ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Խորհրդարանը երեկ, ինչպես գիտեք, Ընտրական օրենսգրքի երկու հոդվածներում փոփոխություն արեց։
Չնայած փոփոխություններից մեկը ավելի շատ հանրային ուշադրության արժանավցավ, բայց մյուս փոփոխությունը, իմ կարծիքով, ավելի կարևոր է և էական ազդեցություն է ունենալու առաջիկա ընտրությունների որակի վրա։
Ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների համար կարևոր նախապայման է գաղտնիությունը և ընտրողների անանունությունը։
Ինչպես գիտեք, Հայաստանում ձևավորված արատավոր ավանդույթներ ու մեխանիզմներ կան վերահսկելու ընտրողների քվեարկությունը՝ տարատեսակ կարուսելներից սկսած, գունավոր գրիչներից վերջացրած։
Կարդացեք նաև
2017 թվականից ի, վեր ըստ ընտրակարգի, թեկնածուները ոչ թե մեկ քվեաթերթիկի վրա են թվարկված, այլ ամեն թեկնածուի համար ընտրողն ունի առանձին քվեաթերթիկ։ Սա բացառում է գրիչի, այսինքն՝ տարբերակիչ նշանի առկայությունը քվեաթերթիկի վրա։
Ընտրական օրենսգիրքը սահմանում է նաև, որ անվավեր է ցանկացած քվեաթերթիկ, որի վրա վրա կա գրիչով նշում։ Ինչո՞ւ է սա կարևոր․ քանի որ սա նույնպես կարող է դառնալ ընտրության վերահսկման միջոց։ Օրինակ, ուղղորդողը և քվեարկողները պայմանավորվել են, որ իրենց քվեաթերթիկի հետևի կողմի աջ անկյունում X նշանը կդնեն։
Այսպես, եթե հարկադրողը/կաշառողը/ուղղորդողը պայմանավորվել է 100 ընտրողի հետ, ապա նրա վստահված անձը պետք է տեղամասում հաշվի առնվազն 100 քվեաթերթիկ։ Գործը ավելի կհեշտանար, եթե պայմանավորվածությունը լիներ հերթական համարի շուրջ, ասենք՝ 59։
Այսպիսի վերահսկողությունը բացառելու համար ցանկացած գրիչով նշում ունեցող քվեաթերթիկը ինքնըստինքյան անվավեր է համարվում։
Սակայն այս ընտրակարգով առաջին իսկ` 2017-ի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ այստեղ կա սողանցք։
2017-ի քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ որոշ ընտրատեղամասերում (և դա կա արձանագրված դիտորդական զեկույցներում) կանոնավոր կերպով աչքի են ընկել դեպքեր, երբ քվեաթերթիկի հետ նույն ծրարում եղել են քվեաթերթիկից բացի այլ իրեր, օրինակ՝ գունավոր թղթեր որոշ նշումներով։
Այն ժամանակ ԿԸՀ-ն սա չի համարել բավարար բոլոր այդպիսի քվեաթերթիկները անվավեր ճանաչելու համար։
2021-ին խորհրդարանի ընդունած ԸՕ մի կարգավորմամբ այն քվեաթերթիկները, որոնց ծրարում կհայտնաբերվեր մեկ այլ առարկա, նույնպես անվավեր պետք է համարվեին։ Սակայն նույն 2024-ի փոփոխություններից հետո այս կարգավորումը նույնպես «անհետացել էր»։
Ինքնին հասկանալի է, որ այսպիսի նախընտրական մթնոլորտում, գրեթե ամենօրյա ռեժիմով ընտրակաշառքների բացահայտման պայմաններում, նույնիսկ ֆեյսբուքյան մեկնաբաությունները համարակալված գրելու պրակտիկայի առկայությամբ ու արդեն իսկ այսպիսի փորձ ունենալով գրեթե անհնար կլիներ բացառել այսպիսի ուղղորդման դեպքերը, երբ ընտրողներին կհարկադրեին ունենալ հերթական համարներ և դրանք որևէ կտրոնի վրա գրված թողնել ծրարի մեջ։
Չկա որևէ տրամաբանական հիմնավորում, թե ինչու ընտրություններից առաջ, եթե կուզեք, նույնիսկ մեկ օր առաջ չի կարելի փակել քվեարկության վերահսկման սողանցքները։
Սիրելի՛ ընտրողներ, այս պահի դրությամբ օրենսդրորեն սահմանափակված են բոլոր հնարավոր սողանցքները, որոնցով կարող են ձեզ վերահսկել։ Քվեարկության ուղղորդման հնարավորր դեպքերի ժամանակ անմիջապես ահազանգեք։
Թո՛ւյլ մի տվեք ձեզ դարձնել հանցակից։
Հիշե՛ք, որ պայմանավորված քվեարկությունը բացահայտվելու դեպքում ձեզ կարող է սպառնալ մինչև 7 տարվա ազատազրկում»։


















































