առաջիկայում։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև «GALLUP International Association»-ի վերջին հարցումներից, ըստ որոնց՝ «Հայաստան» դաշինքը բավական ցածր տոկոսներ ունի։ Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց՝ 2021 թվականին և դրանից հետո էլ այդ ընկերության կանխատեսումները սխալ են եղել․ «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ վերջին ամիսների ընթացքում մենք պարբերաբար իրականացնում ենք հարցումներ, իսկ վերջին հարցումն ունեցել ենք 10 օր առաջ, որոնք իրականացնում ենք մեր աշխատանքները պլանավորելու համար։ Այն, ինչ հրապարակել է GALLUP-ը, դրանց հետ բացարձակ կապ չունի, դրանք խեղաթյուրված արդյունքներ են»։
Ի դեպ, բանախոսի պնդմամբ, ոչ իրական պատկեր է նաև ներկայացված այլ ուժերի մասով, այդ թվում՝ նաև իշխող ՔՊ-ի։ ՀՅԴ-ի իրականացրած հարցումների համաձայն, միասնական ընդդիմության վարկանիշը կրկնակի ավել է, քան ՔՊ-ինը։
Կարդացեք նաև
«Տեսնելով իշխանության գլխին գտնվող անձի նոպաները, վերջին երկու օրվա մեջ արդեն առավոտ-իրիկվա ուղերձները, հասկանում ենք, որ այս մարդն արդեն կորցնում է իր կառավարումը, քաղաքականությունը, ինչպես նախորդ տարիներին էր, հիմա էլ ծայրահեղ կերպով ուզում է վերածի խուժան մի փողոցային գործընթացի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով ընտրական գործընթացների մասին հարցին։ Նա նաև հավելեց՝ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը և պահվածքը խոսում է այսօրվա վախերի մասին, և այդ «ջղաձգումների, հիստերիաների ժամանակ» ապօրինի հրահանգներ է տալու ուժային կառույցներին, ԿԸՀ-ին, խոչընդոտելու է ընդդիմությանը և նախընտրական հանձնաժողովների աշխատանքը, ինչի դեմ միասնական ճակատով պայքար է պետք։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































